Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա բոլորիս ամոթն է»․ Անահիտ Մանասյանը՝ խորհրդարանում ծեծկռտուքի մասին

Մայիս 14,2025 16:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ինձ համար շատ ցավալի է, որ մենք խորհրդարանում կարող ենք ունենալ նման միջադեպեր: Սա բոլորիս ամոթն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով խորհրդարանում քաշքշոցին։

Լրագրողների հարցին՝ հավասարապես դատապարտում եք և′ իշխանության, և′ ընդդիմության պատգամավորների՞ն, Անահիտ Մանասյանը պատասխանեց․ «Ես դատապարտում եմ ընդհանրապես այս տեսակի վարքագիծն ԱԺ-ում թե′ քաղաքական մեծամասնության, թե′ քաղաքական ընդդիմության կողմից։ Կարևոր եմ համարում օր առաջ էթիկայի մշտական հանձնաժողովի ձևավորումն ԱԺ-ում։ Դա հնարավորություն կտա բազմաթիվ խնդիրների լուծում գտնել։ Դա իրավասու մարմին կլինի նման դեպքերով քննություն իրականացնել։ Հիմա որևէ մարմին իրավասու չէ վարքագծի, էթիկայի կանոնների պատասխանատվության մասով։ Չենք կարող քննություն իրականացնել, վերջնական եզրակացություն տալ։ Օր առաջ կարևոր եմ համարում նման մարմնի ձևավորումը»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ նույնպես դատապարտո՞ւմ եք նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատգամավորին հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելը, Անահիտ Մանասյանը պատասխանեց․ «Այս հարցերով մենք չենք իրավասու մարմինը։ Եթե ԱԺ-ում նման միջադեպեր են տեղի ունենում, ինձ համար՝ որպես ՄԻՊ, դա անթույլատրելի, անընդունելի է։ ՀՀ-ում կա պետական պաշտոն զբաղեցնող մարդկանց էթիկայի և վարքագծի հարցերով զբաղվող իրավասու մարմին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Այդ մարմինն էլ իրավասու է այս հարցերին պատասխան տալ։ Ես իրավասու մարմին չեմ, որ կոնկրետ պատգամավորների ու պաշտոնատար անձանց էթիկայի և վարքագծի կանոնների խախտումների հետ կապված մեկնաբանություններ անեմ»։

Հարցին՝ կաշկանդվածություն չունե՞ք, նա պատասխանեց․ «Բնականաբար, չունեմ։ Չի եղել մի դեպք, երբ ես ճնշումների ենթարկվեմ, հանդիմանանքի արժանանամ։ Գրեթե բոլոր առաջարկները, որ ներկայացնում եմ, այն տեսակետները, որ արտահայտում եմ, հիմնականում տարբերվում են բոլոր գործընկերների տեսակետներից»։

Լրագրողները կրկին հետաքրքրվեցին՝ մարդու իրավունքների խախտում չէ՞ մարդուն «համբալ» անվանելը, Անահիտ Մանասյանն արձագանքեց․ «Արդեն ես այդ հարցին պատասխանեցի։ Մնացյալը կարող ենք հետագայում շփվել»։

Լրագրողները նաև խնդրեցին մեկնաբանել Մերձավանի դպրոցի միջադեպը, Անահիտ Մանասյանն ասաց․ «Այստեղ ոչ թե որևէ մեկին թիրախավորելու խնդիր ունենք, այլ այս բոլոր երևույթները վերացնելու խնդիր։ Միանշանակ սա անթույլատրելի է։ Սա մի դեպք է, որը հանրային հնչեղություն ստացավ, բայց մենք պարտադիր դիմում-բողոքներ ենք ստանում նաև այլ դեպքերի հետ կապված, որոնք մեզ համար միանշանակ անթույլատրելի են։ Նաև մասնագիտական արժանապատվությունը պետք է հարգված լինի։ Մենք պետք է կարողանանք երեխաների լավագույն շահը նաև երաշխավորել այս բոլոր իրավիճակներում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031