Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու առաջարկով խորհրդարանի 107 պատգամավորներին նամակներ հասցեագրած Էդգար Ղազարյանը երեկ տեղեկացրեց, որ ՔՊ-ական պատգամավորներից միայն երկուսն են իր նամակին պատասխանել՝ Վահագն Ալեքսանյանն ու Թագուհի Ղազարյանը։
Նա երկար-բարակ փորձել է հակադարձել, որ իմպիչմենտի հիմք չկա, եւ կառավարության հնգամյա ծրագիրն էլ ամբողջությամբ կատարվում է: Հիշեցնենք, որ պատգամավորներին հասցեագրված նամակում որպես իմպիչմենտի հիմնավորում էր նշվել հենց այն հանգամանքը, որ բազում դրվագներով չի կատարվել ծրագիրը։ «Ուշադրությամբ ընթերցեցի Ձեր նամակը եւ առաջարկը՝ ուղղված ինձ՝ որպես Հայաստանի Հանրապետության 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի։ Ի պատասխան Ձեր առաջարկների՝ հարկ եմ համարում նշել հետեւյալը․․․»։ Նման նախաբանով է պատասխանել Ղազարյանը՝ նշելով․ «2021 թվականի օգոստոսի 26-ին ես իմ քվեարկությամբ հաստատել եմ կառավարության հնգամյա ծրագիրը։ Ծրագրի իրականացման ընթացքը պատշաճ կերպով վերահսկվում է ծրագրի կատարողականների եւ բյուջեի քննարկումների ժամանակ, որոնք տեղի են ունենում հրապարակային եւ հասանելի են բոլոր քաղաքացիների համար։ Հնգամյա ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար կառավարությունը դեռեւս ունի 1 տարուց ավելի ժամանակ, սակայն նույնիսկ այս պահին վստահությամբ կարող եմ պնդել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության շահերից, կառավարության ծրագրից եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Հայաստանի Հանրապետության մասին ունեցած պատկերացումներից բխող գործունեություն։ ՀՀ գործող կառավարությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ով գլխավորել է ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակը, վայելում է ՀՀ քաղաքացիների մեծամասնության վստահությունը, ստացել է 688 761 քաղաքացիների վստահության քվեն, եւ ընդամենը 1 տարի հետո քաղաքացիները հնարավորություն կունենան քաղաքական գնահատականի արժանացնել գործող կառավարության, խորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցության գործունեությունը։ Ամբողջությամբ հասկանում եմ, որ այլ քաղաքական ուժերի քվեարկած եւ սատարող քաղաքացիների կարծիքները չեն համընկնում քաղաքացիների մեծամասնության կարծիքին, սակայն դա բավարար հիմնավոր պատճառ չեմ համարում՝ քաղաքացիների մեծամասնության կարծիքն անտեսելու համար։ Որպես քաղաքական մեծամասնությունը ներկայացնող պատգամավոր, հարկ եմ համարում հավելել նաեւ, որ կառավարությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իր բոլոր գործողություններն իրականացնում է՝ համաձայնեցնելով դրանք խմբակցության պատգամավորների հետ, համապատասխանեցնելով խմբակցության պատգամավորների դիրքորոշումներին, ըստ անհրաժեշտության՝ փոփոխություններ կատարելով։ Ուստի ես՝ ՀՀ 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Թագուհի Արարատի Ղազարյանս, ամբողջությամբ եւ անվերապահորեն կիսում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշումների եւ կատարած գործողությունների ողջ քաղաքական պատասխանատվությունը, այդ բոլոր որոշումներն ու գործողությունները հավասարապես համարում եմ իմը, վստահ եմ, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է Հայաստանի շահերից բխող բարդ եւ պատասխանատու քաղաքականություն, եւ այդ ճանապարհին ամբողջությամբ աջակցում եմ կառավարության իմ գործընկերներին։ Կարծում եմ, որ Հայաստանում իշխանափոխության կամ մեր՝ իշխանության մնալու հարցը պետք է որոշի Հայաստանի ժողովուրդը՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Հետեւաբար, անընդունելի եմ համարում անվստահության գործընթաց սկսելու Ձեր առաջարկը եւ մերժում եմ այն»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: