Տհաս, մանկամիտ անձնավորության հիմնական հատկանիշն է՝ այն, ինչ նրա գլուխը մտցնում են, դա էլ նա պարբերաբար թութակի պես կրկնում է: Ժամանակակից լեզվով դա կոչվում է քննադատական մտածողության բացակայություն: 20 տարի առաջ միջին վիճակագրական հայաստանցին վստահ էր, որ մենք միշտ պետք է ապրենք «ռուսի շվաքի տակ» եւ երգում էր «Պուտին դայոտ առմյանամ դաբրո»: Հիմա նա նույնքան համոզված է, որ «Ռուսաստանը մեր գլխավոր թշնամին է»:
Երկու պնդումներն էլ հավասարապես սխալ են, հավասարապես անգրագետ են, եւ, եթե կուզեք՝ հավասարապես «ռաբիս»: Աշխարհում կան երկրներ, որոնք շահագրգռված են, որ Հայաստան պետություն չլինի (Թուրքիան եւ Ադրբեջանը), կան երկրներ (Վրաստանն ու Իրանը), որոնց համար ցանկալի է, որ մեր պետությունը լինի: Իսկ մնացածի համար (այդ թվում՝ Ռուսաստանի), մեծ հաշվով, միեւնույն է:
Որեւէ մեկի նկատմամբ սեր կամ ատելություն հրահրելը եւ այդ զգացմունքներով «զանգվածային» պրիմիտիվ ուղեղները լցնելը գործողություններ են, որոնցով զբաղվում են տարբեր կողմերի քարոզիչները, որոնց տերերն ունեն հստակ (բայց՝ Հայաստանի եւ հայերի հետ կապ չունեցող) նպատակներ: Փաշինյանի խմբակի՝ բաղձալի աթոռներին մնալը նման նպատակների շարքում է:
Ասում եք՝ «գործակալական ցա՞նց»: ՌԴ հատուկ ծառայություննե՞րը նկատի ունեք: Բռնեք այդ լրտեսներին ու դատեք ՀՀ օրենքներին համապատասխան: Եթե չեք բռնում, ուրեմն, զուտ քարոզչությամբ եք զբաղված: Ասում եք «հիբրիդային պատերա՞զմ»: Նկատի ունեք, որ Ռուսաստանից փողե՞ր են ուղարկում, որպեսզի այստեղ ինչ-ինչ խմբեր քաղաքական գործունեությո՞ւն ծավալեն: Վստահ եմ, որ այդպես էլ կա: Բայց Եվրոպայից եւ (մինչեւ վերջին ժամանակներս) ԱՄՆ-ից 100 անգամ ավելի շատ փողեր էին ուղարկվում՝ նույն նպատակներով: Այնտեղից նույնպե՞ս «հիբրիդային պատերազմ» էին (են) վարում:
Կարդացեք նաև
Հասարակության այլասերման հստակ ախտանիշն է պարանոյայի մեջ ընկնելը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ