Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

«Էդգար Ղազարյանը թիրախավորել է ՍԴ դատավորներին ու նպատակ է հետապնդել ՍԴ նկատմամբ վստահությունը խաթարել»․ ՍԴ աշխատակազմի ղեկավար

Մայիս 14,2025 12:19

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր շարունակվում են հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ դատավորների գործով» հիմնական դատալսումները։

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար։ Դատարանը սահմանափակել էր Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն:

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանն այսօր ցուցմունք տվեց որպես վկա։ Նա ասաց, որ իր հայտարարություններով Էդգար Ղազարյանը թիրախավորել է ՍԴ դատավորներին։ «Իր հայտարարություններով նպատակ է հետապնդել արատավոր տեղեկություն տարածելու միջոցով Սահմանադրական դատարանի ու դատավորների նկատմամբ վստահությունը խաթարել, որպեսզի հետագայում դատարանի կողմից կայացված որոշումների նկատմամբ արժանահավատությունը տուժի»,- ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավարը։

Սամվել Առաքելյանը նշեց, որ նախկինում աշխատել է Էդգար Ղազարյանի հետ։ «Պարոն Ղազարյանը մի քանի անգամ իմ դեմ հայցադիմումներ է ներկայացրել Վարչական դատարան։ Անձնական մտերմություն չենք ունեցել, մեր հարաբերությունները եղել են գործնական, իմ նշանակվելուց ու իր ազատվելուց հետո այդ հարաբերությունները դադարել են»,- ասաց նա։

Էդգար Ղազարյանի շահերի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հարց տվեց ՍԴ աշխատակազմի ղեկավարին․ «Կոնկրետ Էդգար Ղազարյանի կողմից արված որ հայտարարությունն եք համարում տեղեկություն, այլ ոչ թե բնութագիր»։

«Այս պահին մտքիս մի օրինակ է գալիս՝ Սահմանադրական դատարանի դատավորը չի ամուսնանում, հավանաբար այն պատճառով, որ վախենում է իր զավակներին կխժռի, թե կուտի, մոտավորապես նման բան»,- ասաց Սամվել Առաքելյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031