Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՀ լուծարման ապօրինությունը ոչ թե մեկ այլ հրամանագրով պիտի չեղարկվեր, այլ նախաձեռնվեր իրավական գործընթաց եւ, անգամ, քրեական վարույթ»

Մայիս 17,2025 13:30

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե Փաշինյանի թիմն իշխանությունը կամավոր հանձնելուն ուղղված որեւէ նախաձեռնության կաջակցի, եթե դրսից եկող ազդեցիկ հորդոր-ազդակներ նախապես չստանա։

-Նիկոլ Փաշինյանի առնվազն վերջին շրջանի գործողությունները վկայում են այն մասին, որ նա ընտրել է ՌԴ-ի հետ հարաբերությունները չլարելու տարբերակը։ Մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում էր, մինչդեռ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել էր, որ Եվրամիությունը հստակ է արտահայտվել՝ չեն ցանկանում, որ անդամությանը հավակնող երկրները մասնակցեն Մայիսի 9-ի շքերթին: Ինչպիսի՞ հետեւանքներ կարող է ունենալ Նիկոլ Փաշինյանի այցը ՀՀ-ի՝ Արեւմուտքի հետ հարաբերությունների վրա։

– Կարելի է ենթադրել, որ Փաշինյանի գործողությունները հիմնված են իրականության՝ իրեն բնորոշ գնահատականների վրա։ Այդ գնահատականները, թերեւս, փոքր-ինչ պարզունակ են, չունեն ռազմավարական խորություն, բայց, տեսականորեն, ունակ են սպասարկել իր ընթացիկ քաղաքական շահերը։ Հավանաբար, ՀՀ վարչապետն ու թիմակիցները հասկացել են, որ Արեւմուտքն այլեւս միասնական չէ եւ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն տարբեր կերպ են տեսնում ապագա գլոբալ զարգացումների ուղղվածությունն ու բովանդակությունը։ Միացյալ Նահանգները հակված են բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ հանուն դրա շատ ցավոտ զիջումներ են պարտադրում Ուկրաինային, մինչդեռ ԵՄ-ն նախընտրում է պաշտպանել պաշտոնական Կիեւի՝ Ռուսաստանին պարտություն պարտադրելու դիրքորոշումը։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը ստեղծված նոր իրավիճակում ուզում է շահել այս դիմակայության ռուս-ամերիկյան թեւի բարեհաճությունը։ Դա, կարծես, չհաջողվեց անել իր՝ ԱՄՆ կատարած այցելության շրջանակներում պաշտոնական Վաշինգտոնի պարագայում ու, թերեւս, Կարմիր հրապարակում հայտնվելու միջոցով, ՀՀ վարչապետը հույս ուներ գոնե ռուսական դուռն իր համար բացել։ Չեմ կարծում, որ Հայաստանի եւ անձամբ իր առջեւ կանգնած խնդիրներն այս կերպ լուծում կգտնեն, անգամ, եթե նա կատարի Մոսկվայից ու Վաշինգտոնից իրեն հասցեագրված պահանջները կամ հրահանգները։ Հարցեր լուծելու համար նախ անհրաժեշտ է ունենալ գլոբալ իրավիճակի ստույգ, վստահելի գնահատական եւ դրա վրա հիմնված ռազմավարություն. տարատեսակ ցուցադրական գործողությունները պետք է այդ ռազմավարությանը մաս կազմեն։

– Իլհամ Ալիեւն ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի չմեկնեց Մոսկվա։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Իլհամ Ալիեւը ներկայումս ոչ Մոսկվայի, ոչ էլ Վաշինգտոնի հետ որեւէ խնդիր չունի եւ, ամենայն հավանականությամբ, դառնալու է ԵՄ պետություններին ռուսական էներգակիրների կարեւոր միջնորդ/մատակարար։ Սա նշանակում է, որ անգամ Մոսկվայի շահերից չէր բխի Իլհամ Ալիեւի մասնակցությունը Կարմիր հրապարակի ռազմական շքերթին, քանի որ կարող էր բարդացնել Ադրբեջան-ԵՄ ռուսական շահերը սպասարկող համագործակցությունը։ Շքերթում Ալիեւին փոխարինեց ադրբեջանական ռազմական զորախումբը, որը խրոխտ քայլքով անցավ վարչապետ Փաշինյանի ներկայությամբ։

– ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ գուցե առաջիկայում խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով լավ նորություններ լինեն, մինչդեռ Ջեյհուն Բայրամովը նշել է, ՀՀ-ից «լեգիտիմ սպասումներ ունեն» ՀՀ Սահմանադրությունից «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառելու, ինչպես նաեւ Մինսկի խմբի լուծարման հետ»: Ի՞նչ եք կարծում՝ իրատեսակա՞ն է լավ նորության սպասելը։

– Եթե չեմ սխալվում, համանման լավատեսություն է արտահայտել նաեւ վերջերս Բաքու այցելած ամերիկյան բարձրաստիճան մի գործիչ, որը նաեւ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համատեքստում ԱՄՆ միջնորդական գործունեության կարեւոր դերակատար է։ Խոսքս Սթիվ Ուիթքոֆին է վերաբերվում։ Չեմ բացառում, որ վերջինս իր լավատեսությունն ինչ-որ կերպ փոխանցել է նաեւ ՀՀ արտգործնախարարին։

– Երեւան տեղափոխվելուց հետո Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023-ի սեպտեմբերի 26-ին ստորագրված՝ Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։ Ի՞նչ ուժ ունեն թե այս հրամանագիրը եւ թե 2023-ի սեպտեմբերին ստորագրվածը։

– Գտնում եմ, որ Արցախի Հանրապետության լուծարման վերաբերյալ հրամանագիրն ապօրինի է, բայց այդ ապօրինությունը ոչ թե մեկ այլ հրամանագրով պիտի չեղարկվեր, այլ նախաձեռնվեր իրավական գործընթաց եւ, անգամ, քրեական վարույթ՝ կատարվածը իրավական միջոցներով գնահատելու եւ համապատասխան պատիժ սահմանելու կամ արդարացման վճիռ կայացնելու նպատակով։ Առանց դրա նախագահ Շահրամանյանի գործողությունները մեկ անձի անպատիժ մնացած բացառիկ ինքնիրավչության ձեւն են ընդունել։

– Արցախցիները Ազատության հրապարակից վրանը հանեցին։ Նրանց հասցեին մեղադրանքներ հնչեցին ՀՀ կառավարության հետ գործարքի գնալու համար։ Ինչպե՞ս կգնահատեք։

– Վրան դնել-հանելու գործընթացի, պայմանավորվածությունների լինել-չլինելու վերաբերյալ տեղեկությունների չեմ տիրապետում։ Եթե իշխանությունները արցախցիների սոցիալական պահանջները բավարարելու վերաբերյալ խոստումներ են տվել, եւ կողմերը ինչ-ինչ համաձայնությունների են հանգել, ապա դա կարելի է գնահատել՝ որպես դրական արդյունք։ Եթե, այնուամենայինիվ, ոչ մի արդյունք չի գրանցվել, ու արցախցիները հանել են վրանն առանց իրենց նպատակին հասնելու, ապա կարելի է ենթադրել, որ նրանք հուսալքվել են ու չեն շարունակելու պայքարը, կամ էլ հրաժարվել են պայքարի վրանային ձեւից ու որոշել են այլ միջոցների դիմել։

– Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի նախաձեռնությունն արդյունք կտա՞։ ՔՊ-ականներն ասում են, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու հիմքեր չեն տեսնում։

– Հայաստանում իշխանափոխություն կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե գործող վարչախումբը զրկվի արտաքին աջակցությունից։ Եթե զրկվի արտաքին աջակցությունից, ապա կզրկվի նաեւ հայաստանյան ուժային կառույցների պաշտպանությունից եւ կփլուզվի։ Այդ ամենը կստանա ժողովրդական ցասումն արտացոլող փողոցային շարժման տեսք կամ էլ կստանա ներիշխանական հեղաշրջման ձեւ։ Չեմ կարծում, որ Փաշինյանի թիմն իշխանությունը կամավոր հանձնելուն ուղղված որեւէ նախաձեռնության աջակցի, եթե դրսից եկող ազդեցիկ հորդոր-ազդակներ նախապես չստանա։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.05.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031