Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդազարյանի գործով միջնորդություն ներկայացվեց հարցաքննել Վահագն Հովակիմյանին, Նարեկ Ղահրամանյանին եւ Գագիկ Ջհանգիրյանին

Մայիս 15,2025 15:44

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստին պաշտպանական կողմն այսօր միջնորդեց հարցաքննել կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանին, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանին, ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին և «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանին։

-Վահագն Հովակիմյանը հստակ ձեւակերպումներ է օգտագործել հենց հանցակազմի մասին, որի հիման վրա էլ քրեական վարույթ է նախաձեռնվել,- վստահեցրեց Վարդազարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

Իսկ Նարեկ Ղահրամանյանին որպես վկա հարցաքննելու անհրաժեշտության առնչությամբ պաշտպանը մեջբերեց իր պաշտպանյալին ուղղված Ղահրամանյանի հարցերը՝ ձեր պաշտոնավարման ընթացքում եղե՞լ է քրեական գործի շրջանակում զանգեք որեւէ դատավորի, խնդրեք, համոզեք, սպառնաք կամ կաշառեք այս կամ այն վճիռը կայացնելու համար: Օրբելյանի խոսքով՝ պատգամավորի հարցի բովանդակությունից կարելի է ենթադրել, որ նա տեղեկացված է քրեական գործի հարուցման համար հիմք հանդիսացած ենթադրյալ դեպքին, այն պայմաններում, երբ այդ ժամանակ ոչ հանցանքի մասին հաղորդում կար, ոչ էլ քրեական գործ է եղել:

Ինչ վերաբերում է Ջհանգիրյանին հարցաքննելու անհրաժեշտությանը՝ պաշտպան Արամ Օրբելյանը հիշեցրեց, հրապարակված հեռախոսային ձայնագրությունը Ջհանգիրյանի եւ Վարդազարյանի միջեւ ու նկատեց, որ այդ ձայնագրության բովանդակությունից ակնհայտ է՝ Ջհանգիրյանը նույնպես կարող էր տեղեկացված լինել այս քրեական գործի հարուցման համար հիմք հանդիսացած հանգամանքների մասին:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, պետք է հրապարակեր Ռուբեն Վարդազարյանի գործով վճիռը, սակայն որոշեց գործի քննությունը վերսկսել՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հարցաքննության անհրաժեշտությամբ։ 

Արամ Օրբելյանը նաեւ նկատեց, որ այս գործով չի կարող մեղադրական դատավճիռ լինել, քանի որ գործը հարուցվել ու կառուցվել է բացառապես քաղաքական դրդապատճառներով ու նպատակ չի եղել հանցավորության դեմ պայքարը. «Դատարանը պարտավոր է արդարացման վճիռ տալ, քանի որ այս քրեական գործը քաղաքական հետապնդում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031