Վայոց ձորի մարզի սահմանամերձ Ելփին գյուղի բնակիչների հիմնական խնդիրն աշխատատեղերի բացակայությունն է։ Ըստ գյուղացիների՝ անվտանգային հարցերն իրենց մտահոգում են, բայց չեն վախեցնում եւ գյուղից գնալու պատճառ չեն։
«Կրակոցներ եղել են մեր գյուղի ուղղությամբ, բայց գյուղացիների մտավախությունը ոչ թե կրակելու համար թողնել գնալն է, այլ աշխատանք չկա»,- ասում է «Ելփին» գյուղատնտեսական կոոպերատիվի նախագահ Արթուր Նազարյանը, որը շատ ակտիվորեն զբաղվում է գյուղի խնդիրներով։
Նախիջեւանի հետ սահմանակից Ելփին համայնքը, թեեւ ընդգրկված է ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում, սակայն, գյուղացիների խոսքով, իրենք չեն օգտվում արտոնությունների լայն ցանկից, որոնցից օգտվում են մի շարք սահմանամերձ համայնքներ, օրինակ, նույն Վայոց ձորի մարզի Արենի համայնքը։ Մասնավորապես, Ելփինի բնակիչներն առաջնահերթ ուզում են, որ իրենց համայնքում էլ գործի սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագիրը։
«Ես ինքս ստորագրահավաք եմ անցկացրել, վարչապետին էդ թղթերը ներկայացրել եմ, բայց ոչ մի արդյունք, ասում են՝ եթե այդպես լինի, Հայաստանի կեսին պետք է սահմանամերձի կարգավիճակ տանք։ Բայց օդային հաշվարկով մեր համայնքը 2-3 կմ է հեռու ադրբեջանական դիրքերից»,- նշում է Արթուր Նազարյանը։
Կարդացեք նաև
Հետո հավելում է․ «Սահմանապահ-սահմանամերձ, այդ կարգավիճակն այդպես էլ չհասկացանք, թե որն է։ Մի կողմից ասում են՝ եթե գյուղը համարում են սահմանապահ, լայն արտոնությունները գործում են, բայց կառավարությունում մեզ ընդհանուր սահմանամերձ համայնքի կարգավիճակ են տվել։ Վայոց ձորում երեք սահմանամերձ համայնքների են լայն արտոնություններ տվել, իսկ Ելփինի կարգավիճակում, ճիշտ է, գրված է սահմանամերձ, բայց արտոնյալ ոչ մի բան չկա։ Իրենք ասում են՝ կան նորմեր, ասում են՝ հեռավորության ու այլ նորմերին պետք է համապատասխանի, որպեսզի դուք ստանաք այդ կարգավիճակը։ Բայց սահմանն անմիջապես գյուղի վերեւն է, այն սարի հետեւը՝ 100 մետր ներքեւ նստած են։ Անցած տարիներին կրակոցներ են եղել գյուղի ու տների վրա, փառք Աստծո, տուժածներ չեն եղել»։ 2022-ի սեպտեմբերյան հարձակման ժամանակ էլ թշնամու անօդաչու սարքեր են ընկել գյուղ։
Որպեսզի սահմանամերձ այս համայնքի բնակիչները մնան գյուղում, Արթուր Նազարյանի խոսքով, շահագրգռող պայմաններ պետք է լինեն։ Նա ասում է՝ ժամանակները փոխվել են, մարդիկ ուզում են շատ վաստակել, լավ կյանքով ապրել։ Արթուր Նազարյանը պանրի արտադրությամբ ու տուրիզմով զբաղվող գործարար է, ասում է, որ չի արտագաղթելու իր համայնքից, ավելին, օգնում է նաեւ գյուղացիներին՝ իրացնելու իրենց կաթը։ Բայց որպեսզի գյուղացիները մնան գյուղում, պետական մակարդակով ծրագրեր պետք է իրագործվեն։ «Ես չեմ ասում՝ արտոնություն տան, մենք ընդհանրապես հարկ չտանք։ Չէ, հարկատեսակը պետք է մնա, բայց կան արտոնյալ պայմաններ, օրինակ` էլեկտրաէներգիայի, գազի սպառման արտոնությունը, արեւայի կայանների տեղադրման ծրագիրը, բնակարանաշինությունը, դրանք շահագրգռող պայմաններ են, որպեսզի մարդը տվյալ տարածքում մնա ու աշխատի, ոչ թե թողնի գնա խոպան։ Մեր համայնքները դատարկվում են այսօր։ Բայց ով իր գյուղն ու ծննդավայրը սիրում է, չեն հեռանում գյուղից, օրինակ, ես ու իմ ընտանիքը նվիրված ենք էս հող ու ջրին, ո՞ւր գնանք»,- հավելում է նա։
Ելփինի բնակիչներն արտագաղթում են կամ Ռուսաստան, իրենց խոսքով, գնում են խոպան, կամ էլ Երեւան եւ երեւանամերձ համայնքներ, որտեղ ավելի հեշտ է աշխատանք գտնել։
«Կյանքը փոխվել է, առաջ գյուղացիները գնում էին 20-30 կմ վերեւ, սարերում խոտ էին հավաքում, բերում՝ անասուն էին պահում, հիմա դա էլ չեն անում, ոչ մեկը չի ուզում գնա էդքան տարածք, հեռու տեղ, խոտ հավաքի, բերի, որպեսզի անասուն պահի։ Ասում են՝ պատրաստի խոտ առնենք, բայց վերջը մեկը պետք է այդ խոտը հավաքի, որ առնես։ Որպեսզի մեր երիտասարդությունը չբացակայի գյուղից, այդ սահմանամերձ կարգավիճակը կարեւոր է, դա առաջինը կլուծի բնակարանաշինության հարցը, որպեսզի երիտասարդները տուն սարքեն այստեղ։ Հիմա երիտասարդները գնում են խոպան կամ Երեւան, ասում են՝ գնանք փող աշխատենք, որ տուն առնենք։ Գնում՝ տեսնում են, լավ է, տեղավորվում, մնում են, էլ չեն գալիս գյուղ։ Իսկ եթե այստեղ տուն սարքի, ամուսնանա, չի գնա, մի հատ փոքրիկ բիզնես կմտածի, որպեսզի կարողանան արդեն ստեղծել ու վայելել։ Էս սիրուն բնությունն ուր թողնես գնաս, բայց մարդկանց պայման պետք է տալ։ Երիտասարդը մտածում է՝ կոմպյուտերի դար է, ինչի՞ս է պետք անասուն պահեմ, գնում է Երեւան, Ռուսաստան, մեկ ուրիշ տեղ։ Օրինակ՝ Արենի համայնքում 16 մլն դրամի ծրագիրն իրականացվում է, բոլոր երիտասարդները սկսեցին տուն առնել, ոչ մի տեղ չգնալ։ Անգամ Երեւանից եկան, Գյումրիից եկան, հողեր գնեցին Արենիում, սկսեցին տներ կառուցել, այսինքն՝ մոտ 400 տնտեսություն այդ ծրագրից օգտվեց Արենիում։ Իսկ Ելփինում ոչ մի աջակցություն, հակառակը, մեկն ուզում է տուն սարքել, այնքան թղթեր են ուզում, որ էս խեղճ մարդը հիասթափվում գնում է»,- ասում է Արթուր Նազարյանը։
Ելփին համայնքը տարբեր խնդիրներ ունի, մասնավորապես, ոռոգման ջրի խնդիրն է շատ լուրջ։ Արթուր Նազարյանի խոսքով՝ ամառային սեզոնին ընդհանրապես ոռոգման ջուր չեն ունենում, պոմպակայանների միջոցով են ջուր հասցնում գյուղացուն․ «Դա էլ է ազդում գյուղացու վրա, անընդհատ վճարում է, հողի հարկը տվեց, ջրի վարձը տվեց, վերջում զրո եկամուտ։ Ո՞նց ապրի, պետք է եկամուտ լինի, որ ապրի»։
Ելփինում հիմնականում զարգացած է գյուղատնտեսությունն ու անասնապահությունը, գինեգործությունը, վերջին տարիներին գյուղում զարգացնում են նաեւ տուրիզմը։ Կտրուկ նվազել է անասնագլխաքանակը։
Արթուր Նազարյանը մանրամասնում է, թե ինչո՞ւ է նվազել անասնագլխաքանակը։ «Ելփինում նախկինում ունեինք 1200 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, այս պահի դրությամբ ունենք 480 գլուխ խոշոր եղջերավոր։ Նվազման պատճառները տարբեր են։ Օրինակ՝ բերեցին սպանդանոցներ սարքեցին, գյուղացին իր խոշոր եղջերավոր անասուններին պահում էր՝ սա մսացու, սա կաթնատու, գիտեր, որ մսացուն պետք է աշնանը մորթի, այսքան գումար առնի, տանի իր վարկը մուծի, ընտանիքի կարիքները հոգա։ Հիմա բացեցին սպանդանոցները, լավ բան են սպանդանոցները, բոլորս հասկանում ենք, որ պետք է զարգացում լինի, բայց սպանդանոցները չաշխատեցին, մարզում մի սպանդանոց չկա, մեկը Վայքում էր, էն էլ չի աշխատում։ Ասում է՝ պետք է 20 հատ անասուն լինի, որ ես սպանդանոցը բացեմ։ Լավ, եղբայր, մի գլուխ անասունը մարդը ո՞նց հասցնի Վայք, սպանդանոցում մորթի։ Սպանդանոցն էլ այդ միսը չի վերցնում, տալիս է գյուղացին, ո՞ւր տանի մարդն այդ միսը։ Այ սենց բաներից հիասթափվեցին մարդիկ ու սկսեին վերացնել իրենց անասուններին։ Մեզ մոտ կաթի մթերման խնդիր չի առաջացել, որ գյուղացին դրա պատճառով չպահի»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ