Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք «էս չենք»: «Էս»-ը այն «վերնախավերն» են, որոնք որոշում են քաղաքականություն ու ձեւավորում են մթնոլորտ եւ միջավայր. Հակոբ Բադալյան

Մայիս 15,2025 17:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը

Մերձավանի «պատկերից» հետո արձագանքների մի մեծ մասում «կարմիր թելով» անցնում է հերթական «մենք էս ենք»-ը:

Ընդհանրապես, Հայաստանում ամեն մի այսօրինակ միջադեպից հետո «մենք էս ենք»-ը դարձել է նորաձեւ: Կամ՝ դարձրել են նորաձեւ: Ավելին, «մենք էս ենք»-ը դարձրել են նույնիսկ կրթվածության, անգամ ինտելեկտուալության, մշակութային առաջադիմության «չափանիշ» ու ինքնահաստատման միջոց:

Ու թեեւ «մենք էս չենք» ասելը նորաձեւ չէ, ես նույնիսկ կպնդեմ, որ մենք «էս չենք» ընկերներ, մենք էս չենք: Մեր հանրությունից մի կերտեք կենցաղ-մշակութային վայրենիներ:

Ցանկացած հասարակությունը կառուցված է մշակութային եւ մտածողական, արժեքային ու գաղափարական տարբեր շերտերից, ամենացածրից մինչեւ ամենաբարձրը:

Հարցն այն է, թե ինչն ես դուրս բերում այդ հասարակությունից, որ շերտն ես բերում ու դարձնում գերակա, որ շերտն ես ակտիվացնում երկրում վարվող համապարփակ քաղաքականությամբ:

Մեզանում ակտիվացվել է հենց «վայրի» շերտը: Չշփոթել «վայրենու» հետ: Ակտիվացվել է «վայրի» շերտը, որովհետեւ այդ ռեժիմն է հարմար անբովանդակ քաղաքական տրենդներ ու նարատիվներ առաջ մղելու համար:

Մենք «էս չենք»: «Էս»-ը այն «վերնախավերն» են, որոնք որոշում են քաղաքականություն ու ձեւավորում են մթնոլորտ եւ միջավայր:

Մենք պարզապես զուրկ ենք հանրային որակների հետ աշխատելու պատրաստ եւ ունակ էլիտայից:
Եվ խնդրում եմ նաեւ վերստին չկրկնել, թե էլիտաները չեն ընկնում օդից: Իհարկե չեն ընկնում օդից: Ոչինչ էլ չի ընկնում օդից: Բայց էլիտան հենց նրանով է էլիտա, որ իր հատկանիշներով էապես առանձնանում է լայն հանրությունից եւ այդ հատկանիշները ենթադրում են նաեւ հանրային միջավայր ու ընթացք փոխելու, հասարակական եւ պետական մթնոլորտի հիմքում հանրային որակները, այլ ոչ թե հանրային բնազդները ամրապնդելու, այդ որակների հետ աշխատելու, այլ ոչ թե բնազդների վրա խաղալու կարողություն եւ ցանկություն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031