Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ մեկի կողմից անհամաչափ ուժի կիրառումը խաղի կամ տոնական միջոցառման ընթացքում հակասում է ՀՖՖ կողմից որդեգրված կանոններին և արժեհամակարգին»

Մայիս 14,2025 23:28

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքել է Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած միջադեպին: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՖՖ հաղորդակցության բաժինը մասնավորապես նշել է.

«Հայաստանի Գավաթի՝ 2025թ. մայիսի 13-ին կայացած եզրափակիչ խաղի ընթացքում արձանագրվել է անթույլատրելի միջադեպ։ Մասնավորապես, անվտանգության ապահովման համար ՀՖՖ-ին պահնորդական ծառայություն մատուցող անձանցից մեկը անհամաչափ ուժ է կիրառել անչափահաս երեխայի նկատմամբ, որը խաղի ավարտին մտել էր խաղադաշտ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խիստ դատապարտում է նման վարքագիծը և այն համարում անընդունելի. որևէ մեկի կողմից անհամաչափ ուժի կիրառումը խաղի կամ տոնական միջոցառման ընթացքում հակասում է ՀՖՖ կողմից որդեգրված կանոններին և արժեհամակարգին։

ՀՖՖ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ երաշխավորելու բոլոր խաղերին անվտանգ և մարդասիրական միջավայր, հատկապես՝ մեր երիտասարդ երկրպագուների համար։ Մենք մեր խորին ափսոսանքն ենք հայտնում տեղի ունեցած միջադեպի համար, և վստահեցնում ենք, որ համապատասխան քայլեր կձեռնարկվեն՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու նպատակով»:

Առաջին հայկական ճակատ երկրպագուական շարժումը հայտարարություն և տեսանյութ էր տարածել՝ պնդելով, որ Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության «Նոա»-«Արարատ-Արմենիա» խաղի ավարտից հետո դաշտ մտած անչափահաս երկրպագուի նկատմամբ բռնություն է կիրառել ՀՖՖ-ի անվտանգության պետը։

Դեպքին անդրադարձել է նաև ՀՀ ներքին գործերի նախարարությունը։«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ՆԳՆ-ն կազմված փաստաթղթերն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031