Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Կառավարությունում տեղի է ունեցել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ»-ին նվիրված փոստային բացիկի մարման արարողությանը. Viva-ն մրցանակի գլխավոր գործընկերն է 15 տարի անընդմեջ

Մայիս 13,2025 18:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված մեկ նամականիշով փոստային բացիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել ՀՀ Կառավարությունում:

Նամականիշը և հատուկ ծրարը մարել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 15-րդ դափնեկիրը՝ ճապոնացի գիտնական, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարան, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն ու Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Մինչ մարման արարողությունը, Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին և ուրախությամբ արձանագրել հերթական անգամ Հայաստանի Հանրապետությունում տեխնոլոգիական ոլորտի ևս մի հսկայի պատվելու հանգամանքը: «Ես վստահ եմ, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում այս մրցանակն ստացել է այս ոլորտի օսկարի անվանում: Եվ մենք վստահ ենք, որ այն մարդիկ, ովքեր ստանում են այս մրցանակը, նախ Հայաստանի Հանրապետության կողմից գնահատվում է նրանց ներդրումը, բացի այդ, այդ մարդիկ կապվում են Հայաստանի հետ: Եվ շատ մեծ հույս ունենք, որ դրանով նաև իրենց ավանդն են բերում այս ոլորտի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում: Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել պարոն Հագիվարային այս պատվի համար՝ Հայաստանի Հանրապետություն այցելելու և մրցանակն ընդունելու: Ես յուրաքանչյուր նման արարողության ժամանակ չեմ հոգնի ասել, որ նման պատվի Հայաստանի Հանրապետությունում քչերն են արժանանում, այն էլ՝ կենդանության օրոք: Ես ուզում եմ իմ ուրախությունը հայտնել, որ Հայաստանի խորհրդանիշերից մեկի և ցանկացած պետության քիչ խորհրդանիշերից մեկի՝ նամականիշի և ծրարի վրա տեղ է գտնում այսպիսի հարգարժան հյուրի անունը»,- ասել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը` ևս մեկ անգամ ողջունել Յոշիակի Դեյմոն Հագիվարային Հայաստանում և վստահություն հայտնել, որ այստեղ անցկացրած օրերը դեռ երկար կհիշվեն նրա կողմից:

400 ՀՀ դրամ անվանական արժեքով փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է մրցանակակրին տրվող ոսկե մեդալը, իսկ փոստային բացիկի վրա պատկերված է 2022 թվականին Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական մրցանակին արժանացած Adobe ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը, 2023 թվականի մրցանակակիր՝ «Ինֆոսիս» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին և 2024 թվականի մրցանակակիր՝ ճապոնացի գիտնական, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարան:

Հատուկ ծրարի վրա պատկերված է 2024 թվականին Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 15-րդ դափնեկիրը՝ ճապոնացի գիտնական, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարան և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված երկու նամականիշով գեղաթերթիկը:

«Այսօր մենք հպարտությամբ մասնակցում ենք «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական ​​մրցանակ»-ին նվիրված նամականիշի մարման արարողությանը։ Այս միջոցառումը ընդգծում է ապագան ձևավորող նվաճումները։ 15 տարի շարունակ Viva-ն աջակցել է այս նախաձեռնությանը, քանի որ հավատում է, որ տեխնոլոգիաները բարելավում են կյանքը։ Մենք ջերմորեն ողջունում ենք պարոն Հագիվարային Հայաստանում և վստահ ենք, որ նրա պատմությունը կոգեշնչի մեր երիտասարդներին։ Երիտասարդ սերունդն ունի հսկայական ներուժ, նորարար է, էներգիայով լի և պատրաստ մարտահրավերների։ Տեխնոլոգիան ոչ միայն գործիք է, այլև հնարավորություն՝ ստեղծելու, կապվելու և ավելի լավ ապագա կառուցելու։ Թող այս նամականիշը լինի առաջընթացի, համագործակցության և կայուն աճի խորհրդանիշ։ Միասին մենք կձևավորենք տեխնոլոգիական ապագա, որտեղ Հայաստանը կլինի համաշխարհային նորարարական տնտեսության աճի շարժիչներից մեկը», – իր ելույթում նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031