Լրահոս
Օրվա լրահոսը

Լելե Թեփե օպերացիա. դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել 44-օրյա պատերազմին առնչվող զորամասի և գումարտակների հրամանատարների վերաբերյալ ևս մեկ քրեական վարույթ

Մայիս 14,2025 10:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել 44-օրյա պատերազմին առնչվող՝ զորամասի և գումարտակների հրամանատարների վերաբերյալ ևս մեկ քրեական վարույթ:

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ N զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ Ա.Օ.-ն («Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ խոսքը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի որդու՝ 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի («ՑՕՐ») հրամանատար Արթուր Օհանյանի մասին է՝ լուսանկարում.-խմբ.), 2020 թվականի հոկտեմբերի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, դրանք կատարել է ոչ պատշաճ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

Մասնավորապես՝ 2020 թվականի հոկտեմբերի 6-ին, Ա.Օ.-ն, ՊԲ հրամանատարի կողմից ստանալով կարգադրություն` հարձակման անցնել Հորադիզի արևմտյան եզր-լեռ Լյալյա-Իլյագի ուղղությամբ և վերականգնել ճեղքված բնագիծը, նույն օրն իրականացված նախապատրաստական աշխատանքների և 2020 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած հակահարձակման ժամանակ չի պահպանել զինվորական ծառայության կարգը սահմանող իրավական ակտերի պահանջները:

Ա.Օ.-ի կողմից մարտական գործողությունների վարման կարգը ճիշտ չկատարելու, վատ ղեկավարման, ենթակա ստորաբաժանումների միջև փոխգործակցություն չապահովելու, խախտված երթակարգի, ուժերի ու միջոցների անկանոն բաշխման, հակառակորդի հետ հանդիպելիս, ինչպես նաև մարտի ներգրավվելուց հետո հետագա գործողությունների շրջանակը նախապես պլանավորած չլինելու հետևանքով՝ նրա հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները կարգադրությամբ սահմանված ելման շրջան են հասել և դեպի խնդրի կատարման վայր շարժվել ինչպես նախանշված ժամի, այնպես էլ ռազմական տեխնիկայի ու անձնակազմի անհամեմատ քիչ քանակությամբ՝ ձախողելով տրված մարտական առաջադրանքը:

Նույն վարույթով պարզվել է, որ N զորամասի գումարտակի հրամանատար, կոչումով փոխգնդապետ Գ.Ա.-ն, ենթակա գումարտակի անձնակազմով ընդգրկված լինելով զորամասի ուժերով 2020 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացվող հակահարձակմանը, պարտավոր է եղել ստորաբաժանման հետ միասին, ի թիվս այլ ուղղությունների, հարձակման անցնել Հորադիզի արևմտյան եզր-լեռ Լյալյա-Իլյագի ուղղությամբ, սակայն, առկա զենք զինամթերքի կորուստները հաշվարկելու պատրվակով, մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու դիտավորությամբ, հրաժարվել է շարունակել մարտական առաջադրանքի կատարումը:

Գ.Ա.-ն գումարտակի անձնակազմին հանձնարարել է շեղվել նախանշված ճանապարհից, մերժել է վերադաս հրամանատարության հետ կապ հաստատելու առաջարկները, որից հետո, առանց ավագ պետի թույլտվության, գումարտակի ամբողջ անձնակազմին հրամայել է շրջադարձ կատարել և վերադառնալ՝ չշարունակելով հակահարձակումը:

Նույն վարույթով պարզվել է, որ N զորամասի գումարտակի հրամանատար, կոչումով փոխգնդապետ Գ.Մ.-ն, ենթակա գումարտակի անձնակազմով ընդգրկված լինելով զորամասի ուժերով 2020 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացվող հակահարձակմանը, պարտավոր է եղել ստորաբաժանման հետ միասին, ի թիվս այլ ուղղությունների, հարձակման անցնել Հորադիզի արևմտյան եզր-լեռ Լյալյա-Իլյագի ուղղությամբ:

Գ.Մ.-ն, սակայն, տանկով կողաշրջվելով հակատանկային խանդակի մեջ, ապա անվնաս դուրս գալով տանկից, ենթակա անձնակազմին՝ մեխանիկ-վարորդին և նշանառու-օպերատորին, տեղափոխել է հարակից տարածքում տեղակայված հետևակի մոտ, իսկ ինքը, տանկի կողաշրջման առիթն օգտագործելով, իրականացվող հակահարձակմանն ակտիվ մասնակցություն չունենալու՝ հետևաբար հնարավոր մարտական գործողություններից խուսափելու դիտավորությամբ, մնալով տեղանքում, որևէ միջոց չի ձեռնարկել խափանված ղեկավարումը վերականգնելու և ենթակա անձնակազմի հետագա գործողությունները համակարգելու ուղղությամբ՝ փաստացի հրաժարվելով մարտական առաջադրանքի հետագա կատարումից:

Դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Ա.Օ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը՝ ռազմական դրության ժամանակ), Գ.Ա.-ի և Գ.Մ.-ի նկատմամբ՝ 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը՝ ռազմական դրության ժամանակ):

Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031