Լրահոս
Օրվա լրահոսը

Շինարարությունը կատարվել է առանց սպասելու տարիներ շարունակ ընթացող դատական գործընթացների ավարտին. ՍԴ դիմումից

Մայիս 14,2025 12:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անդրանիկ Մանուկյանի գործի քննությունը Սահմանադրական դատարանը իր՝ մայիսի վեցի աշխատակարգային որոշմամբ նշանակել է 2025 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 11:00-ին: Այն հիմնավորել է. «Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից» պատճառաբանությամբ: Նշված գործն ունի մի շարք նյութական եւ ընթացակարգային նորմերի կոպիտ խախտումներ, որոնք, ցավոք, անտեսվել են Առաջին ատյանի դատարանից մինչեւ Վճռաբեկ դատարան, ավելին՝ արդար դատաքննության իրավունքի առումով՝ նաեւ խախտվել հենց դատարանների կողմից տրված ակնհայտ հակասահմանադրական մեկնաբանության արդյունքում:

Հիշեցնեմ, որ ՀՀ Սահմանադրական դատարանը 2025 թվականի մարտի 14-ի որոշմամբ քննության է ընդունել «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, «Գաթա Բենդ» խմբի համահիմնադիր Անդրանիկ Մանուկյանի դիմումը, որը ներկայացվել է փաստաբան Առնոլդ Վարդանյանի կողմից։ Այդ գործը վերաբերում է ՀՀ Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների կոպիտ խախտմամբ Անդրանիկ Մանուկյանի սեփականության իրավունքի լեգիտիմ ակնկալիքով պաշտպանված՝ 51.62 քառ մետր հողատարածքի հողազավթմանը, ինչն իրականացվել է Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 2-րդ անցուղում գտնվող բակում։ Նշված տարածքը, որտեղ գտնվել է պարսպապատված տնային տնտեսություն, նվիրատվության կարգով դեռեւս 1990-ական թվականներից ձեռք է բերել Անդրանիկ Մանուկյանը եւ բնակվել այդտեղ, սակայն 2017 թվականից տարբեր բիզնես ծրագրերի իրականացման շրջանակներում, Անդրանիկ Մանուկյանի հողատարածքի հաշվին, այդ բակում «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի կողմից ամեն գնով փորձ է կատարվել կառուցել մոտ 12 հարկանի բազմաբնակարան շենք։

Ընդ որում, շինարարությունը կատարվել է առանց սպասելու տարիներ շարունակ ընթացող դատական գործընթացների ավարտին, կատարվել է նվազագույն նորմատիվային պահանջների կոպիտ խախտմամբ, անմիջապես Անդրանիկ Մանուկյանի տան գլխավերեւում, վտանգի տակ դնելով իր եւ իր հետ բնակվող ընտանիքի անդամների, անչափահաս երեխաների կյանքն ու առողջությունը։ Այս ամենը փաստագրված է համապատասխան ապացույցներով։

Ավելին, պատկերացնելու համար սույն գործի բնույթը, կարեւոր է նաեւ իմանալ, որ Թումանյան փողոցի նշված բակի շուրջ 131 բնակիչ իրենց դիմում-բողոքն են հասցեագրել Երեւանի քաղաքապետին՝ շինարարությունը կասեցնելու պահանջով։ Այդ բնակիչների թվում են եղել նաեւ բողոքը ստորագրած Արթուր Մեսչյանը եւ իր կինը՝ Սուսան Մեսչյանը։ Սակայն, ինչպես հետագայում է պարզվել, նշված դիմում-բողոքը մակագրվել է Երեւանի գլխավոր ճարտարապետ նշանակված Արթուր Մեսչյանին, ով ըստ էության նաեւ իր հավանությունն է տվել նշված կառուցապատման նախագծին։ Ընդ որում, գործում առկա են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ պաշտոնապես ստացված ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնից այն մասին, որ անհրաժեշտ էր ձեռնպահ մնալ նշված կառուցապատման շինարարությունն իրականացնելուց, այն չի համապատասխանում նվազագույն նորմատիվ պահանջներին, սակայն այս ամենը պարզապես անտեսվել է իրավասու մարմինների կողմից։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.05.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031