«Այս հարցին ես ինքս անդրադարձել եմ՝ խոսելով ատելության խոսքի բոլոր տեսակների մասին՝ նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ։ Համարում եմ, որ կա ատելության խոսք, բայց այդ ատելության խոսքը ոչ միայն այս խմբի նկատմամբ է, այլև բոլոր խմբերի նկատմամբ»,-«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի դիտարկմանը՝ վերջին շրջանում հաճախ է խոսվում, որ կա համակարգված ատելության խոսք՝ ընդդեմ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների, և հարցին՝ արդյոք ձեր ուսումնասիրությունների արդյունքում նման համակարգված մոտեցում տեսե՞լ եք, խորհրդարանում այսպես պատասխանեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանը։
Նրա դիտարկմամբ՝ կան խոսքի տեսակներ, որոնք մեր հանրությունը չի պատկերացնում, որ ատելության խոսքի դրսևորումներ են կամ էթնիկ պատկանելության հիմքով ատելության խոսք։ Անդրադառնալով արցախցիների նկատմամբ ատելության խոսքի՝ համակարգված լինելու-չլինելու մասին հարցին՝ ՄԻՊ-ն ասաց․ «Համակարգված լինելու մասով տեղեկատվություն ներկայացնել չեմ կարող, առնվազն պետք է համակարգման տարբերակները գտնել։ Այն, որ կա այդ խոսքը, սրա մասին միանշանակ խոսում եմ և այն, որ պետք է դրա դեմ պայքարել, վստահաբար ասում եմ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ