Լրահոս
Օրվա լրահոսը

Ոտքս սկսեց ցնցվել, շտապ օգնության մեքենա կանչեք, որ ինձ տանեն հիվանդանոց. Աշոտյանի գործով վկան վատացավ նիստերի դահլիճում

Մայիս 14,2025 23:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով նիստին հարցաքննվող վկայի ինքնազգացողությունը վատացավ, շտապ օգնություն կանչեցին, ինչից հետո նիստը հետաձգվեց:

Սամվել Գալստյանի լուսանկարը՝ ԵՊԲՀ-ի կայքից

Հարցաքննվող վկան Սամվել Գալստյանն էր, որը ԵՊԲՀ ռազմաբժշկական կենտրոնի նախկին տնօրենն էր, ՊՆ աշխատակից, կոչումով գնդապետ:

Վկայի ինքնազգացողության վատացման պատճառը հանրային մեղադրողի կրկնվող հարցերն էին:

Մեղադրող դատախազը մեջբերեց բուհի կանոնադրությունը, որով ռեկտորը իրավասու է բուհի գույքը տնօրինել, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, համալսարանի անունից գործարքներ կնքել: Հետո նույն մեղադրողը նկատեց, որ բուհի տարբեր աշխատակիցների ֆինանսական միջոցներ են տրամադրվել, դրա անունը պարգեւատրում լինի կամ այլ բան՝ կապ չունի: Ապա ձեւակերպեց հարցը՝ արդյոք սա համահո՞ւնչ է բուհի կանոնադրությանը, որ ռեկտորը կարող էր տնօրինել ֆինանսական միջոցները, բայց ռազմաբժշկական կենտրոնի տնօրենը որոշեր պարգեւատրման ենթակա անձանց:

Այս հարցին առարկեցին դատավարական կողմերը, նիստը նախագահող Դոլմազյանը բավարարեց առարկությունը, հարցը հանեց:

-Ինչո՞վ եք հիմնավորում, որ նախաձեռնողը դուք եք եղել, որ ռեկտորը՝ պարոն Նարիմանյանը խրախուսի իր աշխատակիցներին: Մի՞թե պարոն Նարիմանյանը իրավիճակին չէր տիրապետում ու չէ՞ր կարող իր նախաձեռնությամբ պարգեւատրել այն աշխատակիցներին, որոնք պատշաճ են կատարել իրենց աշխատանքը,- հանրային մեղադրողի այս հարցին էլ դատավարական կողմերը առարկություն ներկայացրին, սակայն դատարանը հարցը չհանեց, բայց խնդրեց վերաձեւակերպել այն:

-Ռեկտոր Նարիմանյանը տեղյակ եղե՞լ է, ով, ինչ չափով է աջակցում ձեր ֆակուլտետին ու ինչ չափով է աշխատանքները կատարում: Կարո՞ղ էր ինքն անձամբ գնահատել իր աշխատակցին, ասել, թե ով է արժանի պարգեւատրման, ու դուք չմիջամտեիք,-մեղադրողն այսպես վերաձեւակերպեց հարցը:

-Չեմ ուզում որեւէ կերպ մեկնաբանել պարոն Նարիմանյանին, համոզված եմ, որ լիարժեք տիրապետում էր ռազմաբժշկական ֆակուլտետում տիրող իրավիճակին, բայց որպես այդ ֆակուլտետի պետ, ես ներկայացրել եմ իրեն: Ինքն իր աշխատակիցներին՝ բոլորին, լավ ճանաչում էր անվանական, հաշվի առնելով Նարիմանյանի երկարամյա գործունեությունը,- պատասխանեց վկան:

– Արդյոք պարոն Նարիմանյանն ունե՞ր ձեր ներկայացնելու անհրաժեշտությունը: Ստացվում է՝ դուք պիտի ասեիք Նարիմանյանին, դուք պիտի թույլատրեիք,-կրկին հարցրեց հանրային մեղադրողը:

-Հարցը իր մեջ ենթատեքստ ունի, ինձ իրավունք չեմ վերապահել գնահատել պարոն Նարիմանյանի կողմից արված աշխատանքները համալսարանում,- պատասխանեց վկան:

Հանրային մեղադրողի՝ պարգեւատրման կարգին վերաբերող հաջորդ հարցերը հունից հանեցին վկային:

-Պարոն դատախազը նույն բանն է նորից հարցնում տարբեր ձեւակերպումներով: Ցավոք սրտի, ես պատասխանել եմ այդ հարցին արդեն: Այլ ձեւակերպումներով ինքն անընդհատ ուզում է ինձ ասած լինել, որ դու քո լիազորությունները գերազանցել ես, իսկ դուք գիտե՞ք իմ լիազորությունները: Դուք շարունակում եք բաներ ասել՝ մեղադրելով ինձ, կարծես թե ես հանցագործ եմ: Ինձ բռնել եք, կալանելու եք, նստեցնելու եք բերդ: Ես արդեն ներվայնանում եմ, 5 անգամ սրտի վիրահատություն եմ տարել, ո՞նց կարելի է այդպես վարվել ինձ հետ: Հազիվ կանգնած եմ տեղումս, 4 անգամ տարել եմ ոտքի վիրահատություն: Անընդհատ նույն բանը հարցնում եք, ոտքս սկսեց ցնցվել, կբողոքեմ ձեր դեմ, ընդհուպ վարչապետին: Դուք որպես դատախազ իրավունք ունե՞ք նման բան կատարելու: Խնդրում եմ շտապ օգնության մեքենա կանչեք, որ ինձ տանեն հիվանդանոց: Ինքն ինձ անընդհատ մեղադրում է, մեղավորները մարդասպաններն են,- այսպես պաշտպանվեց վկան:

Նրա խնդրանքով շտապ օգնություն կանչեցին, նիստը հետաձգվեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. Ներկայացնենք Սամվել Գալստյանի վերաբերյալ ԵՊԲՀ գնահատականը, որը հրապարակվել է 2022-ին. «Պրոֆեսոր Գալստյանը մեծ ներդրում ունի ռազմական բժիշկների պատրաստման գործում:

Գրեթե երեք տասնամյակ աշխատելով բժշկական բուհում՝ նա 1994 թվականից ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի կազմավորման օրվանից, մասնագիտական գործունեություն է իրականացնում՝ սկզբում որպես ռազմադաշտային վիրաբուժության, ստոմատոլոգիայի և թերապիայի ամբիոնի թերապիայի ցիկլի պետ-ավագ դասախոս, ապա՝ ռազմադաշտային թերապիայի ամբիոնի պետ, իսկ 2011-2018 թթ. ղեկավարել է Ռազմաբժշկական ֆակուլտետը:

Մասնագետը 152 գիտական հոդվածի, 15 գրքի հեղինակ է: Նրա ղեկավարած կենտրոնն ակտիվ ներգրավված է ուսումնական տարատեսակ աշխատանքներում, վարժանքների կազմակերպման միջոցառումներում, բուհական նախաձեռնություններում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031