Լրահոս
Օրվա լրահոսը

«Բրեժնևն էլ եկավ, գնաց, Սադամ Հուսեյնն էլ»․ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Հակակոռուպցիոն դատարանում է՝ բարձր տրամադրությամբ

Նոյեմբեր 18,2025 16:56 Share

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, նրա որդու՝ Սպարտակ Ղուկասյանի, եղբոր՝ Գևորգ Ղուկասյանի, Սաշա Զաքարյանի և Արմեն Մաթևոսյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթի դատաքննությունը։ Այսօր դատարանը լսելու է այս գործով վկաներին։

Կալանավորված Վարդան Ղուկասյանը երբ ներս մտավ դատարանի դահլիճ՝ նրան նստածները դիմավորեցին ծափահարություններով։

Նա ողջագուրվեց որդու՝ Սպարտակ Ղուկասյանի հետ ու տեղավորվելով ամբաստանյալի աթոռին՝ ասաց․ «Լրատվականը թող ազատ լինի, այստեղ եք չէ՞, նկարահանում եք»։

Լրագրողներից մեկը հարցրեց՝ ինչպե՞ս եք, պարոն Ղուկասյան, որին նա պատասխանեց․ «Փառք տիրոջը, լավ ասենք, լավ լինի, Աստծո ողորմածությամբ լավ եմ, ձենս ոնց էր մի քիչ էն չէ, հա, որ հարցնում եք»։ Իրենով հետաքրքրվողներին ասում էր՝ «Փառք Աստծո, նորմալ է, ամեն ինչ լավ է, վսյո խորոշո»։

Վարդան Ղուկասյանը ժպտում էր, ամեն ներս մտնողի բարևում ձեռքով, համբուրվում։

Նա նշեց, որ մտածում է երկնային արքայության մասին։ Այդ նեղությունը, ըստ նրա՝ «Էսօր կա, վաղը չկա, ինչպես ասում է վարդապետներից մեկը՝ մարդուս կյանքը երեք վայրկյան է․ մեկը ծնվելուց, մյուսը՝ հետադարձ հայացք գցելուց, մյուսն էլ մահանալուց։

Հիմա բոլորս պիտի մտածենք՝ Աստծո առաջ ի՞նչ պատասխան պիտ տանք, էդքան բան, մնացածը սաղ սուտ է, ունայնություն, ունայնություն»։

Կալանավորված Վարդան Ղուկասյանը, որն ամեն բան անում էր իր թիմակիցներին տրամադրությունը բարձր պահելու համար, ասաց․ «Բրեժնեևն էլ եկավ, գնաց, Սադամ Հուսեյնն էլ, անցողիկ կյանք է, մնում է մի բան, նայիր վերև»։

Այդ պահին ներս մտավ դատավորը՝ սկսելով դատական նիստը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930