Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կառավարությունն ի վիճակի լիներ, մինչեւ հիմա կլուծեր այս խնդիրը». Հայկ Շահնազարյան

Մայիս 13,2025 16:00

«Շահնազարյան գինու-կոնյակի տուն» ՍՊԸ սեփականատեր Հայկ Շահնազարյանն այսօր Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ հանդիպումից հետո դուրս եկավ տպավորությամբ, որ դեսպանը նոր է տեղեկացել խնդրի մասին ու նոր է հարցում ուղարկել Վրաստան:

«Խոստացավ, որ մոտակա ժամանակներում կստանա պատասխան ու կփոխանցի մեզ»,-լրագրողներին ասաց Հայկ Շահնազարյանը:

Հարցին, թե դեսպանին ասե՞լ եք՝ սահմանին նմուշառումն ապօրինի է, Շահնազարյանը պատասխանեց. «Այո՛, բայց ինքն ասաց, որ իրավունք ունեին բացել մեքենաները ու նմուշառում անել, ուղարկել փորձաքննության: Թե ինչ ընթացակարգով, ասաց` չի կարող ասել: Չենք ստացել իրավական հիմնավորում: Բայց բեռը բացվել է, նմուշառումն արվել է ու դրա մասին ոչ մի փաստաթուղթ, ակտ չունենք: Մենք սպասում ենք, սպասելու ենք մոտակա երկու-երեք օրը: Հետո նորից կգանք»:

ՀՀ կառավարությունից ի՞նչ են պահանջել՝ հարցին, Շահնազարյանն ասաց՝ չեն պահանջել, խնդրել են իրենց հարցին լուծում տան: Ըստ նրա ՝ Էկոնոմիկայի նախարարությունից ասել են՝ զբաղվում ենք:

Լրագրողի դիտարկմանը, թե տպավորություն է չեն զբաղվում, Շահնազարյանն ասաց՝ դե եթե մինչեւ հիմա ո՛չ լուծում կա, ո՛չ բացատրություն…

Հարցին՝ ի վիճա՞կի է ՀՀ կառավարությունն այս հարցը լուծել, գործարարը պատասխանեց. «Եթե ի վիճակի լիներ, մինչեւ հիմա կլուծեր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. «Հիմա ակտիվ աշխատանքի մեջ ենք, տարբեր սցենարներ, իրավիճակներ ենք քննարկում Վրաստանի գործընկերների հետ, և, իհարկե, գործարար համայնքը ևս իր մեթոդներով, կապերով նույն քննարկումների մեջ է», -այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե լուծման ինչ փուլում է ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ ալկոհոլային խմիչքներ արտահանող տնտեսվարողների խնդիրը։

«Առաջիկայում չեմ բացառում, որ ես այցելեմ Վրաստան, և տեղում ևս մեկ անգամ քննարկենք հարցը, որովհետև ի տարբերություն մյուս ապրանքների, որոնց դեպքում մենք հաջողությամբ հարցը լուծել ենք (տեքստիլի մասին արդեն ասացի, ալյումինի մասին, ծաղիկի մասին), այո՛, կոնյակի, սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ: Այո՛, խնդիրը կա, ու կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են»,- ասել է նախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031