Լրահոս
Օրվա լրահոսը

«60 բուհ ունենք, ինչը միջազգային չափանիշների համեմատ էապես խեղված ցուցանիշ է»․ նախարարը ներկայացրեց ոլորտի բարեփոխման «ողնաշարը»

Մայիս 15,2025 12:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ այս փաթեթը բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխման ողնաշարն է։

«Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ մենք ունենք շատ լուրջ եւ համակարգային խնդիրներ բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում։ Եվ մի քանի պարզ ցուցանիշներ ցույց են տալիս, թե ինչպիսին է իրավիճակը։ Բարձրագույն կրթությունը տարիների ընթացքում հեռացել է հետազոտահենք կրթության օրակարգից՝ ձեւափոխվելով առավելապես դասախոսությունների վրա հիմնված գործընթացի՝ հաճախ որակի եւ մրցունակության էական թերացումներով։ Փաստացի չի գործում բարձրագույն կրթության եռաստիճան համակարգը, եւ փոխարենը գիտական աստիճանի շնորհումը չի դիտարկվում իբրեւ կրթության մաս, այլ պահպանվում է սովետական համակարգից ժառանգված երկաստիճանությունը։ Միաժամանակ գիտական գործունեություն առանձին է նաեւ տնտեսական ոլորտից, և, ըստ էության, խաթարված է բուհ-հետազոտություն-տնտեսություն եռանկյունը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

Նա հավելեց, որ կան լուրջ խնդիրներ՝ կապված գիտական աշխատողների տարիքային կազմի հետ։ Եվ այս ինստիտուցիոնալ ոչ բավարար վիճակը չի նպաստում նաեւ ինստիտուցիոնալ սերնդափոխությանը։ Ծերացմանը զուգընթաց, չնայած կան ոլորտ մուտք գործող երիտասարդներ, սակայն սա ինստիտուցիոնալ սերնդափոխություն չէ, որովհետեւ գիտելիքի փոխանցումն ինստիտուցիոնալ չէ։

Անդրադառնալով բուհերին՝ նախարարն ասաց․ «Մենք 60 բուհեր ունենք, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր 50 հազար բնակչին մեկ բուհ կարող է բաժին հասնել, ինչը միջազգային չափանիշների համեմատ էապես խեղված ցուցանիշ է։ Բուհական համակարգում արված վերլուծությունները ցույց են տալիս, որ ամբողջ համակարգում ներգրավված ակադեմիական անձնակազմի միայն 6 տոկոսն է հանդիսանում գիտական աշխատող։ Մեր բուհերում դասավանդողների 51 տոկոսը գիտական աստիճան ընդհանրապես չունի։ Այս ոլորտում բարեփոխումներն այլընտրանք չունեն, եւ այն, ինչ առաջարկվում է, կարելի է համարել ուշացած»։

Ժաննա Անդրեասյանն ասաց, որ փոփոխությունները նախատեսում են, որ կունենանք պատշաճ մակարդակի կրթական ծառայությունների մատուցում, որն ապահովվելու է երկու հիմնական գործիքների միջոցով՝ լիցենզավորման ու հավատարմագրման։ «Ուսանողական համարժեք փորձառությունն ընդհանրապես դառնում է օրենքի կարեւոր առանցքներից մեկը։ Ներդրվում է ոլորտի կառավարման թվային միջավայրը, նախատեսված են ուսանողներին տրամադրվող կրթաթոշակային բազմամակարդակ համակարգեր։ Վերանայվում են գիտության կազմակերպման սկզբունքները, եւ նախատեսվում է, որ գիտական կազմակերպությունները կգործեն խոշորացված հետազոտական համալսարանների կառուցվածքում՝ որպես ինքնակառավարման մեծ շրջանակ ունեցող միավորներ»,- ասաց նա։

Նախարարը նաեւ հավելեց, որ բուհերում արգելվելու է կուսակցական գործունեությունը կամ քարոզը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031