«Արխետիպային հերոս կա հայկական մշակույթի մեջ՝ «պոռճի լակոտ»․ սա ՔՊ-ական ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի համեմատականն է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանին։
Նա անդրադարձավ այսօր խորհրդարանում տեղի ունեցած քաշքշոցին։ Իր բնութագրմամբ, երբ հանդիպումից հետո բացել է հեռախոսը՝ տեսել է հետեւյալ պատկերը․ «Լեւոն Քոչարյանը ամբողջ «Հայաստան» խմբակցության հետեւից հայհոյում է՝ իմ պապի էսինչին էնինչ ասողի եսիմինչը։ Կենդանի պատ էին կազմել, ինքն էլ հայհոյում էր։ Ըտենց է լինում տղաների հետ, ովքեր ոչինչ են, պապաների անունով են ինչ-որ բան անում, բայց ոչինչ, մենք կսովորեցնենք։ Ասացի՝ էս ի՞նչ է եղել, ո՞վ է նեղացրել Քոչարյանի երեխուն, պատանի Քոչարյանին»։
Ռուբեն Ռուբինյանը դիմեց Ռոբերտ Քոչարյանին․ «Մենք մի կերպ մեզ զսպում ենք, որ մի հատ դաստիարակչական ապտակ չհասցնենք սրան, ձեր խմբակցությունն էլ դարձել է դայակ՝ ման են գալիս տակը չոր լինի, կաթիկը չպակասի․․․»։
Այս անլուրջ պատմությունը, ըստ Ռուբեն Ռուբինյանի, մի լուրջ պատճառ ունի՝ ՀՀ գլխավոր դատախազը մի քանի օր առաջ այս ամբիոնից հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ապօրինի գույքի մասին․ «Պատասխանողներ Ռոբերտ և Բելլա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից և Զարուհի Բադալյանից, Լևոն և Սիրանուշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից և Վիգեն Չատինյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 մլն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.4 մլն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն (իրավաբանական անձանցից են «Նաիրի Ինշուրանսը», «Տոյոտա Երևան» ընկերությունը, «Թարգեթ գրուպը» և մի շարք այլ ընկերություններ), ավելի քան 4 մլն դոլարի, 8.3 մլրդ դրամի, 260 մլն ռուբլիի և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 մլրդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ և ավելի քան 20 մլրդ դրամ»։
Կարդացեք նաև
«Ձեւ չունեք, ապօրինի գույքը պիտի վերադարձնեք»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։
Նրա ելույթին հետեւեցին կուսակիցների ծափերը։
Մանրամասները՝ տեսանյութում
Թեմային անդրադարձավ նաեւ ՔՊ-ական Արսեն Թորոսյանը։ Նա հայտարարեց․ «Հայաստան» խմբակցությունը պոլի շոր է ծառայում Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյաններին»։ Հետո նա հարց տվեց՝ «Որ մեզ թուրք եք ասում՝ վիրավորո՞ւմ եք մեզ, հայհոյո՞ւմ եք» եւ հավելեց․ «Ով մեզ կհայհոյի՝ դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ի դեպ, այս ելույթների ընթացքում ընդդիմադիր պատգամավորները դահլիճում չէին, նրանք ծեծկռտուքից հետո լքել էին ԱԺ դահլիճը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. «Հայաստանում որևէ մեկին ամենասուր ձևով խոցելու շատ պարզ ձև կա․ ասել՝ դու թուրք ես։ Մի մարդ, որը ձեզ հայտնի շատ հանգամանքների բերումով բավականին շատ է արժանացել այդ հասցեագրմանը, ես ինձ վիրավորելու միտում ունեցող մարդկանց ուզում եմ ուղղակի ասել, որ դրանով իրենք ինձ ամենևին չեն վիրավորում, որովհետև ես դա որպես վիրավորանք չեմ ընդունում և ընկալում»,- 2022 թվականի դեկտեմբերի 12-ին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։