«Թուրքիան այսօր» լրատվական ալիք. Թուրքական Milli Gazete-ն պնդում է, որ Հռոմի Լեո XIV պապի նախապապը` Սեթրակ Փարսեհյանը, մինչև 1915 թվականն ապրել է Թուրքիայում։
Նա 1915 թվականին Կայսերիից գաղթել է Արգենտինա, մինչդեռ նախապապի քույրը՝ Եվա Օհանյանը, նույն ժամանակահատվածում մնացել է Ստամբուլում։
Այնուհետև Սեթրակ Փարսեհյանի որդին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ էլ ծնվել է ապագա հոգևորականը։
#CivilNetCheck-ը գնացել է այս պնդումների հետքերով։
Կարդացեք նաև
Ո՞ւր են տանում Ռոբերտ Պրևոստի արմատները
Վատիկանի պաշտոնական կայքում՝ vaticannews.va-ում, ներկայացված կենսագրության համաձայն՝ Ռոբերտ Պրևոստը ծնվել է ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում՝ իտալական և ֆրանսիական ծագում ունեցող Լուի Մարիուս Պրևոստի և իսպանական ծագում ունեցող Միլդրեդ Մարտինեսի ընտանիքում։
Ամերիկյան ABC News-ը և որոշ ազգաբաններ ուսումնասիրել են Պապի տոհմածառը։ Լրատվամիջոցին հաջողվել է փաստաթղթեր և լուսանկարներ գտնել Պապի նախնիների վերաբերյալ։
ABC News-ը հրապարակել է Ռոբերտ Պրևոստի մայրական կողմից պապի ու տատի՝ Ջոզեֆ Մարտինեսի և Լուիզ Բակիեի 1887-ի ամուսնության վկայականը։ Վկայականում պապի՝ Ջոզեֆ Մարտինեսի ծննդավայրը նշված է Հաիթին։
1910-1912-ին Ռոբերտ Պրևոստի ընտանիքը Նյու Օրլեան քաղաքից տեղափոխվել է Չիկագո։ ABC News-ը լուսանկարները ցույց է տվել Պապի եղբորը՝ Ջոն Պրևոստին։ Վերջինս հաստատել է, որ լուսանկարում իրենց տատն ու պապն են։
Դրանից բացի, Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի (The Church of Jesus Christ of Latter-day Saints) եկեղեցական կազմակերպության ստեղծած Family Search հարթակը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին գտնել իրենց նախնիներին՝ գրելով անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվև ու այլ տվյալներ։
Այս հարթակի տվյալներով ևս Հռոմի նոր Պապը հայկական արմատներ չունի։ Նրա հայրական կողմից պապը ծնվել է Իտալիայիում՝ 1876-ին, իսկ տատը՝ Ֆրանսիայում` 1894-ին։ Նրանց նախնիներն էլ նույն երկրներից են։
Հատկանշական է, որ վրացական լրատվամիջոցներում ևս տարածվել են լուրեր, թե Պապն ազգությամբ վրացի է։
Այսպիսով, պնդումը, թե Հռոմի նոր Պապ Ռոբերտ Պրևոստը հայկական արմատներ ունի և ծնվել է Կայսերիում, որևէ կերպ չի հաստատվում։ Ավելին՝ առկա փաստաթղթերը ապացուցում են, որ նրա նախնիները Իտալիայից և Ֆրանսիայից են։