Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեղանկարչությունը կարծես հոբբի է դարձել, մինչդեռ ուսումը ոչ թե ցանկալի է, այլ պարտադիր»

Դեկտեմբեր 25,2023 12:30

Հարցազրույց ռուսաստանաբնակ գեղանկարիչ Շանթ Պողոսյանի հետ

– Շանթ, հայրենիք ձեր այցի մասին տեղեկացել ենք Art & You արվեստի սրահի տնօրեն Լուսինե Բարխուդարյանից։ Այդ սրահում կազմակերպված էր հանդիպում ձեզ հետ՝ «Ժամանակակից եւ ավանդական արվեստի կոնֆլիկտը» թեմայով։ Իհարկե, տնօրենը մեզ տեղեկացրեց նաեւ, որ դուք դեռեւս ուսանում ենք Սանկտ Պետերբուրգի Րեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում, բայց տարկետում եք վերցրել հայրենիքում ավելի երկար մնալու կամ գործունեություն ծավալելու նպատակով։ Եվ քանի որ սա ձեր առաջին գործնական այցն է Երեւան, այն կարելի է ճանաչողական համարել ոլորտի մասնագետների եւ արվեստասերների համար։ Հետեւաբար կխնդրեինք հակիրճ ներկայացնել ձեր ծրագրերը։

– Եթե կհետաքրքրի՝ ասեմ, որ ծնունդով Աստրախանից եմ, մեծացել եմ ավանդապաշտ հայկական ընտանիքում, ավարտել եմ տեղի գեղարվեստի քոլեջը եւ մեկնել Սանկտ Պետերբուրգ։ Առաջին անգամ հայրենիք եմ եկել 18 տարեկանում, որից հետո ինձ համար ավանդույթ դարձավ ամեն տարի հայրենիք այցելելը։ Այս տարի եկել եմ 2003-ից գործող «Դեպի Հայք» ծրագրով, որը հիանալի նախաձեռնություն է եւ ոչ միայն ճանաչողական բնույթ ունի, այլեւ ուսուցողական։ Օրինակ, ինձ նմանները, որ ծանոթ չեն նույնիսկ մեսրոպյան տառերին,  կարճ ժամանակահատվածում գրել- կարդալ են սովորում։ Մեկ ամիս տեւողությամբ այցից հետո պետք է վերադառնայի՝ ուսումս եւ միաժամանակ մանկավարժական գործունեությունս շարունակելու ստուդիայում, որը նախապատրաստում է երիտասարդներին գեղարվեստի քոլեջ կամ բուհ ընդունվելու համար, բայց սեպտեմբերի 19-ին եղավ այն, ինչ եղավ…

Ծրագրի շնորհիվ հնարավորություն ունեցա շուրջ մեկ ամիս դասավանդել Երեւանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում։ Իհարկե, մինչ այդ լսել էի մեր տաղանդավոր պատանիների մասին, բայց նրանց հետ շփումից հետո համոզվեցի, որ ոչ միայն նորարարական մտքեր ունեն, այլեւ չափազանց խիզախ են դրանք իրականացնելու գործում։ Այդ ընթացքում մասնակցել եմ «Շտապիր բարու մոտ» կազմակերպության կամավորականների խմբի աշխատանքներին։ Հետո մեկնեցի Սանկտ Պետերբուրգ, ձեւակերպեցի տարկետում ու վերադարձա։ Ծանոթացա հիանալի անձնավորություններ, իսկապես արվեստի նվիրյալներ Լուսինե Բարխուդարյանի եւ ռեժիսոր, կինովավերագրող Միքայել Շահնազարովի հետ։ Շնորհակալ եմ Լուսինեին, ով իր ղեկավարած ստուդիայում կազմակերպեց ըստ էության իմ առաջին «պաշտոնական» հանդիպումը արվեստագետների ու արվեստասերների հետ, որից հետո սկսել եմ դասավանդել ստուդիայում, միաժամանակ դասեր եմ տալիս «Միքայել Շահնազարով արտ-լաբորատորիայում»։

– Ասացիք, որ ավանդապաշտ ընտանիքում եք մեծացել, բայց համակարծիք կլինեք, որ երեխայի ձեւավորման գործում մեծ դեր ունի նաեւ շրջապատը։

– Իհարկե, հայրս, մայրս ջանում էին ինձ ծանոթացնել հայոց պատմությանը, մշակույթին, բայց, իրավացի եք՝ մեծ դեր է խաղում շրջապատը։ Դա էլ կախված է տարիքից՝ մանկական հետաքրքրություններից մինչեւ պատանեկան։ Մի օրինակ բերեմ. մեր տանը մշտապես հնչել է հայկական երաժշտություն, բայց տարիներ անց ընկերս՝ Ասլան Այդինյանը, ում հետ սովորում էի գեղարվեստի քոլեջում, մի օր ուշադրությունս հրավիրեց Արթուր Մեսչյանի «Տարօրինակ մարդ արարած» երգին։ Կային բառեր, որ չէի հասկանում, Ասլանն էր օգնում։ Հետո լսեցի 1991թ. Մեսչյանի հարցազրույցը եւ ամաչեցի։ Մինչ օրս հիշում եմ նրա արտահայտած մտքերը, որ հայրենասիրությունը օդից չի գալիս… Անհրաժեշտ է իմանալ Նարեկացի, Կոմիտաս… Շիրազ…

– Ձեր թույլտվությամբ գանք ստուդիայում կայացած «Ժամանակակից եւ ավանդական արվեստի կոնֆլիկտը» թեմայով զեկույցին։

– Դա ավելի շատ երկխոսություն էր գործընկերներիս եւ ներկաների հետ։

– Հասկանալի է, որ թեման ընդարձակ է, նաեւ վիճահարույց, բայց կխնդրեինք, եթե հնարավոր է, հակիրճ ներկայացնել ձեր տեսակետը։

– Բնականաբար, ներկայացրի այդ երկու արվեստների միջեւ եղած տարբերությունը։ Դժվար է, բայց փորձեմ հնարավորինս հակիրճ փոխանցել։ Աշխարհում տարածված կարծիք կա՝ նոր ժամանակներում պարտադիր չէ ունենալ ակադեմիական կրթություն, գեղանկարչությունը կարծես հոբբի է դարձել, մինչդեռ ուսումը ոչ թե ցանկալի է, այլ պարտադիր…

Լուսանկարներում՝ Շանթ Պողոսյանի աշխատանքներից։

– Կներեք ընդհատելու համար, վերջին շրջանում մենք էլ մասնագետներից շատ ենք լսել, որ անհրաժեշտ է վերանայել, փոխել ուսուցման ձեւերը։

– Տեսեք՝ առաջին գեղարվեստի ակադեմիան 16-րդ դարի վերջին- 17-րդ դարի սկզբին հիմնել են Կարրաչչի եղբայրները, իսկ մինչ այդ դասատուները սովորեցնում էին նկարել այնպես, ինչպես իրենք էին նկարում։ Եղբայրների ակադեմիայում ուսուցման մեթոդը հետեւյալն էր եւ այն գործում է մինչ օրս. սովորեցնում էին նկարել այնպես, ինչպես մեծերը՝ Ռաֆայել, Ռեմբրանտդ, Րեպին, Սուրենյանց… Եվ մերօրյա ուսուցման մեթոդը, որը կարելի է ներկայացնել «նկարիր ինչպես կարող ես»։ Ի՞նչ է ստացվում։ Պատկերացնո՞ւմ եք, նույնն է, թե ջութակը տաս մեկին ու ասես նվագիր ինչպես կարող ես։ Կարճ ասած՝ նպատակս է հայ երիտասարդներին փոխանցել այն, ինչ ուսանել եմ Ռուսաստանում։ Մտադիր եմ ակադեմիայում ուսումս ավարտելուց հետո ընդմիշտ վերադառնալ, ապրել ու ստեղծագործել հայրենիքում։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Գլխավոր լուսանկարում՝ Շանթ Պողոսյանի դիմանկարը (հեղինակ՝ Լիա Նագաեւա)։

«Առավոտ» օրաթերթ
23.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031