«Դուք Երևանի կենտրոնում բնակարան չունե՞ք, ոչինչ, որ ԱԺ փոխխոսնակի հասցեին այ սենց գնահատականներ հնչեցնեք, դուք էլ կունենաք երեք բնակարան Երևանի կենտրոնում»,- լրագրողների հետ ճեպազրույցում կրկին նրանց թիրախավորեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Լրագրողների հարցին՝ «արա, այ տղա Լևոն, հորդ թուրք են ասում» այս բառապաշարն ի՞նչ է, որը ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն օգտագործեց, Արման Եղոյանը պատասխանեց․ «Լևոն Քոչարյանի կողմից հնչեցվեց վիրավորանք, որին ի պատասխան եղավ դա»։
Կարդացեք նաև
Լրագրողները հարցրին՝ Հակոբ Արշակյանի վարքագիծը նորմա՞լ է, Արման Եղոյանը պատասխանեց․ «Նորմա՞լ է, որ Լևոն Քոչարյանի նմանները պատգամավոր լինեն, իհարկե, նորմալ չէ․․․․Մեկ-երկու չենք խոսում, մեզ համեստ ենք պահում, բայց սաղ կյանք իրենց են թուրք ասել, եկել ստեղ ո՞ւմ են թուրք ասում։ Ղալաթ են անում, գլուխները պատին են տալիս, էկել, ստեղ ո՞ւմ են ասում թուրք»։
Արման Եղոյանի կարծիքով՝ իրենց սխալն այն է, որ շատ են լռել ու շարունակեց․ «Էդ ի՞նչ խոսելաձև է ՀՀ ընտրված վարչապետի հասցեին։ Իր հերն այդքան ձայն հավաքե՞լ է այս երկրում։ Էդ ի՞նչ ոճ է․ եկել է՝ ո′չ անձնագիր, ո′չ կացության թուղթ, եկել կեղծիքով դարձել է նախագահ, միլիոնները դիզել են, ցանկը նայում ես, շնչառությունդ չի հերիքում։ Հելել՝ կոռուպցիա է խոսում։ Ձե՞ռ են առնում մարդկանց»։
Լրագրողների հարցին՝ դուք չեք պատրաստվո՞ւմ ՀՀ քաղաքացիներից ներողություն խնդրել ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի համար, Արման Եղոյանն այսպես պատասխանեց․ «Ինչի՞ համար ներողություն խնդրեմ, որ վիճել ենք դահլիճո՞ւմ։ Սա մեկի ծնունդին ընկերական հավաք չէ, սա քաղաքական պայքարի դահլիճ է, այստեղ կարող է լինել վեճ հիմնական խոսափողներից և նախատեսված ելույթի ժամերին։ Եթե պարոն Քոչարյանի պահվածքի նման պահվածք էլի կրկնվի, նաև տեղերից արձագանքների միջոցով։ Իր ասածները չի կարելի թողնել անարձագանք։ Խոսում է ԱԺ ընտրված փոխնախագահը, աշխարհի ո՞ր մի նորմալ երկրում եք տեսել, որ ԱԺ պատգամավորը տեղից վեր կենա, ասի՝ դու ով ես։ Ինքը ո՞վ է բացի իր հոր տղեն լինելուց, ի՞նչ է ինքն արել այս կյանքում առանց իր հոր։ Կունենա՞ր այդքան գույք »։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ