Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի քաղաքականության էությունն այն է, որ նա ոչինչ չի կարողանում ստանալ որեւէ կողմից. Միքայել Նահապետյան. «Հրապարակ»

Մայիս 13,2025 11:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուսաստանի հետ տարաձայնությունների ֆոնին մայիսի 9-ին Մոսկվա էր մեկնել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թեեւ նախորդ տարի Հայաստանի վարչապետը չէր մասնակցել այդ միջոցառումներին՝ նշելով, որ ամեն տարի շքերթին մասնակցելը տարօրինակ է, սակայն այս տարի մեկնեց Մոսկվա՝ պատճառաբանելով, որ նման առիթները բաց թողնելը ճիշտ չէ։ Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի հետ:

– Մայիսի 9-ին Փաշինյանը մեկնել էր Մոսկվա` մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին, թեպետ Հայաստանը Մոսկվա զորախումբ չէր ուղարկել: Միայն Փաշինյանն էր ներկա միջոցառմանը եւ պատերազմի մի քանի վետերան: Այնուամենայնիվ, կարծես, նա Մոսկվայում այնքան էլ սպասված հյուր չէր, տոնական ընթրիքին չհրավիրեցին, կամ չմասնակցեց, միջոցառմանը միշտ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողքին էր, որի հետ Փաշինյանն անձնական խնդիրներ ունի: Ձեր տպավորությամբ` ո՞րն էր այս այցի մեսիջը: Ի՞նչ հետեւություններ կարող ենք անել այցից:

– Այցն ինքնին Փաշինյանի աշխարհաքաղաքական անտաղանդ փահլեւանության արդյունքում տեղի ունեցավ, ինչը նա շատ հաճախ համարում է «բալանսավորված քաղաքականություն»: Ինքնին վատ չէ բոլոր բեւեռների հետ որոշակի հարաբերություններ ունենալը, դեռ մի բան էլ լավ է, երբ բոլոր կողմերի հետ որոշակի հարաբերություններ ես պահպանում, ասեմ ավելին` դա միակ ելքն է Հայաստանի նման աշխարհագրություն եւ տրամաչափեր ունեցող պետության համար, բայց այստեղ խնդիրը հետեւյալն է. բոլոր տեսակի հարաբերությունները կողմերի հետ պետք է այնպիսին լինեն, որ դրա արդյունքում հնարավորինս կողմերի հետ ամուր հարաբերություններ ստեղծես, այլ ոչ թե բոլորի հետ հարաբերությունները հնարավորինս վատացնես եւ փակուղի մտցնես: Փաշինյանի քաղաքականության էությունն այն է, որ նա ոչինչ չի կարողանում ստանալ որեւէ կողմից: Իր վարած քաղաքականությունն այն մասին է, որ առաջ Հայաստանին ոչինչ չէր տալիս Արեւմուտքը, իսկ այժմ, թեպետ Հայաստանը հասել է բալանսավորման, սակայն արդյունքում արդեն Ռուսաստանն էլ մեզ ոչինչ չի տալիս, արդյունքում` մեզ այլեւս ոչ ոք ոչինչ չի տալիս…. սա աղետաբեր քաղաքականություն է, արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության իմաստի նենգափոխում է: Ինչ վերաբերում է այդ այցին, մարդը պարզապես մի միջավայրում էր հայտնվել, որտեղ ոչ մեկի հետ չուներ այնպիսի հարաբերություններ, որպեսզի իր հետ երկար-բարակ զրույցներ ունենային: Գոնե ցուցադրական մակարդակում Փաշինյանն ու Պուտինը պետք է դիստանցիա պահեին, ինչը ստացվեց: Լուկաշենկոյի հետ էլ կա տղամարդկային խնդիր: Ղազախստանի եւ Չինաստանի ղեկավարների հետ էլ Փաշինյանի վարած քաղաքականությունն անհամատեղելի են: Չի կարող նրանց միջեւ լինել մտերմություն: Այլ իրականության մեջ Հայաստանի վարչապետը կգտներ ձեւը՝ շփվելու մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի հետ ռազմավարական դաշինք ստորագրած Չինաստանի ղեկավարի հետ, երկար զրույց կունենար նրա հետ, բայց, ինչ արած, մեզ էլ Նիկոլը բաժին հասավ, ի՞նչ կարող ենք անել…. նա անգամ ձանձրանում էր Մոսկվայում, ես դա կապում եմ մի բանի հետ` Փաշինյանին հետաքրքրող միակ ղեկավարը չէր գնացել Մոսկվա, այդ էր պատճառը, որ նա չափազանց տխուր էր:

– Այսինքն` Փաշինյանը հստակ ադրբեջանաթուրքական ուղղվածություն ունի, այնպես չէ, որ չի կողմնորոշվում` որ կողմ շարժվել:

– Այս պահին Փաշինյանը Թուրքիայի մեջ փնտրում է այն, ինչ հայ քաղաքական միտքը երկար տարիներ ՌԴ-ի մեջ է փնտրել: Փաշինյանը մի մտքի է հանգել, որ ոչ թե կոնցեպցիան էր սխալ նախկինում, այլ` հովանավորը: «Ներքաղաքական դաբրոները», ռեալ արտաքին քաղաքական աջակցությունները, որոնք տարիներ շարունակ Հայաստանից փնտրել են Մոսկվայում` բոլորատեսակ նվաստացումների գնով, այժմ Նիկոլ Փաշինյանն ասում է` ամեն ինչ ճիշտ էր, հովանավորն էր սխալ, ոչ թե Մոսկվա, այլ Անկարա պետք է գնալ: Բայց ես վստահ եմ, որ նման բան տեղի չի ունենալու երբեք: Նա աշխարհի վրա չարացած, նվաստացած մարդ է, հատուկ ռոմանտիզմ ոչ մեկի հանդեպ չունի, պարզապես նա այն մտքին է, որ ամեն գնով պետք է պահել իշխանությունը: Թուրքիայի վարած ռազմաքաղաքական նախաձեռնությունների շրջանակներում է Փաշինյանն էտապներով եկել այս մտքին: Նա աշխարհին նայում է թուրքական կողմից: Ինչ վերաբերում է Մոսկվա գնալուն, ապա 2026 թվականի ընտրությունների հանդեպ Փաշինյանը եւս մտահոգ է, նա չի ցանկանում ՌԴ-ի հետ հարաբերությունները խզել այդ պատճառով: Ընտրություններին ընդառաջ, մոսկովյան շրջանակների հետ տարբեր շրջանակներ ունենում են շփումներ, այս առումով Նիկոլ Փաշինյանը եւս բացառություն չէ:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031