Լրահոս
Օրվա լրահոսը

Խաշթառակում իր մանկահասակ երեխաներին բռնության ենթարկած մայրը հղի է և չի ներկայանում դատարան. «Հետք»

Մայիս 15,2025 18:12

«Հետք». Խաշթառակ գյուղում մանկահասակ երեխաների նկատմամբ մոր և պապի կողմից բռնության գործադրման վերաբերյալ քրեական գործը 2023թ․ ապրիլից քննվում է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Հիշեցնենք՝ 2020թ․ օգոստոսին դաժան ծեծի հետևանքով Տավուշի մարզի Խաշթառակ գյուղից Երևանի հիվանդանոցներ տեղափոխվեցին 1-9 տարեկան 7 երեխաներ։ Պարզվեց, որ երեխաներին ֆիզիկական բռնության են ենթարկել նրանց պապը՝ Խաշթառակի բնակիչ Սամվել Հակոբջանյանը և նրա դուստրը՝ Մարիաննա Հակոբջանյանը։

Ս․ Հակոբջանյանի որդու՝ Անուշավանի 6 և 4 տարեկան որդիներին տեղափոխեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, դստեր՝ Մ․ Հակոբջանյանի 5 անչահաս երեխաներին տեղափոխեցին «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։ Վեցամյա Սերգեյ Հակոբջանյանը, այդպես էլ գիտակցության չգալով, օգոստոսի 25-ին մահացավ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում (ԲԿ)։

Սամվել Հակոբջանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2020թ․-ի օգոստոսի 16-ին, իր հանգիստը խանգարելու պատճառով ձեռքով հարվածել էր անչափահաս թոռան՝ վեցամյա Սերգեյ Հակոբջանյանի դեմքին։ Վերջինս վայր էր ընկել ննջասենյակի հատակին, գլխով հարվածել բազմոցի ոտնակին, որն էլ անզգուշությամբ առաջացրել էր Սերգեյ Հակոբջանյանի մահը։ 2020թ․ օգոստոսի 25-ին, ստացած մարմնական վնասվածքներից անգիտակից վիճակում, երեխան տեղափոխվել էր Երևան և մահացել «Սուրբ Աստվածավայր» ԲԿ-ում:

Բացի այդ, Սամվել Հակոբջանյանը նույն օրը երեկոյան Խաշթառակի իր տան բակում, իր վրա անվադող նետելու համար փայտով մի քանի անգամ հարվածել էր դստեր անչափահաս որդու՝ 2016թ․-ին ծնված Նաիրի Ղալումյանի մարմնի տարբեր մասերին, ապա վեր բարձրացրել նրան և գցել հատակին՝ երեխայի առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս։

Հետաքրքրականն այն է, որ մոտ 5 տարի առաջ տեղի ունեցած այս ողբերգական դեպքի քննությունը, չնայած հանրային լայն հնչեղությանը, իրավապահ մարմինները չէին շտապում ավարտել։ Չի շտապում նաև դատարանը։

7 քննիչի ձեռքով անցած նախաքննությունն ավարտվեց երկուսուկես տարում։ 2023թ․-ի մարտին քրեական գործն ուղարկվեց դատարան և դատավոր Սամվել Մարդանյանին մակագրվելուց մեկ շաբաթ հետո դատական նիստ նշանակվեց։ Ենթադրվում էր, որ դատաքննությունն արագ տեղի կունենա, քանի որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել են բազմաթիվ՝ դատաբժշկական, դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություններ։ Դատարանում նոր փորձաքննություններ նշանակելու հարց չի ծագել։

Սակայն 2 տարի և 2 ամիս ընթացող դատաքննությունը դեռևս լսումների փուլում է։ Առաջին դատական նիստը նշանակվել է 2023թ․ ապրիլի 5-ին, և մինչ օրս 26 նիստ է նշանակվել։ Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ բոլոր նիստերը կայացել են, բացառությամբ մայիսի 13-ին նշանակվածը։

Դատական դեպարտամենտի լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրին, որ նիստը հետաձգվել է մեղադրյալներից Մարիաննա Հակոբջանյանի՝ դատարան չներկայանալու պատճառով։ Նա պետք է հարցաքննվեր այդ օրը, սակայն 28 շաբաթական հղի է և Երևանում է գտնվում։

Մարիաննա Հակոբջանյանին մեղադրանք է առաջադրվել պարբերաբար, տարբեր կենցաղային առիթներով դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով իր անչափահաս երեխաներին բազմաթիվ հարվածներ հասցնելու համար՝ Նաիրի Դավիթի Ղալումյանին (ծնված՝ 2016թ.), Նարե Դավիթի Ղալումյանին (ծնված 2014թ.), Նարեկ Դավիթի Ղալումյանին (ծնված՝ 2011թ.), Նիկ Էդգարի Անտոնյանին (ծնված՝ 2018թ.) և եղբոր անչափահաս որդիների՝ հանգուցյալ Սերգեյ Հակոբջանյանի (ծնված 2014թ․), Արտյոմ Անուշավանի Հակոբջանյանի (ծնված՝ 2016թ․) մարմնի տարբեր մասերին։

Մեղադրյալ Սամվել Հակոբջանյանի պաշտպանը` հանրային պաշտպան Արթուր Մելիքբեկյանը, լրագրողներին հայտնել էր, որ Ս․ Հակոբջանյանը 1972թ․-ից հաշվառված է որպես հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ։

Դուստրը՝ Մարիաննա Հակոբջանյանը, նույնպես հոգեկան առողջության խնդիրներ ունի, նա իր 5 անչափահաս երեխաների հետ բնակվել է ծնողների տանը։ Տավուշի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Հարություն Քոչարյանը մեր նախորդ հրապարակման առիթով տեղեկացրել էր, որ քրեական գործի նախաքննության փուլում, ըստ անհրաժեշտության, նրան ծնողական իրավունքներից զրկելու գործընթաց կնախաձեռնվի։

Սառա Պետրոսյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031