Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ հիշում՝ Դուք կրթությամբ քաղաքագետ եք, թե՝ ոչ , բայց ազգերը նացիստ կամ ֆաշիստ չեն լինում։ Դա բխում է իշխող կարգից»․ Հայկ Մամիջանյանը՝ Հասմիկ Հակոբյանին

Մայիս 15,2025 18:50

«Գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ քաղաքական մեծամասնությունը, բնական է, ունի քաղաքական գիծ, որից բխում  են նրա բոլոր որոշումները»,- Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում «Հայրենական պատերազմի 80-ամյակի առիթով» հայտարարության նախագծի  քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Դիմելով ՔՊ-ական պատգամավորներին, որոնք դեմ էին այդ հայտարարության ընդունմանը, Արմեն Ռուստամյանն ասաց․ «Դուք անընդհատ խոսում եք, որ անկախ Հայաստանի շահերից չի բխում նման հայտարարություն անելը։ Դուք պատկերացնում եք՝ ձեր նոր թեզը՝ իրական Հայաստանի մասին։ Երկու բառ կա, որը այս իշխանությունների համար սպառնալիք է իրական Հայաստանի համար՝ հայկական և հաղթանակ։ Այս երկու բառերը չեք կարող իրար կպցնել։ Սարդարապատի հաղթանակը ձեզ համար անընդունելի է, Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակը, որի մեջ հայ ժողովրդի դերակատարությունը մեծ է եղել, ձեզ համար անընդունելի է, Եռատոնը՝ Շուշիի հաղթանակը ձեզ համար անընդունելի է, որովհետև դուք պարտությունից պետք է կերտեք իրական Հայաստանը։ Պարտություն պարտության հետևից եք բերում։ Երբ մենք զորահանդես էինք անում, զորահանդեսն անում էինք Ստեփանակերտում այդ հոբելյանի ժամանակ։ Դուք Ստեփանակերտ անունը կյանքում կտա՞ք՝ Խանքենդի կասեք։ Այս ձևով ո՞ւր եք տանում, այս ժողովրդին ինչո՞ւ եք խաբում , թե կա ապագա։ Ի՞նչ ապագա՝ թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ նվաստացած, իր անվտանգությունն ամբողջությամբ հանձնած ապագա կա՞»։

 

Այնուհետև անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի՝ հանձնաժողովի անունից արված դիտարկումներին, ասաց․ «Ես Ձեր խոսքից հասկացա, որ եթե օրինակ՝ Շուշիի մասը հանենք, դուք պետք է որ դեմ չլինեք այս հայտարարությանը։ Նիկոլ Փաշինյանն էլ գնացել, մասնակցել է զորահանդեսին Մոսկվայում։ Հիմա ի՞նչն է խանգարում, որ ԱԺ-ն ցույց տա, որ ինքը նույնպես կարևորում է ՀՀ-ի և հայ ժողովրդի մասնակցությունն այդ իրադարձությանը։ Ինչո՞ւ ԱԺ-ն հայտարարություն չպիտի անի, ինչու դո՞ւք չպետք է առաջարկեք, որ ԱԺ-ն դա անի»։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ արձագանքեց Հասմիկ Հակոբյանի այն պնդումներին, թե «իրար են կապվում 47 տարվա տարբերությամբ տեղի ունեցած իրադարձություններ։ Եվ այսպիսի զուգահեռները որևէ առնչություն չունեն իրենց բնույթով, պատմական ժամանակաշրջանով և միջազգային ընկալմամբ», նշեց․ «Հարց ունենալ, թե ինչի համար է այս հայտարարությունը կապվում Շուշիի ազատագրման հետ, ինձ համար անհասկանալի է։ Հայրենական Մեծ պատերազմը, Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի՝ մեր բոլորիս հաղթանակներից երկուսն են։ Եվ դուք երևի տեղյակ չեք՝ մինչև 2018-ը կյանք է եղել, և մայիսի 9-ը կոչվում էր Եռատոն։ Ինչո՞վ է պայմանավորված այդ մոլուցքը ջնջելու հայ ժողովրդի հաղթանակները։ Հիմա Դուք դրանով եք զբաղվում»։

Հասմիկ Հակոբյանն արձագանքեց․ «Եռատոն ունենալու համար պետք էր՝ առաջին ղարաբաղյան պատերազմը հաղթելուց հետո չմսխեիք դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելու հնարավորությունը, որ Եռատոն շարունակեինք ունենալ, պետք էր չթալանել բանակը»։

Հասմիկ Հակոբյանի այն պնդումներին, թե «այս հայտարարությունը, որի բուն իմաստը պետք է միավորող լիներ, իրականում դառնում է բաժանարար գիծ, դատապարտող է», Հայկ Մամիջանյանն այսպես պատասխանեց․ «Ինձ կասե՞ք՝ բա ֆաշիզմի ու նեոֆաշիզմի մասին ո՞նց խոսենք՝ փշի փշի անելո՞վ, գովանաբանելո՞վ։ Այն երկրի ԱԺ-ն, որը նեոֆաշիզմի հետ բախվում է ամեն օր՝ սահմանային կրակոցների տեսքով, էթնիկ զտման տրամաբանությամբ, որ այդ երկրի ԱԺ-ն այդ ծիրից պիտի նայի այս հարցին»։

Հասմիկ Հակոբյանն էլ հարցրեց՝ օրինակ՝ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ Խորհրդային Ադրբեջանը նացի՞ստ էր, թե՝ հետո դարձավ նացիստ, Հայկ Մամիջանյանն այսպես պատասխանեց․ «Չեմ հիշում՝ Դուք կրթությամբ քաղաքագե՞տ եք, թե՞ ոչ , բայց ազգերը նացիստ կամ ֆաշիստ չեն լինում։ Դա բխում է իշխող կարգից։ Ես չեմ կարծում, որ տեղին է նշել, թե Խորհրդային Ադրբեջանն այդ տարիներին ինչ է արել, սովոր չեմ գովել Ադրբեջանին՝ ի տարբերություն ոմանց։ Ձեր հարցի պատասխանը ԵՊՀ-ի քաղաքագիտության գրքի կամ առաջին կամ երկրորդ կուրսում է»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031