Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետի դեպքում նման պոռթկումները կարող են լինել հազարից մեկ, բայց ձեր նշած պերսոնաժի դեպքում դա նորմա էր»․ Արման Եղոյանը՝ Նիկոլ Փաշինյանի և «Շմայսի» համեմատության մասին

Մայիս 13,2025 14:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Դուք հիմա ռեալիթի շոու եք կազմակերպո՞ւմ»,- լրագրողների հարցին՝ ստացե՞լ եք քաղաքացի Էդգար Ղազարյանի նամակը Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի վերաբերյալ և ինչպե՞ս եք արձագանքելու դրան, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Ասաց, որ նամակը ստացել է, բայց չի արձագանքել, հետո էլ՝ դիմելով լրագրողներին, նշեց․ «Տարիներ շարունակ քաղաքացիներն ինձ նամակներ են գրում, որի՞ մասին եք հարցնում։ Ձեզ թվում է՝ մյուս քաղաքացիներն ավելի անկարևոր հարցեր են բարձրացնո՞ւմ։ Պարզապես այդ հարցը ձեր օրակարգում է»։

Լրագրողների դիտարկմանը՝ երբ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը նման նախաձեռնությամբ էր հանդես գալիս՝ չունենալով խորհրդարանական մեծամասնություն, շոու էր անո՞ւմ, Արման Եղոյանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանը շոու չէր անում, որովհետև շոուն ոչ թե գործողության ֆիզիկական, տեխնիկական կողմն է, այլ քաղաքական համատեքստը»։

Հետո էլ դիմելով լրագրողներին՝ սկսեց քննադատել նրանց հնչեցված հարցի կապակցությամբ․ «Ինձ շատ մտահոգում է, որ մամուլի ազատությամբ աշխարհում 34-րդ տեղը զբաղեցնող պետությունում իմ դիմաց հիմա յոթ լրագրող է կանգնած և յոթի մոտ նույն հարցն է։ Նորմալ իրավիճակում սովորական ազատ լրատվամիջոցներով երկրում ամեն լրագրողի մտքում մի հարց բնականորեն կարող էր ծագել։ Հնարավոր չէ, որ յոթ լրագրողի մտքում առավոտյան նույն հարցը ծագի»։

Լրագրողները փաստեցին՝ սահմանում կրակոցները շարունակվում են, Խնածախում քաղաքացիական տուն է վնասվել,  իսկ Բաքվից կրկին առաջ են քաշում Սահմանադրությունը փոխելու մասին պահանջներ և հարցրին՝ այս իրավիճակում ի՞նչ սպասելիքներ ունի, Արման Եղոյանն արձագանքեց․ «Ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդն ամուր նյարդեր ունի և չի տրվի ադրբեջանական սադրանքներին, որովհետև այդ կրակոցները նաև նպատակ են հետապնդում խաթարել հանրության անդորրը։ Հույս ունեմ, որ նաև դուք չեք նպաստի հանրային անդորրի խաթարմանը՝ խուճապ տարածելով»։

Այնուհետև սկսեց թիրախավորել լրատվամիջոցներին, թե գրում եք՝ «օյ, գյուղը դատարկվում է․․»։

Լրագրողների դիտարկմանը, եթե բնակիչներն անհանգստություն են հայտնում, դա չլուսաբանե՞ն, պատգամավորն այսպես արձագանքեց․ «Նայած՝ ով է ասում։ Բնակիչներից ամեն մեկն իր տեղը թող խոսի։ Ինքը խոսել է գյուղի տեղը»։ Լրագրողները հակադարձեցին՝ ՀՀ հպարտ քաղաքացի չէ՞, ձեր ուժը, Նիկոլ Փաշինյանը չի՞ խոսում հպարտ քաղաքացիների անունից, Արման Եղոյանը պատասխանեց․ «Մենք ունենք դրա իրավունքը։ 680 հազարի ընտրող, ընտրողների մեծամասնությունը մեզ ձայն է տվել»։ Լրագրողներն ուղղեցին՝ ընտրությանը մասնակցածների մեծամասնությունը։ Ի պատասխան Արման Եղոյանը, դիմելով լրագրողներին, ասաց․ «Հետո էլ ասում եք՝ ինչ կրթվելը նորաձև է․․․․ կրթված վերջացած եք բոլորդ»։

Խոսակցությունը ծավալվեց, հասավ նրան, որ երբ լրագրողներն ասացին, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր եղած ժամանակ էլ էր Նիկոլ Փաշինյանը խոսում քաղաքացիների անունից, Արման Եղոյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյան լրագրողը հանրապետությունում ամենամեծ վաճառք, տպաքանակ ունեցող թերթի խմբագիրն է եղել։ Դուք Նիկոլ Փաշինյանի հետ դրանով կարո՞ղ եք համեմատվել, օրինակ՝ դուք կարո՞ղ եք գրել մեկ խմբագրական և դա օրական հինգ հազար հոգու հարյուր դրամով վաճառել»։

Լրագրողներն օրինակ բերեցին՝ որ ասում եք ամեն բնակչի ասածը եթեր մի տվեք, իսկ որ մի բնակիչ ասում է՝ «Նիկոլ Փաշինյանի քաչալը պաչեմ», պե՞տք է դա հեռարձակել, թե՞ ոչ։ Արման Եղոյանը պատասխանեց․ «Քանի որ դա որևէ տեղեկատվություն, փաստական տվյալ չի պարունակում, քաղաքացու վերաբերմունքն է Նիկոլ Փաշինյանի հանդեպ, ըստ նախասիրության՝ կարող եք տալ։ Այդտեղ ճիշտ ու սխալ չկա»։

Հետո ասաց, թե ինքը որոշել էր «թարգել նախկին-ներկա նարատիվը» ու նշեց․ «Ինքս մտածել էի, որ նախկին-ներկա նարատիվը պետք է թարգել, բայց Գյումրու ընտրություններից հետո պարզվեց, որ եթե ներկա չէ, ուրեմն նախկին է․ դա մտածելու տեղ է տալիս»։

Լրագրողները հետաքրքրվեցինք՝ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը, երբ խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորին «համբալ» է անվանում, հարված չէ՞ ՀՀ վարկանիշին, դա հիշեցնում է նախկին պատգամավոր «Շմայսի» պահվածքը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն այսպես արձագանքեց․ «Խորհրդարանի դահլիճում տեղի ունեցածը սադրվեց ընդդիմադիր պատգամավորների կողմից, տեղի ունեցավ որոշակի վեճ, լեզվակռիվ, որի մեջ մեղր չեն բաժանում, բայց կհամաձայնեք, որ դա ամենևին նորմա չէ։ Բայց ձեր նշած նախորդ պերսոնաժի դեպքում դա նորմա էր․ ցանկացած անհասկանալի իրավիճակում մարդը վիրավորում էր, հաճախ հարվածում, հայհոյում էր։ Վարչապետի դեպքում նման պոռթկումները՝ էն էլ վեճի ժամանակ կարող են լինել հազարից մեկ անգամ։ Նման վեճեր աշխարհի տարբեր խորհրդարաններում լինում են»։

Լրագրողները հարցրին՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներից ներողություն չի՞ խնդրելու, Արման Եղոյանը պատասխանեց՝ քաղաքացիներից ինչու՞ ներողություն խնդրի․ կոնկրետ մարդկանց է դիմում։ Լրագրողներն էլ հարցրին՝ կոնկրետ մարդկանցից ներողություն չի՞ խնդրելու, պատգամավորը պատասխանեց․ «Դժվար թե, որովհետև դա՝ հասկանում եք։ Իսկ այդ կոնկրետ մարդիկ իրենց ասածների համար ներողություն խնդրո՞ւմ են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031