«Բազմաթիվ գումարման խորհրդարանների պատգամավոր եմ եղել, ամեն ինչ տեսել եմ, բայց այս կարգի այլանդակություն չեմ տեսել։ Խորհրդարանական մշակույթի հետ այս ամենը որևէ կապ չունի»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած քաշքշոցին՝ այսպես պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նա ցավով նշեց՝ իշխանությունները չեն էլ հասկանում՝ բացի նրանից, որ սա մենք մեր մեջ ենք խոսում, դրսում էլ են լսում․ «Իրենք երևի ստացել են հրահանգ․ ընտրությունները մոտենում են, խանդավառ հայհոյախոսությունները, որ կան, նշանակում է, որ մրցավազք է սահմանված ցանկում տեղ գրավելու համար, ով ավելի հուժկու հայհոյանքներ կարտաբերի»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ճի՞շտ է պահել, Արմեն Ռուստամյանը պատասխանեց․ «Լևոն Քոչարյանն իրեն շատ կոռեկտ է պահել։ Այն, ինչ իր դեմ ասել են, որևէ անձ անգամ չէր կարող այդքան համբերել։ Նորմա՞լ է, որ ԱԺ-ում հայհոյում են մարդու տոհմը»։
Ըստ Արմեն Ռուստամյանի՝ խորհրդարանն արդեն գնում է լուծարման․ «Հույսներս այն է, որ այս ամենը տեսնելով՝ ժողովուրդը նորմալ խորհրդարան ընտրի»։
Կարդացեք նաև
Լրագրողների հարցին՝ նորմա՞լ է, որ խորհրդարանում Լևոն Քոչարյանը հայհոյում է, և արդյոք չպե՞տք է նաև նրա մանդատի հարցը քննարկել, Արմեն Ռուստամյանն այսպես արձագանքեց․ «Վարչապետը թող իր պաշտոնից հրաժարվի, քամի ցանողը փոթորիկ է հնձում։ Իրենք քամի են ցանել, փոթորիկ են հնձում։ Սա իրենց համար էլ է շատ վատ լինելու։ Այսինքն՝ իրենք կարող են հայհոյել մենք պիտի մեղր բաժանե՞նք։ Համբալ ո՞վ է ասել, ո՞վ է սրել այս վիճակը և դարձրել հայհոյախառն միջավայր։ Ի՞նչ կապ ունի ապօրինի գույքը։ Ում ասես՝ բռնում են։ Ապօրինի գույքով իրենք են դատվելու, երբ իշխանությունները փոխվեն»։
Հարցին՝ իշխանության՝ այս վարքագծի պարագայում իմաստ ունի՞ մանդատները պահել, Արմեն Ռուստամյանը պատասխանեց․ «Բան չմնաց։ Հեսա մանդատները վերջանում են։ Մանդատների՝ վայր դնելն իրենց օգտին է լինելու, հիմա վախենում են գնալ արտահերթի, քանի որ մտածում են, որ այդ 14 օրում վակուում է առաջանալու»։
Հարցին՝ ի՞նչ կարծիք ունեք Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի մասին, Արմեն Ռուստամյանը պատասխանեց․ «Պարզ ասել ենք, որ անհրաժեշտ ու բավարար պայմաններ չկան։ Ժողովուրդը կակտիվանա, իմպիչմենտն էլ իրականություն կդառնա»։
Հարցին՝ Լևոն Քոչարյանը չպե՞տք է ներողություն խնդրի, Արմեն Ռուստամյանը պատասխանեց․ «Огласите весь список», ցանկը ներկայացրեք։ Բոլորը պետք է ներողություն խնդրեն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ