Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի բժշկի կալանավորման թեման՝ Ազգային ժողովում․ Արսեն Թորոսյանը պարզաբանում պահանջեց

Մայիս 13,2025 19:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր ԱԺ  առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, Ազգային ժողովում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Նահապետյանից, որն ԱԺ-ում ներկայացնում էր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2024 թվականի գործունեությունը, հետարքրքվեց, թե ինչո՞ւ է  անընդմեջ որպես խափանման միջոց ընտրվում կալանքը։

Ըստ Արսեն Թորոսյանի՝ դա վերածվել է միջդատական պատժի գործիքի կամ նախաքննության ժամանակ ցանկալի ցուցմունքներ կորզելու միջոցի։

Նա խոսեց թարմ օրինակով՝ մեջբերելով իր կոլեգաներից մեկի կալանավորման օրինակը․ անուններ չհնչեցրեց, սակայն ակնհայտ էր, որ խոսում էր Գյումրի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արմեն Նասիբյանի մասին։

«Մի քանի օր առաջ ձերբակալվել է մի բժիշկ, որը, ըստ մամուլի հրապարակումների, մեղադրվում է ապօրինի վարձատրություն ստանալու մեջ։ Ես հիմա կարդում եմ Քրեական օրենսգրքի այդ հոդվածը, որի մեջ սանկցիան սկսվում է տուգանքից, այսինքն՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով։

Եվ էլի, ըստ մամուլի, բժիշկը վերցրել է 270 հազար դրամ՝ աղիք կարելու գործիքի համար, որը չի մտնում պետական պատվերի գումարի մեջ։ Իր հանցանքն, ըստ էության, կամ ՀԴՄ չտպելն է, որովհետև գումարը վերցրել է կամ հիվանդանոցը ՀԴՄ չի տպել, կամ այդ գումարը պացիենտը պարզապես վճարեր վաճառող կազմակեպությանը և բերեր տար բժշկին, որ վիրահատության ժամանակ տեղադրվեր։

Հիմա դուք ընտրել եք կալանք, բժիշկը կալանավորվել է երկու ամսով, հիմա չեմ ուզում դատարանի որոշումը դնել կասկածի տակ, ինձ հետաքրքիր է՝ ինչո՞ւ եք դուք հայցել կալանք այս դեպքում, որովհետև միշտ կարելի է ասել՝ մենք հայցել ենք, դատարանն էլ արժանահավատ է գտել և տվել է էդ կալանքը։ Բայց ինձ հետաքրիքր է՝ ինչո՞ւ է քննիչն այս դեպքում, երբ պոտենցիալ դատարանը կարող է դատապարտել այս մարդուն, օրինակ՝ տասնապատիկ կալանքի, հայցել կալանք և այդ մարդը հիմա կալանքի տակ է»,-հարցրեց Արսեն Թորոսյանը։

Արթուր Նահապետյանը պատասխանեց, որ չի ցանկանում այս դեպքին խորությամբ անդրադառնալ, որովհետև նախաքննություն է ընթանում, միայն նշեց, որ ունեն հանցանքի մասին հաղորդում ներկայացրած անձ, որը հայտնել է՝ բժշկի կողմից իրենից պահանջվել է ապօրինի վարձատրություն վիրահատության դիմաց։

Մնացած մասով, ըստ Արթուր Նահապետյանի, քննություն է կատարվում, նախքաննության շրջանակներում Արսեն Թորոսյանի մատնանշած վարկածը ևս քննության առարկա կդառանա ու հանրությանը կիրազեկեն նաև նախաքննության արդյունքների վերաբերյալ։

« Ինչ վերաբերում է խափանման միջոցին, ապա խափանման միջոց կիրառելիս՝  նախաքննական մարմինը չի կարող առաջնորդվել միայն տվյալ հոդվածի սանկցիայով, խափանման միջոց կիրառելիս կամ միջնորդություն ներկայացնելիս՝ նախքննական մարմինը գնահատում է այդ պահին տվյալ վարույթին խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները։

Եթե նախաքննական մարմինը գտնում է, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, հնարավոր է խոչընդոտի քրեական վարույթին, այդ թվում նաև վկաների վրա ազդեցություն ունենալով, այդ թվում գործի նյութերը թաքցնելով կամ ոչնչացնելով՝ ապա նախաքննական մարմինը կալանքի միջնորդություն է ներկայացնում դատարան։ Ձեր կողմից նշված դեպքով միջնոդությունը ներկայացվել է հենց խոչընդոտելու հավանականությունը հաշվի առնելով, և դատարանն ամբողջությամբ բավարարել է այդ միջնորդությունը», -պարզաբանեց Արթուր Նահապետյանը։

Արսեն Թորոսյանին չբավարարեց նրա պատասխանը, նա հակադարձեց, թե տարբեր գործիքներ կան Քրեադատավարական օրենսդրության մեջ, օրինակ՝ փաստաթղթերի բռնագրավում, պաշտոնավարման կասեցում, տնային կալանք, որը ևս հասկանալի միջոց չէ։

Արսեն Թորոսյանը նշեց, որ հաշվի են առնում նաև քննությունից խուսափելու փորձ եղե՞լ է, թե՞ չի եղել, կրկնակի հանցագործության փորձեր եղե՞լ են, թե՞ ոչ։ Նա  ասաց՝ այդ ազդեցությունը ինչպե՞ս է գնահատվում, որ հստակ կարող է ազդել գործի ընթացքի վրա, այդ մարդն ունի՞ քրեական անցյալ՝ ռեցիդիվի՞ստ է, որ քննիչը գնացել է այդ քայլին։

«Երբ մենք նայում ենք վիճակագրությանը, այս դեպքը օրինակ բերեցի, ստացվում է, որ մենք ունենք ավելի շատ կալանավորված մարդ, քան դատապարտված, իսկ սա խոսում է այն մասին, որո կալանքներն անհամաչափ են օգտագործվում ու չարաշահվում է այդ ինստիտուտը»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք, որ բաժանմունքի վարիչին ձերբակալել էին  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննվող քրեական վարույթի շրջանակներում՝ պարզաբանելով, որ նա ձերբակալվել է ապօրինի վարձատրություն ստանալուց անմիջապես հետո իրականացված քննչական գործողության ընթացքում։

Նրա համար որպես խափանման միջոց ընտրել էին երկամսյա կալանքը, որը, սակայն քննարկումների թեմա էր դարձել այն պատճառով, որ նա պրոֆեսիոնալ վիրաբույժ է,  որի կարիքը իրոք շատ մեծ է Գյումրիում և չարժե պահել անազատության մեջ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031