Լրահոս
Օրվա լրահոսը

«Հունաստանում հակաֆաշիստական պայքարում ներգրավվել են 30.000-ից ավել հայեր»

Մայիս 14,2025 15:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հույն հետազոտող Պանտելիս Արապինիսի վերջերս հրատարակած «Փախստականների Դուրղուտին` «պարտիզանների քաղաքը». կորուսյալ քաղաքի դեմքը» գրքի շնորհանդեսը, որը նվիրված է 1941-44 թթ. Հունաստանում հակաֆաշիստական դիմադրության շարժման մեջ հայերի ունեցած էական դերակատարությանը։

Միջոցառումն անցկացվեց Աթենքի քաղաքապետարանի ներքո գործող «Նեոս Կոզմոսի բարեկամների ակումբում»։

Բացման խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, որը ներկայացրեց միջոցառման անցկացման նպատակը։ Դեսպանը նկատեց, որ Եվրոպայում դիմադրության շարժումների մեջ հատկապես Ֆրանսիայում և Հունաստանում են եղել հայերի շոշափելի մասնակցություն, որը վերջինի պարագայում արժանի ուշադրության չի արժանացել։ Նա հավելեց, որ այս ծավալուն աշխատությունը գալիս է լրացնելու այս բացը, որն առկա է պատմագիտության մեջ։

«Հունաստանում հակաֆաշիստական պայքարում ներգրավվել են 30.000-ից ավել հայեր։ Դիմադրության շարժման հաջողության մեջ Հունաստանում հայերի ունեցած ներդրումը համեմատելի է թերևս միայն Ֆրանսիայում համանման շարժման մեջ ունեցած հայերի ներդրման հետ։ Ֆաշիստների դեմ հայերի մասնակցությունը կարևոր է եղել ոչ միայն Աթենքում, մասնավորապես Դուրղուտիում, այլ Հունաստանի տարբեր քաղաքներում ու կղզիներում», – իր խոսքում նշեց դեսպան Մկրտչյանը։

Նա նաև հակիրճ ներկայացրեց նացիստական Գերմանիայի դեմ հաղթանակում հայ ժողովրդի ունեցած զգալի քանակական և որակական ներդրումը։ Այնուհետև նա ներկայացրեց Պանտելիս Արապինիսի մենագրությունից որոշ դրվագներ։

Ի հավելում գրքի հեղինակի ելույթներ ունեցան անվանի պրոֆեսորներ Պրոկոպիս Պապաստրատիսը, Պոլիմերիս Վոգլիսը և Կոստիս Կարպոզիլոսը, որոնք մանրամասն ներկայացրեցին գրքի էական ներդրումը դիմադրության շարժմանը նվիրված հետազոտությունների մեջ և եզակի բնույթը առ այն, որ նյութը ներկայացնում է մինչ այժմ ոչ բավարար չափով ուսումնասիրված, սակայն կարևոր հանգամանք՝ Հունաստանում այդ շարժման մեջ հայերի ունեցած կարևորագույն դերակատարությունը։

Հիմնական ելույթներին հետևեց հարցուպատասխանների հատվածը, որի ընթացքում բանախոսները պատասխանեցին ներկաների ուղղած հարցերին։

Հունաստանում ՀՀ դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031