Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան «բարեկամություն». «նոր որակ»

Մայիս 15,2025 12:30

Ցավում եմ, որ մնացել է միայն ասելը եւ գրելը, քանզի Տիրոջ կողմից տրված այս վերջին հնարավորությունն անգամ չենք ուզում օգտագործել եւ փորձել փրկել կործանման եզրին հայտնված մեր հայրենիքը: Փաստորեն, ստացվում է, որ այս ողբերգական պահին անգամ մեր ժողովուրդը լրիվ անտարբեր է հայրենիքի ճակատագրի նկատմամբ, ընդդիմությունն ունակ չէ որեւէ լուրջ քայլի, իսկ իշխանությունը վերջնականապես որոշել է ստորագրել «խաղաղության» այն համաձայնագիրը, որն առաջարկում է Ադրբեջանը, որը ոչ ավելի, ոչ պակաս՝ Հայաստանի վերջնական կործանումն է: Հերթական անգամ բարձրաձայնենք, թե ինչ «համաձայնագիր» է պատրաստվում ստորագրել Հայաստանը:

Թվարկենք Հայաստանի համար դրա կործանարար կետերը.

  1. Ադրբեջանի պնդմամբ Հայաստանի սահմանադրության փոփոխում՝ հօգուտ Ադրբեջանի, ի վնաս Հայաստանի:
  2. Հայաստանի զինված ուժերի աստիճանական վերացում:
  3. «Սյունիքի միջանցքի» անվերապահ ու արագ բացում:
  4. Անկլավների՝ հատկապես Տիգրանաշենի հանձնում:
  5. «Սահմանազատման եւ սահմանագծման» աշխատանքների արդյունքում պայմանավորված տարածքների հանձնում:
  6. ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:
  7. 300 000 ադրբեջանցի փախստականների վերադարձ Հայաստան:
  8. Ոչ մի խոսք չկա Հայաստանից 240 քմ-ից ավելի գրավյալ տարածքների մասին:
  9. Եվ այլն, եւ այլն:

Եթե որեւէ մեկը կարող է ասել, այս ամենը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի լիարժեք հանձնում, ապա բառ անգամ չեմ գտնում ասելու:

Համոզված եմ, որ այս կետերը պարզորոշ կհասկանա անգամ բարձր դասարանի ցանկացած աշակերտ, այնպես որ, թող հայ ժողովուրդը հանկարծ չասի, որ չի իմացել կամ չի հասկացել, թե ամիսներ շարունակ ինչ էին անում երկու երկրների «Սահմանազատման եւ սահմանագծման» պետական հանձնաժողովները եւ դրա արդյունքում ինչ փաստաթուղթ են փորձում ստորագրել նրանք:

Այս ամենի մասին շատ երկար է խոսվել, բոլորին ամեն ինչ հայտնի է, մնում է խոսել, թե ինչպես կարելի է դուրս գալ այս իրավճակից  եւ մի վերջին ճիգով փորձել Հայաստանը փրկել սպասվող կործանումից: Երկար խոսելու կարիք չկա: Կա ընդամենը երկու տարբերակ. կամ պետք է ողջ հայ ժողովրդով ոտքի կանգնենք ու փորձենք փրկել՝ ազատագրել Հայաստանը, կամ այն վերջնականապես կորցնենք՝ հանձնենք Ադրբեջանին:

Որոշեք, հայեր:

Իսկ այժմ տեսնենք, թե ի՞նչ եւ ինչպե՞ս տեղի ունեցավ այս ամենը:

Թե մինչեւ 2018թ. իշխանափոխությունը Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ինչպիսին են եղել, դրա մասին եւս շատ երկար է խոսվել եւ դրա մասին բոլորն են քաջատեղյակ, սակայն կա մեծ անհրաժեշտություն ներկայացնելու դրանից հետո՝ մինչեւ մեր օրերն ընկած  ժամանակահատվածում, Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցածն ու գործող իշխանության քայլերը, պահելաձեւը, հանդիպումները եւ նրա արած հայտարարություններն այդ նույն ժամանակահատվածում ու հայ ժողովրդի եւ հայ սփյուռքի վերաբերմունքը դրանց նկատմամբ: Միանգամից ասեմ, որ այդ ժամանակահատվածը կարելի է հիմնականում անվանել «պարտությունների եւ զարմանքի շրջան», որոնց բացասական հետեւանքներն իրենց ազդեցության ծավալով ավելի մեծ են, քան հայ ժողովրդի գոյության ողջ ընթացքում տեղի ունեցածը: Իհարկե, պատմության ընթացքում նման պարտվողական տրամադրություններ եւ տվյալ ժամանակահատվածում գործող իշխանությունների ու իշխանական ուժերի կողմից նման կարգի անհեթեթ մոտեցումներ եւ որոշումներ նախկինում էլ համարյա միշտ էլ եղել են…

Իսկ ինչո՞ւ սկիզբ առավ 2018թ. շարժումը, որտեղի՞ց այն ծնվեց եւ ո՞րն էր նրա գլխավոր նպատակը: Այդ շարժումից՝ հեղաշրջումից, միայն բավականին ժամանակ անց մոտավոր պարզ դարձավ, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս տեղի ունեցավ այն:

Կարծում եմ, որ դրա հիմնական շարժառիթը հետեւյալն էր. Արեւմուտքը եւ Եվրոպան պարզորոշ տեսնում էին, թե այդ ժամանակվա իշխանություններն ինչպես են օր օրի թալանում երկիրը, իսկ մյուս կողմից՝ շարունակում իրենց ինտենսիվ համագործակցությունը ՌԴ-ի հետ: Այս ամենը բացարձակապես անընդունելի էր եւ Արեւմուտքի, եւ Եվրոպայի համար: Նրանց կողմից արվող բոլոր քայլերը՝ ետ պահել Հայաստանին ՌԴ-ի հետ խորը համագործակցությունից, ոչ մի իրական արդյունք չէին տալիս, ուստի նրանք այդ ամենն այլեւս հանդուրժել չէին կարող, մանավանդ որ, եւ ԱՄՆ-ը, եւ Եվրոպան մշտապես բավականին մեծ գումարներ էին ներարկում Հայաստանի բյուջե, դրա դիմաց ոչինչ չստանալով: Ի՞նչ է նշանակում, երբ ամեն ամիս ներարկումներ ես անում Հայաստանի բյուջե, իսկ ՌԴ-ն, որը որեւէ օգնություն չէր հատկացնում, այդքանից հետո Հայաստանը նրան էր համարում գլխավոր գործընկեր: Այնպես որ, շատ տրամաբանական էր, որ Արեւմուտքը եւ Եվրոպան պետք է Հայաստանի առջեւ կտրուկ դնեին հարցը. կամ Արեւմուտք ու Եվրոպա, կամ Ռուսաստան, քանզի սա անհասկանալի իրավիճակ էր եւ այս իրավիճակը պետք է կոնկրետ լուծում ստանար …Ըստ իս՝ իրավիճակը հանգուցալուծվեց հետեւյալ կերպ. Արեւմուտքը եւ Եվրոպան քաջատեղյակ լինելով այդ ամենի մասին, վարչապետ Սերժ Սարգսյանին առաջարկություն են արել, որ շրջվի Ռուսաստանից, համագործակցի իրենց հետ ու արդեն շարունակի երկիրը ղեկավարել նրանց կանոններով, կամ հրաժարական տա եւ նրանք իշխանության կբերեն իրենց կողմից արդեն պատրաստած, համապատասխան վստահելի մարդուն: Սերժ Սարգսյանն այդ առաջարկությանը երկու պատասխան է ունեցել. համաձայնել կամ հրաժարվել: Ըստ երեւույթին, նա այնքան էլ լուրջ չի ընդունել արված առաջարկությունը, մտածելով, որ ինքն օրինական, ընտրված վարչապետ է եւ հազիվ թե կարողանան իրեն որեւէ կերպ զրկել պաշտոնից: Ուստի համաձայնություն չի տվել արված առաջարկությանը, ավելին՝ նա առաջին իսկ օրվանից, երբ սկսեց սկիզբ առնել այդ շարժումը, կույրին անգամ տեսանելի էր, որ նա մի տեսակ անլուրջ էր վերաբերվում տեղի ունեցողին, դրա մասնակիցներին դնելով անպատրաստ մի ամբոխի տեղ: Անգամ իրավապահներին լուրջ հրահանգներ չէր տալիս, որը լինում է մի դեպքում միայն, երբ հիմնականում անլուրջ ես վերաբերվում հակառակորդիդ: Ահա, հենց այսպես սկսվեց իշխանափոխության առաջին քարի հիմնադրումը, որի տարօրինակ շարունակությունը տեղի ունեցավ բոլորիս աչքի առջեւ: Այս ամենին այլ կերպ նայել, քան հրաշալի կազմակերպված՝ այդ ժամանակվա իշխանության կողմից թույլատրված ներկայացում, հնարավոր չէ: Եթե դա ներկայացում չլիներ, ապա միայն Գասպարյան Վովան ու իր հիմնարկը բավական էին, որ այդ ընթացքում շատ արագ ցրեին այդ ամբոխին եւ դրա ղեկավարներին էլ տանեին կորցնեին: Էլ չեմ ասում, որ Վովան մի շարք տեղերում պարզորոշ ասել էր. «Մեռա սպասելով, որպեսզի Սերժ Սարգսյանը մի կիսատ-պռատ բան ասի, որպեսզի բոլորին հավքեմ: Այդպես էլ սպասելով՝ առանց հրահանգ մնացի»: Քանի որ ես տեղեկացված չեմ, թե այդ օրերին իրականում ինչ էր տեղի ունեցել Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, չեմ կարող ստույգ կարծիք հայտնել, այդ պատճառով էլ դրա բացատրությունը թողնում եմ ընթերցողին՝ ժողովրդին, քանզի նրա ակտիվ ջանքերով տեղի ունեցավ իշխանափոխությունը, հետեւաբար, հիմնական պատասխանատուն էլ մնաց ժողովուրդը …

Կարող եմ հստակ միայն մի բան ասել, որ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը հաջողություն չբերեց Ադրբեջանին, քանզի, եթե նա չնչին հնարավորություն տեսներ հաղթանակի համար, ոչ մի դեպքում չէր դադարեցնի քառօրյա պատերազմը եւ կգնար մինչեւ վերջ: Համենայնդեպս, այդ պատերազմը սանձվեց ի պատիվ այդ ժամանակվա իշխանությունների, որը, սակայն, դաս չդարձավ ոչ այդ ժամանակվա, ոչ էլ իշխանափոխության արդյունքում իշխանության եկած ուժի համար: Կարող եմ նաեւ նույն հստակութամբ մեկ այլ բանի մասին ասել, որ Արցախյան առաջին պատերազմի հաղթանակից մինչեւ 2020թ. սեպտեմբերի 27-ը՝ Արցախյան երկրորդ պատերազմը, եւ Հայաստանի, եւ Արցախի իշխանությունները, նաեւ երկու հայկական պետությունների ժողովուրդներն իրենց լիովին հանգիստ էին զգում, կարծես լիովին բացառում էին Ադրբեջանի կողմից նոր պատերազմի վերսկսման հնարավորությունը, որի պատճառով ոչ անվտանգության ոլորտում, ոչ բանակաշինության ոլորտում, անգամ տնտեսության ոլորտում ոչ մի լուրջ քայլ չէին ձեռնարկում եւ այս ամենն այն դեպքում, երբ մեր հետախուզությանը հստակ տվյալներ էին գալիս, որ Արցախյան առաջին պատերազմի ավարտի հենց առաջին օրվանից սկսած, Ադրբեջանը՝ Թուրքիայի հետ համատեղ, ինտենսիվորեն պատրաստվում էին ռեւանշի եւ վայրկյան անգամ չէին հաշտվում իրենց պարտության հետ: Նորից եմ կրկնում, եթե ուրիշ ոչ մի բան, ապա միայն 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը պարզորոշ հուշում էր եւ դա լիովին բավարար էր հասկանալու համար, թե ինչի է այդպես ինտենսիվորեն նախապատրաստվում այդ տանդեմը: Պետք էր լիովին կույր լինել, չտեսնելու համար այդ պարզ իրողությունը եւ դրա հավանական շարունակությունը: Փաստորեն, այդպես էլ եղավ:

Իհարկե, այդ ամենը ես հիմնականում կապում եմ այն բանի հետ, որ այդ ողջ ժամանակահատվածում փողի՝ նյութի մոլուցքը կերել էր երկու հայկական պետությունների իշխանություններին ու ոչ միայն նրանց, այլեւ ցանկացած մեկին, ով թալանելու փոքր-ինչ հնարավորություն ուներ: Փաստացի, եւ Արցախում, եւ Հայաստանում  ոչ մեկը ջանք ու եռանդ չէր խնայում բանակն անխնա ձեւով՝ կթու կովի նման կթել՝ թալանել: Ուրիշ խոսքով, ով ինչքան կարողանում էր, այդքան էլ թալանում էր: Սա լոկ մի բան էր նշանակում. անգամ այդ ողբերգական ու ճակատագրական ժամին, հայն իր անձնականը վեր էր դասում ընդհանուրի շահից, բնավ չհասկանալով մի պարզ բան. ընդհանուրի կորուստը բերելու էր առանձին-առանձին՝ ցանկացած մեկի կորստին: Սա լոկ շահի մասին, էլ չենք ասում հանուն շահի՝ հանուն կոպեկների, բազում դավաճանությունների մասին, որոնք լիովին կործանել եւ շարունակում են կործանել երկիրը: Ինչպես մեծն Կանտն է ասել. «Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանություններին» եւ՝ հակառակը …

Այժմ փորձենք 2018թ.-ից մինչ այսօր ընկած ժամանակահատվածը պայմանականորեն բաժանել երկու մասի. մինչեւ 2020թ. սեպտեմբերի 27-ը եւ դրանից հետո մինչեւ մեր օրերը: Առաջին ժամանակահատվածում գործող իշխանությունները կեղծ հայրենասիրություն էին խաղում, անգամ գործող վարչապետն էր հայտարարում, որ Արցախը Հայաստան է եւ վերջ ու էլի մի շարք նմանատիպ հայտարարություններ: Դա հեշտ էր անելը, քանզի դեռեւս պատերազմ չկար, Ադրբեջանը դեռեւս չէր հարձակվել Արցախի վրա: Իշխանությունները պարզապես բառախաղեր էին անում, քանի որ իրենց թվում էր, որ Ադրբեջանն այդպես էլ շարունակելու է Հայաստանի հետ խաղաղ հարաբերությունները, նրա կողմից նոր պատերազմ չի սանձազերծվելու, քանզի կա աշխարհ, որն ուշի-ուշով հետեւում էր հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացքին եւ թույլ չէր տա նոր պատերազմ, քանի որ նրանց խոսույթը մեկն էր. լոկ խաղաղ կերպով՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կառուցումը, որն ինչպես հետագայում կյանքը ցույց տվեց, լոկ դատարկ խոսքեր էին: Ցավոք, իշխանությունները լի ու լի սխալվեցին, քանզի փլվեց նրանց խաղաղության սպասելիքը եւ ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ …

Ադրբեջանը 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսեց իր ուխտադրուժ հարձակումը, անակնկալի բերելով ողջ հայությանը եւ աշխարհին: Իսկ թե իրականում ի՞նչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ընթացքում, երեւակայել անգամ հնարավոր չէր, քանզի աշխարհն անգամ անմասն մնաց այդ պատերազմին եւ բացի դատարկ բառերից, ոչ մի կոնկրետ քայլ չարեց, իսկ հայ ժողովրդին այդ նույն ժամանակահատվածում իշխանությունները կերակրում էին անասելի ստերով, որ մեր բանակը չափազանց ուժեղ է եւ հաղթանակը սարերի ետեւում չէ: Չեմ ուզում եւ չեմ էլ կարող հստակ վերլուծել 44-օրյա պատերազմի իրական ընթացքը, միայն կարող եմ վստահաբար ասել, որ նման բազմակողմանի նվաստացում հայ ժողովուրդը հավանաբար տեսել էր միմիայն 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության ժամանակ…

Շարունակելի

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
14.05.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031