Այսօր կոնյակ արտահանող մի շարք ընկերությունների ղեկավարներ իրենց աշխատակիցներով բողոքի ցույց են անցկացնում Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց:
Ցուցարարները դժգոհում են, որ արդեն մեկ ամիս է՝ ինչ մեքենաները Վրաստանի սահմանին են կանգնած առանց պատճառի:
«Մեքենաները կանգնեցրել են, իբրեւ թե զննելու: Տեղեկացված չենք եղել՝ դրան ինչ է հաջորդելու, ինչով է դա պայմանավորված: Մտածում էինք՝ զննում է իրականացվելու, որին համաձայն ենք, եթե հանդիսանում են տարանցիկ երկիր: Եթե ցանկանում են զննել, խնդրեմ թող բացեն, զննեն, բայց մեքենան պահեն ու արդեն լաբորատոր զննում անցկացնեն՝ դա իրատեսական չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պռոշյանի կոնյակի գործարանի արտահանման մասնագետ Գայանե Պողոսյանը:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ Վրաստանի սահմանապահների այս գործողությունները սկսել են ապրիլի 18-ից, իրենք այսօր պահանջում են ոչ միայն Վրաստանի հետ հանդիպում, այլեւ հարցին լուծում:
Գայանե Պողոսյանի խոսքով՝ իրենց հասած տեղեկություններով, վրացի սահմանապահները ոչ բոլոր արտահանող ընկերությունների մեքենաներն են պահում սահմանին. կան հեշտ ու հանգիստ սահման անցնողներ. «Եթե կա անցնելու տարբերակ, ինչո՞ւ մենք տեղյակ չենք»:
Շահնազարյան գինու-կոնյակ ՍՊԸ սեփականատեր Հայկ Շահնազարյանն էլ ասաց, որ ՀՀ իշխանությունները տեղյակ են խնդրին, իրենք դիմել են էկոնոմիկայի նախարարին, ինչին ի պատասխան՝ իրենց վստահեցրել են, որ այդ հարցով զբաղվում են. «Բայց արդեն մոտ մեկ ամիս է՝ մեր առաջին մեքենան կանգնած է Վրաստանում, ոչ մի լուծում չկա: Այս պահին Վրաստանում 5 մեքենա ունենք կանգնած: Նման դեպք երբեւէ չի եղել, ուղղակի անհասկանալի է՝ ինչպես կարելի է տարանցիկ բեռը մաքսային պլոմբաները պոկել նմուշառում անել ու պահել մեկ ամիս: Չենք կարողանում հասկանալ, միայն մեկ դեպքում է հնարավոր նման գործողություններ, եթե ունեն հստակ տեղեկատվություն, որ մաքսանենգություն է»:
Շահնազարյանի խոսքով, ֆինանսական կորուստը դեռ չեն կարող հաշվել, բայց կարող են ասել, որ ամեն մեքենային 100 դոլար են օրական վճարում: Նրա խոսքով, բեռը եթե չի հասնում հասցեատիրոջը, որոշ ժամանակ անց, պատվիրատուն կարող է հրաժարվել համագործակցությունից, իրենց փոխարինել մեկ այլ գործընկերոջ հետ. «Այդ ժամանակ մեր կորուստներն ահռելի կլինեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Ազատություն» ռ/կ-ի