Ի՞նչ ծագումնաբանություն ունեն գերմաներեն «Bildung» եւ ռուսերեն «образование» բառերը
Հնարավոր չէ, որ մարդը Ազգային ժողովի դահլիճում իրեն պահի խուլիգանի պես, իսկ այնուհետեւ գնա ինչ-որ մի այլ դահլիճ եւ քարոզի, թե որքան կարեւոր է կրթվելը: Այդ դեպքում պարզ չէ, թե ինչի համար է պետք կրթվել: Եթե խոսքը միայն գիտելիքներ ձեռք բերելու մասին է, ապա վաղը կամ մյուս օրը արհեստական բանականությունն այնպիսի գիտելիքների ծավալ կունենա, որի մասին ոչ մեկս երազել չի կարող: Գուցե կասեք, որ կրթված մարդը պրոֆեսիոնալ է. եւ դա, իհարկե, ճիշտ է: Բայց ի՞նչ է ներառում ուսուցչի, բժշկի, արհեստավորի, գիտնականի, դաշնակահարի պրոֆեսիոնալիզմը: Ինձ թվում է՝ ամենակարեւոր բաղադրիչներից է մարդկանց հետ շփվելու, նրանց ծառայելու կարողությունը, որովհետեւ այն, ինչ անում է այդ պրոֆեսիոնալը, նա անում է մարդկանց համար, հանուն մարդկանց:
«Կրթություն» հայերեն բառը բարդ եւ միանշանակ չմեկնաբանվող ստուգաբանություն ունի: Այդ պատճառով՝ որպես օրինակ վերցնենք գերմաներեն Bildung եւ ռուսերեն образование բառերը: (Հայտնի է, որ առնվազն 18-րդ դարից Ռուսաստանը կրթության եւ գիտության առումով շատ հարցերում փոխառում էր գերմանական մոդելը): Երկու բառերի հիմքում Bild, образ, այսինքն՝ «կերպար», «պատկեր» բառն է:
Որտեղի՞ց է այդ բառը գալիս: Ակնհայտ է, որ Աստվածաշնչից: «Մարդ ստեղծենք Մեր կերպարանքով եւ նմանությամբ» (Ծննդ. 1:26): Գերմանացի վանականները, հոգեւորականները (ըստ որոշ տեղեկությունների՝ առաջինն այդ բառն օգտագործել է Միջնադարի խոշորագույն միստիկ փիլիսոփա Մայսթեր Էքհարտը) հենց դա նկատի ունեին, երբ կրթության անունը Bildung էին դրել: Ընդ որում՝ դրա տակ հասկացվում էր ոչ թե ինչ-որ առարկաներից ինչ-որ գնահատականներ ստանալը. կրթվողը, կատարելագործվողը կա՛մ համարվում էր իր գործի վարպետը, կա՛մ չէր համարվում: Այդ գործընթացը Միջնադարում կարող էր շատ երկար տեւել՝ Գրիգոր Տաթեւացին, օրինակ, Հովհան Որոտնեցու մոտ «բարձրագույն» (մեր եզրաբանությամբ) կրթություն էր ստանում մոտ 10 տարի:
Կարդացեք նաև
«Աստծո կերպարանքով եւ նմանությամբ» արտահայտությունն, իմ կարծիքով, ընդգրկում է երեք ոլորտ՝ մտավոր, բարոյական եւ սոցիալական: Այսինքն՝ Աստված, ստեղծելով աշխարհը (այդ թվում՝ կենդանական), վերջում հատուկ «շեշտադրում» է արել մարդու վրա, որը տարբերվում է Իր նախորդ ստեղծածից մտավոր ունակություններով, բարոյական սկզբունքներով եւ նմանների շրջապատում ապրելու առանձնահատկություններով:
Արդյոք մենք օգտագործո՞ւմ ենք մեր այդ առավելությունները եւ, եթե այո, արդյոք օգտագործո՞ւմ ենք՝ բարիք բերելով: Իհարկե՝ ոչ միշտ: Իսկ ի՞նչ է պետք դա ճիշտ օգտագործելու համար: Պատասխանը միանշանակ է՝ պետք է կրթվել: Այլ կերպ ասած, ձգտել նմանվել «բնօրինակին»՝ Նրան, ով մեզ ստեղծել է իր կերպարանքով: Հասկանալով, իհարկե, որ մենք Նրանից շատ հեռու ենք:
Երբ մեզ առաջարկվում է ինչ-որ հմտություններ ձեռք բերել՝ առանց մտավոր, բարոյական եւ սոցիալական հիմքի, դա նշանակում է, որ մենք, լավագույն դեպքում, կնմանվենք ChatGPT-ին, ըստ որում՝ հիշողության շատ ավելի փոքր տարողականությամբ: Դա բացարձակապես անիմաստ զբաղմունք է, ժամանակի եւ ջանքերի կորուստ:
…Իմ պատկերացմամբ, կրթված մարդը մի կողմից, եւ, մյուս կողմից՝ կիրթ, քաղաքակիրթ անձնավորությունը նույն երեույթներն են: Երբ մարդն ապրում է իր գյադայական, լակոտական աշխարհում, նրան հնարավոր չէ «կրթված» համարել: Նույնիսկ այն դեպքում, եթե նրա գլխում կան որոշակի քանակի տեղեկություններ՝ այս կամ այն ոլորտի մասին: Իսկ երբ նման անկիրթ անձնավորությունները որոշակի պաշտոններ են զբաղեցնում, նրանք հասարակություն են կերտում իրե՛նց կերպարանքով եւ նմանությամբ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.05.2025