Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավատարիմ մնալով արժեքներին, բայց նաև բաց լինելով առաջընթացի համար». մեկնարկել է ԵՊՀ շրջանավարտների ֆորումը

Մայիս 15,2025 14:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի պետական համալսարանում առաջին անգամ անցկացվում է ԵՊՀ շրջանավարտների ֆորում, որի նպատակը համալսարանական համայնքի համար հաղորդակցման և համագործակցության հարթակի ստեղծումն է։

ԵՊՀ տարբեր տարիների շրջանավարտները հնարավորություն կունենան քննարկելու արդիական խնդիրներ, ներկայացնելու իրենց մասնագիտական փորձն ու ձեռքբերումները, անդրադառնալու Հայաստանի, տարածաշրջանի և համաշխարհային մակարդակով տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին ու մարտահրավերներին:

Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ ԵՊՀ շրջանավարտների ֆորումը նոր ավանդույթի մեկնարկ կդառնա՝ միավորելով համալսարական համայնքը. «Այսօր մեր հասարակության և պետության առջև ծառացած են մի շարք խորքային մարտահրավերներ, որոնց երկարաժամկետ լուծումը հնարավոր է միայն կրթված, քննադատական մտածողությամբ, մասնագիտական, քաղաքացիական պատասխանատվությամբ հասարակության միջոցով, և հենց այստեղ է համալսարանի ու համալսարանական համայնքի դերը»:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և կարևորել ֆորումի անցկացումը՝ ընդգծելով, որ բուհերը, կրթություն, գիտություն ու հետազոտություն իրականացնելուց բացի, ունեն հանրային կարևոր առաքելություն:

«Մեր առաջնային խնդիրն է կրթական, հետազոտական համայնքում մշտապես ձևավորվող առաջադեմ, լուսավոր գաղափարները զարգացնել՝  դրանք  դարձնելով հանրային վարքականոն՝ այդկերպ նաև նպաստելով հանրության զարգացմանը: Վստահ եմ՝ ֆորումն ունի այս նպատակների իրականացման ռեալ գործիքակազմ,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել,- ԿԳՄՍ նախարարությունը մշտապես կանգնած է որակական կարևոր փոփոխություններ բերող նախաձեռնությունների կողքին»:

Մասնակիցներին մաղթելով արդյունավետ ընթացք՝  նա հույս է հայտնել, որ ֆորումի շրջանակում կայացած քննարկումները դառնալու են լավագույն ծրագրերի հիմք:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն այս նախաձեռնությունը դիտարկում է որպես ռազմավարական կարևոր քայլ. «Մենք ձգտում ենք համադրել նորարարությունները և մեր ազգային ու ակադեմիական առաջնահերթությունները՝ հավատարիմ մնալով արժեքներին, բայց նաև բաց լինելով առաջընթացի համար: Այս գործընթացում իրական փոփոխությունը տեղի է ունենում, երբ շրջանավարտը դառնում է համալսարանի ռազմավարակական գործընկերը, և այդ համագործակցությունը մեզ համար անփոխարինելի արժեք է»:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գնահատմամբ՝ առաջին ֆորումի անցկացումը կարևոր իրադարձություն է համալսարանի համար՝ որպես շփման, համագործակցության և համատեղ պատասխանատվության նոր հարթակ:

Ֆորումի շրջանակում նախատեսված են պանելային քննարկումներ, բանախոսություններ, ինչպես նաև ոչ ֆորմալ պայմաններում միմյանց հետ շփվելու հնարավորություն։ Ակնկալվում է, որ ֆորումի մասնակիցների ձևակերպած խնդիրները, մարտահրավերներն ու առաջնահերթությունները հիմք կծառայեն շրջանավարտների համայնքի հետագա գործունեության կազմակերպման համար։ Դրանով պայմանավորված՝ միջոցառման ընթացքում կանցկացվի նաև քննարկումների շարք՝ ի նպաստ ԵՊՀ շրջանավարտների համայնքի կայացմանն ու գործունեության արդյունավետության բարձրացմանը։

Ֆորումի արդյունքները կամփոփվեն ոլորտային քննարկումների եզրակացությունների ներկայացմամբ և ԵՊՀ շրջանավարտների գերազանցության մրցանակների շնորհմամբ։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031