Երևանը, անկախ տարբեր տեսակի հանգամանքներից ու վայրիվերումներից, ապրում է մշակութային բուռն իրադարձություններով, համերգներով հագեցված և ռիթմիկ կյանքով՝ դասականից մինչև ժամանակակից, ազգագրականից մինչև ջազ։
Մեր երկիր հյուրընկալվում են տարբեր ժանրերի, մեծ մասամբ անվանի կատարողներ՝ դիրիժորներ, դաշնակահարներ, երգիչներ և այլն։ Սպասված հյուրերից էր համաշխարհային համբավ ունեցող թավջութակահար Մարկ Դրոբինսկին։
Երաժիշտը ելույթ է ունեցել Փարիզում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Բեռլինում, Բրյուսելում, Ամստերդամում, Ստոկհոլմում և այլն։ Նրա համերգային քարտեզը հսկայական է, իսկ աշխարհահռչակ գործընկեր երաժիշտների ցանկը խոսուն` Մստիսլավ Ռոտրոպովիչ, Մաքսիմ Շոստակովիչ, Վալերի Գերգիև, Մարտա Արգերիխ, Միշա Մայսկի, Դիանա Անդերսեն, Առնոլդ Կաց, Կոնստանտին Օրբելյան, Պյեր-Դոմենիկ Պոննել, Հենրիխ Թալալյան, Դմիտրի Լիսս և ուրիշներ։
Համաշխարհային մամուլում Մարկ Դրոբինսկիի արվեստը ներկայացնում են որպես «հնչյունի կախարդանք», կատարողական տեխնիկան շլացուցիչ, իսկ ստեղծագործության մեկնաբանությունը` հանճարեղ։
Կարդացեք նաև
Կարևորելով ժամանակակից անվանի կոմպոզիտոր Սոֆիա Գուբայդուլինայի կարծիքը, մեջբերենք նրա խոսքերը Դրոբինսկիի մասին. «Նա ոչ միայն ունի հզոր և ազնիվ հնչողություն, այլև տիրապետում է ներդաշնակության բոլոր գաղտնիքներին և նրբերանգներին։ Ձևի հիանալի զգացողությունը կատարելապես համակցված է կատարման հավերժության հետ։ … Նա ունի զարմանալի առանձնահատկություն, անկեղծ հետաքրքրություն ցանկացած նոր երաժշտական նյութի նկատմամբ»։
Դրոբինսկիին, հռչակավոր «թավջութակի մաեստրոյին» են նվիրված ժամանակակից կոմպոզիտորների, այդ թվում Ա. Ռաբինովիչի, Գ. Զանոնի, Ֆ. Կաուֆմանի, Դ. Վինկլերի, Ա. Սանտանայի և այլոց ստեղծագործությունները։ Երաժշտի երկացանկը հարուստ է և հետաքրքիր։ Նրա համերգներին հնչում են դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Երևանյան համերգներին թավջութակահարը կատարեց Ս. Ֆրանկի, Է. դե Ֆալյայի, Ի. Ստրավինսկու, Ա. Սանտանայի, Մ. Բրոնների, Մ. Բրուխի, Մ. Վայնբերգի և մեր հայրենակից Միխայիլ Կոկժաևի ստեղծագործությունները։
Կայացած երեկոներից մեկում զրուցեցինք արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, Նարինե Ավետիսյանի հետ:
«Հայկական կոմպոզիտորական դպրոցի ականավոր ներկայացուցիչ Միխայիլ Կոկժաևը, դասական լավագույն ավանդույթների ժառանգորդն է։ Նրա կոմպոզիտորական արվեստը առանձնանում է բարձր պրոֆեսիոնալիզմով, ոճերի և ժանրերի բազմազանությամբ։ Կոմպոզիտորը կարողանում է նկատել «անսովորը սովորականի մեջ», բաժանում երաժշտական հյուսվածքը մոլեկուլային մակարդակի, ստեղծելով բազմաշերտ ձայնային տիրույթներ։ Կոկժաևի համար ստեղծագործելը, առաջին հերթին, բազմաչափ աշխարհի վերարտադրությունն է»։ Այսպես արտահայտվեց մեր զրուցակիցը թավջութակահարի հնչեցրած գործերից առանձնացնելով Կոկժաևի «Պարզ մեղեդին» և «Պավանան» (նվիրված Մ. Ռավելի հիշատակին) ստեղծագործությունները, որոնք դասվում են կոմպոզիտորի ռոմանտիկական ստեղծագործությունների շարքին, և որոնք երաժիշտը կատարեց չափազանց զգայականորեն ու խորությամբ։
Հավելեց նաև, թե միջազգային մամուլը նկարագրելով Դրոբինսկիի երաժշտական արտահայտչաձևի աներևակայելի գեղեցիկ, կրքոտ ու վստահ ոճը, նշում է, որ թավջութակահարը կարողանում է հանդիսատեսի ուշադրությունը հեշտությամբ կենտրոնացնել յուրաքանչյուր նոտայի վրա։ «Ի դեպ, այս կարծիքը համընկնում է կոմպոզիտոր Կոկժաևի կարծիքի հետ` Դրոբինսկիի կատարողական արվեստի առանձնահատկություններից է կոմպոզիտորի մտահղացման մեջ նրա ներթափանցելու ունակությունը։ Թավջութակահարը երաժշտական տեքստը մշակում է մանրակրկիտ՝ պարզաբանելով, կարծես թե անտեսանելի, սակայն ստեղծագործությունը կատարելու համար շատ կարևոր նրբերանգները։ Նրան հաջողվեց փոխանցել իմ ստեղծագործության իսպանական ինտոնացիայի բույրը, որը հաճախ հանդիպում է Ռավելի մոտ», – ասաց տիկին Ավետիսյանը, փոխանցելով կոմպոզիտորի հետ իր զրույցից այս պատառիկը :
Շարունակելով էլ՝ հավաստիացրեց. «Կոմպոզիտորը բարձր գնահատեց երիտասարդ դաշնակահարուհի Աստղիկ Ղուկասյանի կատարողական արվեստը նույնպես, որի հանդեպ Մարկ Դրոբինսկին չէր թաքցնում իր հիացմունքը» ։
Մասնագետին խնդրեցինք ներկայացնել նաև մեր երիտասարդ երաժշտին։ «Աստղիկ Ղուկասյանը միջազգային «Delphin Games» (Մոսկվա), «Viva-Music» (Նյու-Յորք) և այլ մրցույթների մրցանակակիր է։ Կարծում եմ, հասկանալի է նրա պատասխանատվությունն ու հուզմունքը` բեմ բարձրանալ նման աշխարհահռչակ երաժշտի հետ։ Աստղիկը արժանավայել ներկայացավ որպես հայկական դաշնամուրային դպրոցի ներկայացուցիչ և բարձր պահեց իր երաժշտական տոհմի պատիվը։ Հուսանք, որ այս համագործակցությունը կարող է լինել շարունակական և Մարկ Դրոբինսկիի կատարումները մենք հնարավորություն կունենանք նորից վայելելու»:
Սամվել Դանիելյան