Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Սիմոնյան. «Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը լիարժեքորեն տեղավորված է ռուսական քաղաքականության մեջ». «Հրապարակ»

Մայիս 14,2025 11:37

«Հրապարակի» զրուցակիցը Հայաստանի շնորհապետական կուսակցության նախագահ, քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանն է:

– Նիկոլ Փաշինյանի իշխանության հռետորաբանությունը բացահայտ հակառուսական է, ձեր գաղափարները նույնպես հակառուսական տրամաբանության մեջ են, Նիկոլ Փաշինյանին հիմնականում քննադատում եք ռուսների հանդեպ մեղմ լինելու եւ առավել կտրուկ քայլեր չանելու համար: Այս դեպքում ինչո՞ւ պետք է հանրությունն ընտրի Շնորհապետական կուսակցությանը, այլ ոչ թե նույն ՔՊ-ին, եթե երկուսդ էլ հակառուսական եք:

– Ճշմարտությունն այս պարագայում շեղված է, որովհետեւ ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը որեւէ կերպ հակառուսական է կամ առհասարակ հակընդդեմ քաղաքականություն է վարում Կրեմլին: Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը լիարժեքորեն տեղավորված է ռուսական քաղաքականության մեջ, աներկբա է, որ Փաշինյանը չի դրսեւորում հակառուսականություն: Բացի դատարկ բառերից եւ կեղծ իրողություններ ստեղծելուց, չկա որեւէ հակառուսական քայլ: Ինչ վերաբերում է մեր կուսակցությանը, ապա մենք հակառուսական չենք, առհասարակ՝ ոչ մեկի հանդեպ հակա չենք, մենք պարզապես պրոհայկական ենք եւ Հայաստանի ազգային շահերով պայմանավորված՝ սպասարկելու ենք բացառապես մեր ազգային շահերը, կարեւորելով Հայաստանի ինքնիշխանությունը: Բնականաբար, այն բոլոր պետությունները, որոնք մեր ազգային շահերին հակընդդեմ քայլեր կանեն, մեր կողմից դրական մոտեցման չեն արժանանալու: Այսօր մենք տեսնում ենք, որ մեզ հակընդդեմ գնացող պետությանը շարունակում են վերաբերվել որպես բարեկամի: Մեզ համար բարեկամը նրանք են, ովքեր կքայլեն մեզ հետ համընթաց: Մենք, որպես քաղաքական ուժ, բաց ենք աշխարհի առաջ, սակայն չենք էլ խորշում իդենտիֆիկացնել թշնամիներին: Նույնացնել մեզ եւ ՔՊ-ին՝ կոնցեպտուալ սխալ է: ՔՊ-ն լիակատար տեղավորված է ռուսական ազդեցության գոտում: Ընդամենը մի քանի օր առաջ նույն Նիկոլ Փաշինյանը Մոսկվա էր այցելել՝ մասնակցելու մայիսի 9-ի միջոցառումներին: Մեր քաղաքական ուժը երբեք չէր գնա նման քայլի:

– Պնդել էիք, որ Փաշինյանի իշխանությունը պետք է շրջադարձ կատարի՝ Մեղրիի եւ Մարգարայի անցակետերից դուրս բերելով ռուսական ուժերին: Նա այդ քայլին գնաց, իսկ Դուք պնդում եք, որ գործնականում ոչինչ չի արվում ռուսների դեմ:

– Դա հակառուսականություն չէ, դա մեր ազգային շահերով պայմանավորված քայլ է, այո, մեր հսկիչ անցագրային կետերը պետք է վերահսկվեն բացառապես ազգային ուժերի կողմից: Պետական սահմանների նկատմամբ վերահսկողության հաստատումն ինքնիշխանության չափաբաժնի ավելացմամբ է պայմանավորված: Ես շարունակում եմ պնդել, որ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը Հայաստանում չափազանց շատ է մեզ համար: Հայաստանն այդ լուծը պետք է շարունակաբար թոթափի իր ուսերից, բայց դա չի նշանակում, որ մենք հակա ենք տվյալ ժողովրդին: Մենք բաց ենք բոլորի համար, իսկ հակա լինելը նշանակում է մերժել ինչ-որ մեկին, անկախ ամեն ինչից: Մենք երբեք կառուցողականությունը չենք մերժելու, չենք մերժելու այն ամենը, ինչն օգտակար է մեր ազգային շահերին:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031