Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

Մայիսի 9-ին՝ Պուտինի կողքին

Մայիս 14,2025 12:00

Փաշինյանը ընտրել է Մոսկվայի հետ հարաբերությունները չսրելու տարբերակը

«Մենք հրապարակային ասել ենք՝ բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել, որի մեջ ամենեւին չի մտնում հարաբերություններ կառուցել ի հաշիվ այլ հարաբերությունների: Եվ այդ քաղաքականության տրամաբանության մեջ չի եղել, որ մենք ՌԴ այցեր չենք ունենալու եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները չենք զարգացնելու եւ խորացնելու, ինձ համար հասկանալի չեն այդ մեկնաբանությունները»,- անցյալ շաբաթ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես մեկնաբանեց իշխանական պատգամավորների դիտարկմանը, թե հնչում են կարծիքներ, որ Փաշինյանի այցը Մոսկվա կվնասի Հայաստան-Արեւմուտք հարաբերությունները: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կարեւոր է Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի համատեքստում, բացի այդ՝ այցն, ասաց, առիթ է նաեւ երկկողմ օրակարգի հարցերի քննարկման համար, որը բաց թողնելը ճիշտ չի լինի:

Փաշինյանը դեռեւս մարտի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել էր, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը եւ մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։ Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարեց՝ Եվրամիությունը շատ հստակ է արտահայտվել, չեն ցանկանում, որ անդամությանը հավակնող երկրները մասնակցեն Մայիսի 9-ի շքերթին:

Հայ զինվորականները մայիսի 9-ին Մոսկվայում՝ Կարմիր հրապարակում կայանալիք ռազմական շքերթին չմասնակցեցին։ Շքերթին մասնակցեցին ստորաբաժանումներ Ուզբեկստանից, Թուրքմենստանից, Տաջիկստանից, Մյանմայից, Մոնղոլիայից, Լաոսից, Չինաստանից, Ղրղըզստանից, Ղազախստանից, Եգիպտոսից, Վիետնամից, Բելառուսից եւ Ադրբեջանից։

Այսպիսով, ինչպես եւ սպասվում էր, Փաշինյանն ընդունեց Ռուսաստանի նախագահի հրավերը, մայիսի 9-ին մեկնեց Մոսկվա եւ ներկա գտնվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:

Փաշինյանն ընտրել է Պուտինի հետ հարաբերությունները չսրելու տարբերակը: Թեեւ ՀՀ իշխանությունները պարբերաբար Ռուսաստանի ուղղությամբ տարբեր մեղադրանքներ են հնչեցնում, սակայն, ակնհայտ է, որ Փաշինյանը չի հատում թույլատրելի «կարմիր գծերը»` Կրեմլի հետ հարաբերություններում:

Հայ-ռուսական հարաբերություններում 2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայից հետո նկատվող լարվածությունը հասավ հրապարակային մեղադրանքների Արցախի կորստից հետո, երբ ռուս խաղաղապահների ներկայությամբ հայաթափվեց Արցախը: Երեւանը Մոսկվային մեղադրեց անգործության համար: Հայ-ռուսական հարաբերություններում որոշակի լարվածությունը սրվեց, երբ խորհրդարանի իշխող մեծամասնությունն ընդունեց անդամակցության գործընթաց չենթադրող Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը, որն, ըստ էության, կապ չունի անդամակցության բուն գործընթացի հետ: Սակայն Փաշինյանը մայիսի 9-ին Կարմիր հրապարակում էր, իսկ Ալիեւը` ոչ:

Հայ-ռուսական հարաբերությունները «պետք է ադապտացվեն նոր իրողություններին»

Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես դաշնակից, եղբայրական երկիր, մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ հավելելով, որ Հայաստանի հետ սերտորեն համագործակցում են եւ պատրաստ են հետագայում էլ զարգացնել ու խորացնել այդ հարաբերություններն, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում։

Հարցին, թե վերջին տարիներին այդ հարաբերությունները չեն վատթարացե՞լ, դեսպանը պատասխանեց. «Պետք է իրատես լինել, նայել իրական աշխարհին։ Մեր հարաբերությունները պետք է ադապտացվեն նոր իրողություններին։ Կարեւորը, որ երկու կողմերն էլ քաղաքական կամք ունեն՝ պահպանելու եղածն ու առկա ամուր հիմքը եւ շարժվելու առաջ՝ իհարկե հարգելով միմյանց ինքնիշխանությունը, հետաքրքրությունները»։

Հիշեցնենք, օրեր առաջ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվային մեղադրել էր Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ: Իսկ ՔՊ-ական Արսեն Թորոսյանն էլ կարծիք էր հայտնել, թե Մոսկվայից փորձում են համակարգված ազդել 2026-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա:

Մոսկվայից մեղադրանքներին կարճ արձագանքեցին։ Արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան «ցավալի հռետորաբանություն» որակեց Սիմոնյանի հայտարարությունը՝ նշելով, որ «դա չի համապատասխանում խորհրդարանի խոսնակի կերպարին, այդ հարձակումները, վիրավորանքները»:

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ չի՛ լինելու». վստահեցնում է Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը Մայիսի 9-ի առիթով իր շնորհավորական ուղերձում ազդարարեց. «Ի հեճուկս բոլոր ներքին եւ արտաքին սադրանքների, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պատերազմ չի՛ լինելու, լինելո՛ւ է խաղաղություն»։ Ընդգծելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման՝ գործադիրի ղեկավարը հայտարարել է՝ «մենք գնալու ենք այդ ճանապարհով»։ «Մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղության ու բարեկեցության մեջ ապրելու իրավունքը եւ այդպես էլ պետք է լինի», շեշտեց նա։

Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն եւ Երեւանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երեւանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում։

Ընդգծելով, որ աշխարհն այսօր նաեւ առերեսվում է նացիզմի, ֆաշիզմի, տոտալիտարիզմի եւ նրա բոլոր դրսեւորումների վտանգավորության հետ, որի առանցքային նպատակը գերիշխելը, պատերազմներ հրահրելն ու ազատությունները սահմանափակելն է, Փաշինյանն իր ուղերձում նշել էր՝ ՀՀ-ն գնում է այլ՝ ազատության, ժողովրդավարության, խաղաղության ճանապարհով. «Այդ ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ է համարձակ, անկեղծ եւ ամբողջական ինքնահայեցում, սեփական պատմությունը կարդալու, սերտելու եւ մեր պատմությունից մեզ ուղղվող ուղերձներն ընթերցելու եւ ընկալելու կարողություն»: Շեշտելով «Իրական Հայաստանի գաղափարախոսության» կարեւորությունը, նա հավելել էր. «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց մեր պատմությունն ընթերցելու եւ վերընթերցելու արդյունք է, Իրական Հայաստանի գաղափարախոսությունը Պատմական Հայաստանի՝ մեզ ուղղված ուղերձների ընթերցման արդյունք է, որը մեզ ասում է. մի գնացեք իմ ճանապարհով, այլ կենտրոնացեք մեր երազանքների երկրում` Հայաստանի Հանրապետությունում ազատություն, երջանկություն, բարեկեցություն կառուցելու, եւ այդ երջանիկ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու խնդրի վրա։ Այսօր մենք ունենք այդ հնարավորությունը եւ պարտավոր ենք իրացնել այդ հնարավորությունը»։

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով «գուցե լավ նորություններ լինեն», կարծում է Միրզոյանը

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն, «Ազատության» հարցին ի պատասխան՝ անցյալ շաբաթ հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Հարցին՝ կա՞ն բանակցություններ Բաքվի հետ, եթե՝ այո, ապա դրանք Ադրբեջանի նախապայմանների շո՞ւրջ են, նա պատասխանել է. «Ամեն ինչ ասված է, ըստ էության, թարմացնելու տեղեկատվություն այս պահին չկա, մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան առաջ սկսել խորհրդակցություններ, այնպես էլ հիմա ենք պատրաստ: Ցավոք սրտի, տարբեր հայտարարություններ ենք լսում ադրբեջանական կողմից, առայժմ առաջընթաց չկա, բայց խոսակցություն կա, եւ ինչպես ցանկացած բանակցության դեպքում, համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն»։

Շուրջ երկու ամիս է՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է, բայց Բաքուն դրա ստորագրման համար պահանջում է փոխել Սահմանադրությունը եւ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հարցին՝ արդյո՞ք Երեւանն այժմ Բաքվի հետ հենց այս նախապայմանների շուրջ է բանակցում, Միրզոյանը որեւէ պատասխան չի տվել:

Բաքվում «լեգիտիմ սպասումներ» ունեն Հայաստանից

Իսկ ահա Բաքվում «լեգիտիմ սպասումներ ունեն Հայաստանից», օրերս հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ հավելելով, որ շփումներ կան հայկական կողմի հետ: Ջեյհուն Բայրամովը նշել է, որ այս սպասումները կապված են Հայաստանի սահմանադրությունից «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառելու, ինչպես նաեւ Մինսկի խմբի լուծարման հետ»:

Չնայած այն ստորագրելու հայկական կողմի բազմաթիվ առաջարկներին՝ Ադրբեջանն առայժմ դրական չի արձագանքել՝ վերահաստատելով իր նախապայմանները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում եւ Հայաստանի սահմանադրության փոփոխություն:

Միեւնույն ժամանակ անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ պաշտոնական Երեւանը խնդրել է Բաքվին՝ դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել Ադրբեջանի հայտարարած հրադադարի խախտումների մասին: Այս մասին «Հաղթանակ» զբոսայգում, հաստատեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ «Հայաստանը հետաքննություն է կատարել Բաքվի հայտարարած բոլոր միջադեպերի վերաբերյալ եւ փոխանցել է Ադրբեջանին»։ Ըստ Գրիգորյանի՝ հայկական կողմի կատարած հետաքննության համաձայն, «ընդհանուր առմամբ այդպիսի խախտումներ չեն եղել»։

ԱԽ քարտուղարը միեւնույն ժամանակ նշեց, որ Ադրբեջանի կողմից հրադադարը խախտելու վերաբերյալ Հայաստանը տվյալներ է փոխանցել Ադրբեջանին եւ ակնկալում է մանրամասն հետաքննություն։ Անցյալ շաբաթ Factor.am-ին վարչապետի աշխատակազմից տեղեկացրել էին, որ թե՛ Երեւանը, թե՛ Բաքուն միմյանց են փոխանցել հրադադարի խախտումների վերաբերյալ տեղեկություններ:

Ակնհայտ է, որ չնայած լավատեսական սպասումներին, Ադրբեջանը որդեգրել է Հայաստանի սահմաններին լարվածություն պահպանելու հստակ գիծը: Վերջին շրջանում Բաքուն Երեւանին գրեթե ամենօրյա ռեժիմով մեղադրում էր իր դիրքերը թիրախավորելու համար, այդ նույն ընթացքում Սյունիքի, Գեղարքունիքի սահմանային բնակավայրերից հաղորդում են ադրբեջանական կողմից չդադարող կրակոցների մասին։

Մայիսի 7-ին, ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել էին Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետեւանքով վնասվել է բնակելի տան տանիքը, հայտնել էր պաշտպանության նախարարությունը: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով», – ասվում էր հաղորդագրությունում։

Մարտի 31-ից հայկական կողմը հաղորդել է Սյունիքի Խնածախ եւ Խոզնավար գյուղերի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների մասին՝ Բաքվին կոչ անելով հետաքննել այդ փաստերը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Մայիսի 10-ին, ՀՀ ԱԳ նախարարի նախորդ օրն արած հայտարարությունից մեկ օր անց, թե` «գուցե առաջիկայում խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում լավ նորություն լինի», Երեւանն ու Բաքուն դարձյալ հրադադարը խախտելու մեղադրանքներ փոխանակեցին:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնեց, որ մայիսի 9-ի երեկոյան Ադրբեջանի զինուժը կրակել է Սյունիքի Խնածախի ուղղությամբ ու դարձյալ բնակելի տան տանիք վնասել: Սա երկու ամսվա ընթացքում արդեն վեցերորդ նման հաղորդագրությունն էր: Փաստացի, արդեն երկու ամիս է Սյունիքի երկու գյուղերի՝ Խնածախի ու Խոզնավարի բնակիչները ադրբեջանական կրակոցների ձայնի տակ են գիշերներն անցկացնում:

Ադրբեջանական կրակոցներին, սակայն, հետեւում են խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման վերաբերյալ պաշտոնական Երեւանի հայտարարությունները: Մինչդեռ Ադրբեջանի կողմից քաղաքական, դիվանագիտական, հոգեբանական ճնշումները Երեւանի ուղղությամբ շարունակվում են:

Իսկ Ալիեւը չմեկնեց Մոսկվա, նա այդ օրերին ավելի «կարեւոր» միջոցառումների էր մասնակցում:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.05.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031