«Գեղամ Նազարյանի՝ մինչև հիմա արված հայտարարություններն այնպես են նվաստացնում իր զավակի վաստակը, հերոսությունները, որ ուղղակի կապել նրան այդ սոցիալական կապով իր հերոսական զավակի հետ, կարծում եմ՝ չի կարելի։ Ուղղակի նրան պետք է հիշատակել որպես ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյան։ Իր դիրքորոշման փոփոխությունը և այլն, իմ կարծիքով՝ իրավունք չեն տալիս իրեն զոհված զինծառայողի ծնողի անունից հանդես գալու, որովհետև իր զավակի սխրանքները, հայրենասիրությունը ծառայությունները մեր պետությանն ու ժողովրդին ոչ մի կերպ համադրելի չեն նրա դիրքորոշումների և հայացքների հետ»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման եկած ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը։
Նա լրագրողներին հայտնեց, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն․ «Ռուբեն Ռուբինյանի՝ ինձ հետ չհանդիպելու հետևանքով հաջորդ օրը Գլխավոր դատախազություն հաղորդում եմ ներկայացրել։ Քրեական օրենսգիրքը մի հանցագործություն է նկարագրում՝ խտրականություն, և այդ հանցակազմն ավելի բարդացնող հանգամանքներ ունի՝ պետական պաշտոնյաների կողմից խտրական վերաբերմունքի ցուցաբերումը։ Գլխավոր դատախազին հաղորդում են ներկայացրել, որ նախ նախաձեռնի վարույթ և միջնորդություն ներկայացնի ԱԺ-ին Ռուբեն Ռուբինյանին անձեռնմխելիություն զրկելու և նրան այդ գործում մեղադրյալ ներգրավելու համար»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցը, Էդգար Ղազարյանն այսպես արձագանքեց․ «Հիշեցի որսի գնալ չցանկացող շան հայացքը։ Նիկոլ Փաշինյանի հայացքը Կարմիր հրապարակում ինձ ստիպեց հիշել այդ փոխաբերական համեմատությունը։ Ակնհայտ երևում էր, որ զոռով է գնացել ու իր միջավայրում չի գտնվում»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով փաստին, որ հայ արտահանողները խնդիրներ ունեն Վրաստան արտահանման հետ կապված, Էդգար Ղազարյանը հեգնանքով ասաց․ «Ո՞նց չեն կարողանում։ Մենք հիմա խաղաղության խաչմերուկ ունենք, խաղաղության խաչմերուկի բուկլետ կա, այդ բուկլետը Նազելի Բաղդասարյանն անխնա կերպով բաժանում է․ արդեն Չինաստանի փոխվարչապետին էլ են տվել, Պուտինին էլ են տվել։ Բուկլետը տպված է, լամինացված է, բոլորին բաժանել են, իսկ դուք ասում եք՝ հայ արտահանողները խնդիրներ ունեն։ Ո՞նց կարող է խնդիրներ ունենան»։ Այնուհետև վստահեցրեց՝ մեր արտահանողները լուրջ խնդիրների են նաև բախվելու տարբեր ուղղություններով»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. «Սույն սուբյեկտը իմ մասին այս տարիների ընթացքում ինչ ասես ասել է, վերջին բառերով վիրավորել է, բայց ես ուշադրություն չեմ դարձրել ու ոչ էլ վիրավորվել եմ,- ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է Ռուբեն Ռուբինյանը՝ տարածելով Գեղամ Նազարյանի հասցեին Էդգար Ղազարյանի ասածի տեսապատկերը:- Բայց այս խոսքերը տեսնելիս զայրույթս չեմ կարողանում զսպել:
Ո՞վ ես դու, որ որդուն կորցրած մարդուն այսպիսի բան ասես, որ որդեկորույս հոր ու իր որդու միջև հակադրություն դնես, այ անսուրբ:
Դու ընդհանրապես գիտե՞ս ինչ է ինքը զգացել, զգում ու զգալու: Ես էլ չգիտեմ: Աստված չանի, իմանանք, ես էլ, դու էլ»: