«Առավոտը» մեկ-երկու անգամ անդրադարձել է Art and You արվեստի ստուդիայի գործունեությանը, որտեղ հաճախում են, ինչպես տնօրեն Լուսինե Բարխուդարյանն է հաճախ հավաստիացնում` սկսած 4 տարեկանից մինչև անվերջություն, արվեստի տարբեր ոլորտներում առաջին քայլերն անող երեխաներ, պատանիներ, տարբեր մասնագիտությունների տեր, պարզապես մշակութասերներ:
Ընդամենը 4-ամյա գործունեություն ծավալած ստուդիայի առօրյայից բերենք ընդամենը հետևյալ օրինակները, կամ հիշեցնենք դրանք, որոնց ժամանակին անդրադարձել ենք: 2022 թվականն էր, երբ ներկա գտնվեցինք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) մանուկներին ուղղված հերթական համերգներից մեկին, որի ընթացքում ստուդիայի երեխաները, որոնք նախապես ներկայացել էին նկարչական պարագաներով, ունկնդրելով դասական երաժշտություն, թղթին էին հանձնում իրենց պատկերացումները:
Կամ, անցյալ տարի ստուդիայում վարպետաց դասեր էր անցկացնում Սանկտ Պետերբուրգից ժամանած մեր հայրենակից, գեղանկարիչ Շանթ Պողոսյանը և այլն:
Կարդացեք նաև
Վերջերս էլ մեզ հասավ լուր, ըստ որի՝ ստուդիայի սաները ոչ ավել ոչ պակաս նկարում են ջրի վրա ու հասցրել են արդեն հանդես գալ այդ «ջրային» աշխատանքներով: Մեզ հետ զրույցում ստուդիայի տնօրեն Լուսինե Բարխուդարյանը հաստատելով ասվածը, նախ կեսկատակ կեսլուրջ նշեց, թե երբեմն պարզապես պետք է մի կաթիլ ջուր ու մի բուռ գույն, որ երեխայի ներսում արթնանա մեծագույն երազանքը։
Հետո էլ մանրամասնեց. «Մեր արվեստի ստուդիան, շուրջ մեկ ամիս առաջ, հենց այդ մաքուր պահերից մեկն էր փնտրում, երբ նախաձեռնում էր «ջրի վրա նկարչության» ծրագիրը Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզներում։ Ծրագրի առաջին կանգառը թիվ 164 մանկապարտեզն էր, որտեղ տնօրեն Հասմիկ Սարգսյանը բացառիկ հոգատարությամբ և պատասխանատվությամբ ընդառաջեց նախաձեռնությանը։ Ձեռնարկման հաջող ընթացքն ապահովվեց նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի և աշխատակազմի ներկայացուցիչ Անժելա Պետրոսյանի աջակցությամբ, որոնց կարևորումը կրթական արվեստի հանդեպ դարձրեց ծրագիրը կայուն և տարածելի։ Դասընթացներն իրականացվեցին գեղարվեստական ուսուցման մասնագետների՝ Աննա Ավագյանի և Քրիստինե Վարդանյանի կողմից»։
Մեր զրուցակցին խնդրեցինք, եթե հնարավոր է իհարկե, պատկերավոր նկարագրել ջրի վրա պատկերներ ստեղծող երեխաների էմոցիաները: «Երբ երեխան ջրի վրա թողնում է գույնն ու տեսնում, թե ինչպես է այն հոսում, բացվում, արձագանքում շարժումին՝ նա մի պահ հասկանում է, որ աշխարհը կարող է շարժվել իր ներսից դուրս։ Այդ պահին ծնվում է վստահությունը», -հայտնեց տիկին Բարխուդարյանը:
Հավաստիացրեց, թե պատմությունը, որ կներկայացնի մինչ օրս հուզում է ողջ թիմին: «Մեր սաներից մեկը՝ փոքրիկ Մարիան մի օր ասաց, թե երազում է լինել Փարիզում։ Հորդորեցինք նրան նկարել իր երազանքը, կարճ ասած Էյֆելյան աշտարակը հայտնվեց թղթի վրա՝ գունեղ, բայց պարզ գծերով… Իսկ ընդամենը մեկ տարի անց ստացանք լուսանկարներ՝ Մարիան Փարիզում էր։ Հիմա էլ երազում է սովորել այնտեղ», -հայտնեց տնօրենը:
Հավելեց, որ երբ երեխան իրեն թույլ է տալիս երազել, պատկերացնել, մեծերն ուղղակի պետք է չխանգարեն նրան:
Ասաց նաև, թե իրենց ծրագիրը դրանով չի ավարտվում։ Խնդրեցինք ներկայացնել առաջիկա միջոցառումը, մանավանդ մոտենում է հունիսի 1-ը` Երեխաների պաշտպանության միջազգային օրը: «Հունիսի 1-ին Art and You ստուդիան մասնակցելու է Լիլիթ Ադամյանի նախաձեռնած «Երազ այգու» մեծ մանկական միջոցառմանը։ Իսկ 3-ին ստուդիայի հաշվետու ցուցահանդեսն է, որը կազմակերպվում է թանգարանի հետ համագործակցությամբ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված։ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի սրահներում կցուցադրվեն տարվա ընթացքում ստեղծված աշխատանքները՝ ջրի վրա նկարչությունից մինչև դասական տեխնիկաներ, որոնք արտացոլում են մանկական երևակայությունը, զգայական հուզումները և ազատ ստեղծագործելու խիզախությունը։
Բարձրաձայնեմ, որ ցուցահանդեսները Art and You-ի մշակույթի հիմքն են։ Դրանք երեխայի համար դառնում են առաջին իրական ներկայությունը արվեստի աշխարհում։ Այդ օրը գույները կխոսեն, և պատերը կլռեն՝ լսելու համար նրանց պատմածը։ Երբ աշխատանքդ կախված է թանգարանի պատին, դու մեկ վայրկյանով դադարում ես լինել պարզապես երեխա։ Դու դառնում ես ստեղծող։ Եվ հենց այստեղ՝ գույնի, ջրի, հավատքի ու լսելու համատեղ տարածքում են ծնվում առաջին իսկական երազանքները» ,- խոսքն ավարտեց Լուսինե Բարխուդարյանը:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ