Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, ըստ որի՝ քաղաքացիները կվճարեն 45 հազար եւ հնարավորություն կունենան արագացված կարգով մասնակցել վարորդական վկայականներ ստանալու համար անցկացվող գործնական եւ տեսական քննություններին։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասաց, որ այսօր, երբ անձն առաջին անգամ բացասական գնահատական է ստանում, հաջորդ ամենասեղմ ժամկետում տրվող հնարավորությունը մեկ շաբաթ անց վերահանձնելու հնարավորությունն է։ «Բայց ունենում ենք բազմաթիվ խնդրանքներ, դիմումներ մեր քաղաքացիներից, որ պատրաստ են արագացված ծառայություններ ձեռք բերել եւ դրա դիմաց ոչ թե 7 օր անց վերահանձնել քննությունը, այլ, օրինակ, հաջորդ օրը կամ 3 օր հետո։ Ըստ այդմ՝ առաջարկում ենք առաջին անգամ բացասական ստանալու դեպքում հաջորդ օրը վարորդական քննությանը մասնակցելու համար սահմանել հավելյալ վճարով քննությունը հանձնելու հնարավորություն, այն կկազմի 45 հազար դրամ։ Եվ առաջին անգամ բացասական ստանալու դեպքում, եթե անձը ոչ թե հաջորդ օրը ցանկություն ունի հանձնել քննությունը, այլ երրորդ օրը, ապա այս դեպքում էքստրա վճարի մեջ եւս 30 հազար դրամ վճարելու պայմանով անձը կարող է շատ ավելի սեղմ ժամկետում հանձնել քննությունը»,- նշեց նախարարը։
Այս փաթեթով երկրորդ խումբ հարցերը վերաբերում են հաշվառման վկայագրերի եւ վարորդական վկայագրերի թվայնացմանը։ «Այսինքն՝ մեր օրենսդրական փաթեթով հնարավորություն ենք տալիս ֆիզիկապես հաշվառման վկայագրի եւ վարորդական վկայականի պլաստիկին զուգահեռ ունենալ նաեւ թվային տիրույթում այս վկայագրերի թվայնացված տարբերակը եւ ՀՀ տարածքում թույլատրելի համարել նաեւ թվային տարբերակով վարորդական վկայականների եւ հաշվառման վկայագրերի շրջանառությունը։ Եթե պարեկային ծառայության կողմից արձանագրվել է ճանապարհային երթեւեկության որեւէ կանոնի խախտում, եւ եթե անձը չունի պլաստիկ վկայականը, բայց կա թվային տարբերակով վկայականը, սա որեւէ ձեւով չի հանգեցնի վարչական պատասխանատվության կիրառման»,- մանրամասնեց Արփինե Սարգսյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարցրեց Արփինե Սարգսյանին․ «Տիկին Սարգսյան, հիմա ես կարո՞ղ եմ իմ վարորդական իրավունքի վկայականը կոնվերտացնել թվայինի եւ չպահել ինձ մոտ վկայականը մեքենա վարելիս»։
Կարդացեք նաև
«Միանշանակ, պարոն Գրիգորյան, այս պահին դուք ունեք գործող վարորդական վկայական, կարող եք դիմել, ստանալ նաեւ թվային վարորդական վկայականը եւ ՀՀ տարածքում երթեւեկության շրջանակներում թվային վարորդական վկայականի գոյությունն այլեւս բավարար կլինի երթեւեկության մեջ իրավաչափ մտնելու համար։ ՀՀ տարածից դուրս պիտի ունենաք արդեն»,- արձագանքեց Արփինե Սարգսյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ