Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմական Արցախում բոլոր ջանքերն ուղղված էին մշակութային արժեքների պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը. «Ապառաժ»

Մայիս 16,2025 18:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապառաժ». Արցախի շրջաններում մշակութային կյանքը միշտ էլ ակտիվ է եղել։ Անգամ 2020-ի պատերազմից հետո, երբ առաջացել էին մի շարք դժվարություններ՝ Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի ՄԵ հարցերի բաժինը շարունակում էր իրականացնել իր առաքելությունը։

ՄԵ հարցերի բաժնի վարիչ Անի Խաչատրյանի խոսքով՝ միշտ առաջնորդվել են այն գաղափարով, որ Ազգային մշակույթը պետք է պահպանել, ինչպես երկրի պետական սահմանը: Պատերազմական իրավիճակում գտնվող Արցախում բոլոր ջանքերն ուղղված էին մշակութային արժեքների պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը, քանի որ հենց դա է պահում ազգի ոգին և ուժ տալիս ժողովրդին։

-Մարտունու շրջանում գործում էր արվեստի երկու դպրոց՝ Մարտունու՝ Արամ Խաչատրյանի անվան և Ճարտարի արվեստի դպրոցները։ Գործում էր նաև Մարտունու մշակույթի և երիտասարդության կենտրոնը և Ճարտարի մարզամշակութային պալատը, ինչպես նաև համայնքային 34 մշակույթի տներ։ Մարտունու ՄԵ կենտրոնում գործում էր «Քնար» համույթը, որն ուներ կեսդարյա պատմություն։ Արցախում հայտնի, փառավոր ուղի անցած համույթը տարիներ շարունակ համերգային ծրագրերով հանդես էր գալիս տարբեր համայնքներում։ Թե՛ Հյուսիսային Կովկասում, և թե՛ Անդրկովկասում ճանաչում էր գտել իր յուրահատուկ երգացանկով ու գործիքային կատարումներով։ Խորհրդային միության փլուզումից հետո նա շարունակում էր շրջել՝ լինելով Հայաստանում, Ռուսաստանում և այլուր։ Համույթը պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով ու պատվոգրերով։ Համույթի մշակույթի տան տնօրենը Բաբկեն Մուսայելյանն էր, իսկ գեղարվեստական ղեկավարը՝ Վլադիմիր Շիրինյանը։ Երկուսն էլ արժանացել են մշակույթի վաստակավոր կոչման և մեծ ներդրում ունեցել համույթի ձեռքբերումների գործում։

Մարտունու մշակույթի շենքն ուներ նույն դիզայնը, ինչ Երևանում Թամանյանի նախագծած Օպերայի և բալետի պետական թատրոնը, որը ճարտարապետական հայտնի կոթող է: Նույն նախագծով 1962 թվականին կառուցվել է Ճարտար գյուղի Մշակույթի պալատը։ Այդտեղ հագեցած ու հետաքրքիր միջոցառումներ էին իրականացվում։ Ճարտարի մշակույթի տանն է թրծվել ԱՀ ժողովրդական արտիստ, մեր բոլորիս հպարտություն Ռաշիդ Ղարաբաղցին։

Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի ՄԵ բաժինն իր գործունեության ընթացքում համագործակցում էր ԱՀ ԿԳՄՍ նախարարության, Մարտունու քաղաքապետարանի հետ՝ իրականացնելով բազմաբնույթ միջոցառումներ։ Դրանք շատ-շատ էին․ հիշարժան և տոն օրերին նվիրված ցերեկույթներ, ցուցահանդեսներ, տոնավաճառներ․․․ Ամենաակնառուն ավանդական ճաշատեսակների փառատոնն էր, որտեղ մասնակցում էին շրջանի բոլոր համայնքները։ Այդ փառատոնը միակն էր, որ կազմակերպվել էր շրջանի համայնքապետարանների ակումբավարների ջանքերով՝ առանց պետության կողմից որևէ ֆինանսական աջակցության։ Այդ օրը շրջանի բնակչությունը վայելում էր արցախյան ավանդական և հարուստ խոհանոցի բարիքները։

Հարցին, թե Հայաստանում հաստատվելուց հետո փո՞րձ է արվել պահպանել, կամ ստեղծել որևէ մշակութային կենտրոն, որը կներկայացնի Մարտունու շրջանը, Անի Խաչատրյանն ասաց․

-Արցախի տեղահանությունից հետո բազմիցս փորձել եմ արվեստի դպրոցների, մշակույթի տան տնօրեններին հավաքել ու հասկանալ, թե ինչպիսի քայլեր ձեռնարկենք, որ ինչ-որ չափով կարողանանք պահպանել Մարտունու մշակութային կյանքը։ Սակայն չհաջողվեց, քանի որ բոլորը ցրված են աշխարհով մեկ։ Այսօր մենք չունենք կենտրոն, որն իր շուրջը կհավաքի մարտունեցիներին։ Պարբերաբար խոսում և հանդիպում եմ շրջանի ղեկավարության հետ, բոլորս էլ մտահոգ ենք մեր ապագայով, Արցախի մշակութային կյանքի պահպանման խնդրով։ Գո՞ւցե առաջիկայում հնարավոր լինի, քանի որ Մարտունու երիտասարդները պրպտումների մեջ են և ցանկանում են ունենալ Մարտունու շրջանը ներկայացնող կենտրոն։ Հուսանք, որ այդ նախաձեռնությունը կյանքի կկոչվի։

Այսօր ամենքս մտահոգ ենք, գտնվում ենք անորոշ վիճակում, սակայն ես ուզում եմ՝ լցվենք հավատով, որ կկարողանանք հաղթահարել դժվարությունները՝ գիտակցելով, որ պարտավոր ենք շտկել մեր մեջքը ու վերստին ապրել․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031