«Էդգար Ղազարյանը բավական ծավալուն ելույթ ունեցավ, նա բովանդակային փորձում է դատարանում պարզաբանել, թե ինչ նկատի ունի»,- Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ դատավորների գործով» հիմնական դատալսումներից հետո լրագրողներին ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ցավով են արձանագրում, որ այսօր դատարանում իրավունքների սահմանափակում տեղի ունեցավ Էդգար Ղազարյանի ու նրա պաշտպանների նկատմամբ։ Այսօրվա նիստում հարցաքննվեց նաեւ ՍԴ աշխատակազմի ղեկավարը, որն այս գործով վկա է։
Կարդացեք նաև
Հարցաքննության ժամանակ Էդգար Ղազարյանի հարցերի մի մասը դատավորը հանեց՝ նշելով, որ գործին վերաբերելի չեն։ «Այդուհանդերձ ես վկայի հարցաքննությունը գնահատում եմ դրական, որովհետեւ վկան տվեց մի քանի կարեւոր պարզաբանումներ, օրինակ, թե ինչպես է նա ընկալել Էդգար Ղազարյանի հայտարարությունները, հատկապես ասաց, որ որպես բնութագրում է ընկալել, այդ տերմինը շեշտեց, ես կարեւոր եմ համարում»,- նշեց փաստաբանը։
Էդգար Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Ես շատ վատ տպավորությամբ եմ դուրս գալիս այս նիստից, որովհետեւ խախտվում են իմ դատավարական իրավունքները։ Ինձ մեղադրանք է առաջադրվում 2025 թվականի փետրվարի 21-ին մի վարույթով, որը նախաձեռնվել է 2024 թվականի նոյեմբերի 1-ին։ Այսինքն՝ նոյեմբերի 1-ից մինչեւ 2025 թվականի փետրվարի 21-ը ես ոչ մի կարգավիճակ չեմ ունենում այս վարույթի շրջանակներում, փետրվարի 21-ին մեղադրանք են առաջադրում, չեն թողնում ես միջնորդություններ ներկայացնեմ, իմ դատավարական իրավունքներից օգտվեմ, ապացույցներ ներկայացնեմ, դատավարական գործողություններ արվեն, որով կարող էր հերքվել իրենց ներկայացրած մեղադրանքը, հենց այդ փուլում կարճվեր։ Սահմանափակում են իմ իրավունքները, ուղարկում են դատարան, ասում են՝ մնացած հարցերը կգնաք կպարզեք դատարանում։ Հիմա գալիս ենք դատարան, դատարանում հանդես ենք գալիս հարցերով, որոնք կարեւոր են մեր պաշտպանությունն իրականացնելու համար, եւ դատարանն այդ հարցերը հանում է, ասում է՝ դրանք վերաբերելի չեն գործին»։
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար։ Դատարանը սահմանափակել էր Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն:
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ