«Շարունակում ենք քննարկումն՝ առանց ընդդիմության, և հայտնի չէ, թե որտեղ է ընդդիմությունը։ Եթե տվյալներ ունեցողներ կան, խնդրում եմ հայտնել մեզ, որովհետև անհանգստանում ենք»,- ընդմիջումից հետո ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Այնուհետև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները մեկը մյուսի հետևից սկսեցին քննադատել ընդդիմությանը, Լևոն Քոչարյանին, Ռոբերտ Քոչարյանին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, իր կարծիքը հայտնելով ընդդիմադիրների ակտիվության պատճառների մասին, ասաց․ «Ակտիվանալու պատճառը մեկն է՝ Ռոբերտի որդի Լևոն Քոչարյանից ընդդիմության առաջնորդի կերտման գործընթացը։ Այստեղ գալիս, փորձում է ուժեղ տղամարդու կերպար իր համար կերտել, բայց այդ կերպարի՝ իր պատկերացումների հետ ես անհամաձայն եմ։ Ուժեղ և իսկական տղամարդը չի կարող ինչ-որ բան խոսել և թաքնվել կանանց թիկունքի ետևում ու թռնել դահլիճից, շենքից»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ կարծում է, որ այս լարվածությունն ինքնաբուխ չի առաջացել․ «Սա հստակ պլանավորված էր, մինչև բուն քաշքշոցը սկսելը մոտեցա պարոն Օհանյանին ու Մինասյանին, ասացի, որ ձեր շարքերն ակնհայտ սադրում են և լարվածություն առաջացնում։ Խորհուրդ տվեցի, որ հանգստացնեն, բայց նման բան տեղի չունեցավ։ Ընդդիմությունը փորձում է այնպես դուրս բերել, որ այս լարվածությունը սկսվել է նրանից, որ իրենք մեզ մեղադրել են կոռուպցիայի մեջ, և դրան ի պատասխան հնչել են արտահայտություններ։
Կարդացեք նաև
Իրենք փորձում են մեզ վրա հիմա էլ կարել կոռուպցիոների թեման։ Չի ստացվելու։ ՀՀ քաղաքացիները ոչ կույր են, ոչ էլ խուլ, ամեն ինչ տեսնում ու հասկանում են։ Մեր ունեցվածքն էլ են տեսնում, ձեր ունեցվածքն էլ․․․Մեր ամենամեծ սխալն այն է, որ այս մարդիկ այսօր գտնվում են այս դահլիճում։ Ես անկեղծ ասած՝ սկզբում հույս ունեի, որ նոր էին ընտրվել, որ կվերադառնան կառուցողական դաշտ։ Բայց շատ արագ այդ հույսը կորցրի։ Անկեղծ մտածում եմ, որ մեզ այլ բան չի մնում անել, քան ատամները կռճտացնելով, մեզ զսպելով՝ այս մի տարին էլ հանդուրժել մարդկանց ներկայությունը Աժ-ում, յոլա տանել այս անընդդիմություն ԱԺ-ն, մինչև կլինեն հաջորդ ընտրությունները։ Մենք մեր ընտրողների հետ պիտի ավելի հասկանալի շփվենք, որ մյուս անգամ անընդդիմություն խորհրդարան չունենանք։ Ընդդիմությունը կառուցողական ֆունկցիա ունի, իսկ մեր խորհրդարանական ընդդիմությունը չորս տարի զբաղված է ամեն ինչով՝ բացի իր բնական ֆունկցիան կատարելով»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ, դիմելով ընդդիմադիրներին, հայտարարեց․ «Դուք մեր երկրի հետ կապ չունեք, դուք այս տանը հյուր եք, դուք ՀՀ-ի հետ որևէ կապ չունեք ու չեք ունեցել։ Եկել, կոռուպցիայից եք խոսում, ինքնիշխանությունից եք խոսում։ Գույք պարտքի դիմացը հիշեք, երբ 95 միլիոն դոլար պարտքի դիմաց ՀՀ-ն դարձրին ՌԴ-ի ճորտ՝ գազը, լույսը, երկաթգիծը, արտադրական հզորությունները, ամբողջը։ Այս մարդկանց պետք է բացատրել, որ իրենց հետ այս դահլիճում նստում է Անուշ Քլոյանը՝ մարտի 1-ին Երևանի կենտրոնում սպանված Գոռ Քլոյանի հարազատ քույրն է։ Հայրդ Անուշ Քլոյանի հորն ասելու բան ունի՞, թե՝ չէ, Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի ընտանիքների անդամներին ասելու բան ունի, թե՝ ոչ։ Իհարկե, չէ»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանն էլ նշեց․ հայտարարեց․ «Ինձ հետաքրքրում է մի հարց, որ Ռոբերտ Քոչարյանն իր որդուն պետք է գործուղի ԱԺ, և նա ԱԺ-ի ամբիոնից պետք է պատասխանի մի հարցի՝ 2023-ի Հակարի կամրջի դեպքերից հետո Արցախում ի՞նչ են թողել, ի՞նչն են կորցրել։ 150 հազար հոգու վերքի վրա աղ եք անում, էդ մարդիկ, որոնք գերեզման են թողել ձեր վարած քաղաքականության պատճառով։ Նայում եմ՝ Արցախի դրոշն են դրել ԱԺ-ում։ Այս խմբակցության հիմնական կորիզը Դաշնակցությունն է, որը հարյուր տարի շարունակ Թուրքիայի դրոշը վառել է, մտածել, որ Արևմտյան Հայաստանի ու ցեղասպանության հարց է լուծել։ Արցախի դրոշները բերել, ԱԺ-ում դրել են, մտածել, որ Արցախի հարցը լուծել են, բայց Արցախի իրական իշխանությունը երբ իրենց ձեռքում հայտնվեց, հայտնի հնդկական կինոյի գլխավոր դերասանի մայրը լարման տակ կիթառն ավելի երկար է պահել, քան իրենք Արցախի իշխանությունը»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ հայտարարեց․ «Կրթությունից դիվահարվելու քաղաքակրթական կոդը, որ ընդդիմության մեջ կա, իրականում և′ տարօրինակ է, և′ տարօրինակ չէ։ Տարբեր անգամներ նեղսրտում եք տարբեր բառերից, արտահայտություններից։ Ուզում եմ ասել, որ դուք իրականում համբակ եք։ Չխառնեք էն մյուս բառի հետ։ Համբակ նշանակում է տգետ, հիմար։ Միայն համբակը կարող է գալ ու անընդհատ թիրախավորել կրթությունը։ Ապօրինի գույքի բռնագանձման պրոցեսն անդառնալիորեն առաջ է գնալու։ Եվ այս ընթացքում անընդհատ խոսակցություն լինելու է։ Որ մեզ քննադատում են, թե հերիք է նախկիններից խոսեք, ասեմ, հնարավոր չէ միաժամանակ ասել՝ թալանը հետ բերեք և ասել՝ նախկիններից մի խոսեք, քանի որ թալանողը նախկիններն են։ Նախկինները ներկաներ են, որոնք գալիս, այս աթոռներին նստում են, ունեն մանդատ, որովհետև ՀՀ 300․000 քաղաքացի այդ մանդատը տվել է նրանց։ Ժողովրդավարության գործընթացը լինելու է անշրջելի։ Բոլորի դիվահար նոպաները որևէ հետևանք ու նշանակություն չեն ունենալու»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ