Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեղամ Նազարյանը խոստովանեց, որ չի կարդացել կառավարության ծրագիրը»․ Էդգար Ղազարյան

Մայիս 15,2025 11:48

«Ես որքան գիտեմ՝ Դուք քաղաքական գործիչ եք, առնվազն Ձեզ քաղաքական գործիչ եք համարում և շատ լավ պիտի իմանաք, թե քաղաքացիների ընդունելությունն ինչի համար է և ինչ նպատակներ է հետապնդում։ Դուք այստեղ բարձրացնում եք քաղաքական բնույթի հարցեր։ Լավ եք անում, Ձեր իրավունքից օգտվում եք»,- դիմելով Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման եկած ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանին՝ ասաց հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Էդգար Ղազարյանը մի քանի հարց տվեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի գործունեության հետ կապված և խնդրեց փոխանցել նրան։ Օրինակ՝ այն, որ նա ընդգրկված է ՀՀ ԱԺ-ի և Արցախի ԱԺ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կազմում, այդտեղ ի՞նչ գործունեություն է ծավալում, վերջին հանդիպումը երբ էր, և հաջորդը ե՞րբ է լինելու։

Նա տարօրինակ համարեց այն, որ Վլադիմիր Վարդանյանը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում է, որը գլխավորում է արդարադատության նախարարը և խնդրեց Վլադիմիր Վարդանյանին փոխանցել այն հարցը, թե ինչ տրամաբանությամբ է պատգամավորն ընդգրկված նախարարի գլխավորած հանձնաժողովում։ Ըստ Էդգար Ղազարյանի՝ պետք է հակառակը լինի․ նախարարը գա ու ԱԺ-ին հաշվետվություն ներկայացնի, այլ ոչ թե պատգամավորն աշխատի նախարարի փաստացի ենթակայությամբ։

Նաև նշեց, որ ՀՀ կառավարության ծրագրով չի նախատեսվում, որ պետք է իրականացվի Սահմանադրության փոփոխություն, նոր սահմանադրության ընդունում, ոչ մի խոսք չկա Անկախության հռչակագրից հրաժարման մասին, ՔՊ-ի նախընտրական ծրագրում ևս չի եղել այդպիսի կետ, որով Վլադիմիր Վարդանյանը դարձել է պատգամավոր, ուստի ինչո՞ւ է նա մեր ժողովրդին այլ խոստում տվել և հակառակն արել։

Գեղամ Նազարյանն ասաց, որ ներկայիս տեխնոլոգիաների պարագայում պատգամավորները կլսեն նրա հարցերը և անհրաժեշտության դեպքում կպատասխանեն։ Ինքը միայն փոխանցելու է այն, ինչ վերաբերում է պետաիրավական հանձնաժողովի բուն գործառույթին։

Էդգար Ղազարյանը նաև Գեղամ Նազարյանին հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի նախաձեռնության մասին։ Գեղամ Նազարյանն ասաց, որ երեք անգամ հրապարակային պատասխանել է այդ հարցին և ավելացնելու ոչինչ չունի։ Էդգար Ղազարյանը, դիմելով Գեղամ Նազարյանին, ասաց, որ նա միջնորդ է քաղաքացիների և հանձնաժողովի անդամների միջև, Գեղամ Նազարյանը պատասխանեց․ «Հանձնաժողովը զբաղվում է քաղաքացիների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերով։ Դուք երկար ժամանակ բարձր պաշտոններ եք զբաղեցրել և դեսպան եք աշխատել, ես չէ, որ Ձեզ պետք է բացատրեմ՝ քաղաքացիների ընդունելությունն ինչի համար է։ Ձեր քաղաքական հարցերը լուծելու համար այլ հարթակներ կան»։

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Էդգար Ղազարյանը հայտնեց, որ հանձնաժողովի անդամները չեն պատասխանել իր նամակներին։ Այնուհետև ասաց․ «Ես երևի պիտի դատախազությունից բոլոր հանդիպումներին ներկայացուցիչ հրավիրեմ օպերատիվ արձագանքման համար։ Գեղամ Նազարյանն ըստ էության՝ ինձ մի քանի խորհուրդ տվեց և խուսափեց հարցերին պատասխանելուց։ Բայց մի քանի հարցի մասին տվեց հստակ ու սպառիչ պատասխաններ։ Պարզվում է՝ Գեղամ Նազարյանը չի կարդացել կառավարության գործունեության 2021-2026-ի ծրագիրը։ Ինքը խոստովանեց, որ ծանոթ չէ այդ փաստաթղթին, իսկ դա պատգամավորի պարագայում լուրջ թերացում է։ Կառավարության ծրագիրը ԱԺ կողմից հավանականության է արժանացել։ Պարոն Նազարյանը՝ որպես պատգամավոր չի ծանոթացել մի փաստաթղթի, որը քննարկվել է ԱԺ-ում։ Իրավաբան գործընկերներիս հետ խորհրդակցեմ, թե սա իրավական ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։ Նա դուրս է եկել պատգամավորական խմբակցությունից, շարունակում է մնալ ԱԺ պատգամավոր։ ԱԺ կանոնակարգը չի արգելում, ընտրական օրենսգրքի կարգավորումների մասով նման բան չի կարող լինել։ Դա նաև մյուս երեք պատգամավորներին է վերաբերվում, քանի որ խախտվում է ընդդիմության՝ առնվազն մեկ երրորդի ներկայացվածության սկզբունքը։ Գործ ունենք բոլոր իմաստներով խոցելի պատգամավորների հետ»։

Լրագրողների դիտարկմանը՝ ընդդիմադիր պատգամավորներն էլ չեն եկել Էդգար Ղազարյանի հետ հանդիպման, նա այսպես պատասխանեց․ «ԱԺ աշխատակիցներն ինձ տեղեկացրին, որ ընդհանրապես քաղաքացիների ընդունելությանը հանձնաժողովների ոչ բոլոր անդամներն են գալիս։ Կա ներքին պայմանավորվածություն հերթապահության ձևով․ ամեն հանդիպմանը մի պատգամավոր է գալիս։ Ուղղակի իրենց հերթապահության սկզբունքից ելնելով՝ Գեղամ Նազարյանն է եկել, բայց դա չի սահմանափակում մյուս պատգամավորների իրավունքը, որ նույնպես ընդունելությանը մասնակցեն»։

Էդգար Ղազարյանն ասաց, որ շարունակելու է գալ հանդիպումների․ «Ես ո՞նց էդ հնարավորությունը բաց թողնեմ։ Վաղն էլ երկու հանդիպում ունեմ»։ Լրագրողները կրկին փաստեցին՝ բայց ընդդիմադիրներն էլ չեն ցանկանում իր հետ հանդիպել, Էդգար Ղազարյանն արձագանքեց․ «Ո՞ւր են փախչելու։ Շատ հետաքրքրված չեն, բայց ուր գնում են, դրանից են խոսում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031