Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ կայացավ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանից եւ Լամարա Խուդավերդյանից ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով քաղաքացիական գործի հերթական դատական նիստը:
Հայցվոր կողմի ներկայացուցիչ Նաիրա Արտաշեսյանը գործի ընթացքի մասով միջնորդեց սույն դատական նիստը հետաձգել մի քանի հանգամանքով պայմանավորված, որոնցից հիմնականը, թերեւս, այն էր, որ Սահմանադրական դատարանի որոշման համատեքստում միգուցե անհրաժեշտություն լինի հայցվորի կողմից այլ միջնորդություններ ներկայացնելու:
Կարդացեք նաև
Պատասխանող կողմի ներկայացուցիչներ Արամ Օրբելյանը եւ Արթուր Հովհաննիսյանն առարկեցին՝ համարելով, որ դատախազությունը այդպես ժամանակ է խնդրում, որպեսզի ՍԴ որոշման լույսի ներքո տեսնի՝ այս գործով հետագա քայլեր ունի՞ անելու՝ հայցի առարկայի հիմք փոխելու, լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու: Փաստաբանները պնդեցին, որ այդ հիմքով նիստը հետաձգելու հնարավորություն օրենսգիրքը չի տալիս:
Մեզ հետ զրույցում Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Կամ դու, իրոք, հիմա պետք է բերես միջնորդություն՝ հայցի առարկա կամ հիմք փոխես, դատարանն էլ դրա հիման վրա հետաձգի նիստը, կամ նիստը պետք է շարունակվի: ՍԴ որոշման վրա լրացուցիչ դիրքորոշում հայտնելու հիմքով նիստի հետաձգման հնարավորություն օրենքը չի տալիս:
Բացի այդ, մենք հստակ դատարանին արտահայտեցինք մեր դիրքորոշումը, որ դատախազությունը իր նախկին սխալներն է փորձում ուղղել, որի հնարավորությունը նախ չունի, երկրորդ՝ այդ սխալները մենք մատնանշել ենք թե դատախազությանը, թե նաեւ դատարանին հենց գործը հարուցելուց հետո առաջին նիստերի ժամանակ: Խոսքը վերաբերում է նրան, որ այս հայցի մեջ նշված գույքերը, որոնք դատախազությունը ցանկանում է բռնագանձել, որեւէ կապ չունեն այն հանցագործության հետ, որում մեղադրվել էր Հրայր Թովմասյանը եւ որն էլ հիմք էր հանդիսացել այս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ նախաձեռնելու: Այս հիմքը իրենց հայցի մեջ չլինելու պայմաններում իրենց հայցը ենթակա էր մերժման:
Հիմա դատախազությունը հստակ չի ասում, բայց միտքը հետեւյալն է. դատարան, նիստը հետաձգիր, թող մենք գնանք, երեւի պետք լինի՝ մեր հայցի մեջ ինչ-որ ենթադրյալ փոփոխություններ անենք, որ մեր հայցը ՍԴ որոշման հետ համահունչ լինի, որ հետո կարողանանք այս գործը շարունակել: Մենք ասում ենք՝ չէ, մենք էլ այսօր բերել ենք կարճ միջնորդություն, ասում ենք, քանի որ քո հայցը անհիմն է եւ նույն ՍԴ որոշումից չի բխում, այլ հակառակը՝ հակասում է այդ որոշմանը, այս գործը ենթակա է փակման, հայցն էլ՝ մերժման: Դատարան, խնդրում ենք մեր միջնորդությունը քննիր, որ այդ հայցն ակնհայտ անհիմն է, ոչ թե թույլ տուր իրեն, որ գնա, ինչ-որ փոփոխություններ անի:
Մենք մատնանշում ենք, որ եթե դատարանը հետաձգի եւ այդ գործողությունը թողնի, կարող է կանխակալության հարց բարձրանա, որ դատարանն անուղղակի կարգով օգնում, աջակցում է դատախազությանը, որպեսզի իր սխալներն ուղղի եւ գործը շարունակվի»:
Դատարանը կարճ ընդմիջումից հետո հայցվորի միջնորդությունը մերժեց եւ հնարավորություն տվեց պատասխանող կողմին՝ ներկայացնելու իր միջնորդությունը: Այն է՝ քանի որ հայցի հիմքն ակնհայտ անհիմն է, հետեւաբար, բոլոր այն գույքերը, որոնք ենթակա են բռնագանձման, չեն կարող բռնագանձվել: Պատասխանող կողմը նաեւ առաջարկեց գործը քննել արագացված ռեժիմով եւ կարճել:
Դատարանը հաջորդ նիստը նշանակեց հունիսի 5-ին, ժամը 10:30-ին, որի ընթացքում կշարունակվի պատասխանող կողմի միջնորդության քննարկումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ