Լրահոս
Օրվա լրահոսը

Սարիկ Մինասյանն ընդդեմ Արտյոմ Ղուկասյանի գործով նոր որոշումը

Մայիս 17,2025 12:30

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ Աղաքարյանի ապրիլի 4-ի որոշմամբ, վարույթ է ընդունվել Սարիկ Մինասյանի անունից վերջինիս ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արման Ներսիսյանի հայցադիմումն ընդդեմ Արտյոմ Ղուկասյանի: Հիշեցնենք, որ վիճարկվում են «Սարիկ Մինասյանը եղել է ՀՀԿ անդամ. կուսակցությունից հեռացվել է. Գյումրու ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար», «Սարիկ Մինասյան, դատարան ես ուզում դիմե՞լ, հանգիստ դիմիր, ողջ -առողջ է քեզանից դիմում ընդունած անձը». Գյումրու ՀՀԿ խորհրդի ղեկավար», «Պնդում ենք՝ Սարիկ Մինասյանը եղել է ՀՀԿ անդամ». ՀՀԿ-ն փաստաթղթեր է հրապարակում» հրապարակումներում առկա տեղեկությունները:

Հայցվորի ներկայացուցչի պնդմամբ, Մինասյանը չի հանդիսացել ՀՀԿ անդամ:

Երրորդ անձ է ճանաչվել ինքնուրույն պահանջ չներկայացնող «Առավոտ» օրաթերթ» ՍՊ ընկերությունը: Հայցվոր կողմը պահանջում է դատարանից, պարտավորեցնել Արտյոմ Ղուկասյանին, հերքել Ս. Մինասյանի վերաբերյալ www.aravot.am լրատվական կայքում այս տարվա մարտի 7-ին եւ 8-ին հրապարակված հոդվածներում նրա կողմից կատարված արտահայտություններում «զրպարտություն համարվող փաստացի տվյալները»:

Հայցվորը պահանջում է տեղադրել «հայտարարություն», որն ըստ էության հերքում է, որում նշել են անգամ վերնագիրը: Հերքման տեքստը պահանջում են տեղադրել ոչ միայն լրատվական կայքում, այլ տեսանելի նաեւ լինի «Առավոտի» ֆեյսբուքյան էջում եւ տելեգրամյան ալիքում: Մարտի 28-ին վերադարձվել էր հայցադիմումը, թույլ տված խախտումները վերացնելու համար, ապա այն կրկին ներկայացվել է դատարան, մարտի 31-ին մակագրվել է դատավոր Հ. Աղաքարյանին:

Մայիսի 5-ին դատարանը կայացրել է նախնական դատական նիստ նշանակելու մասին նոր որոշում:

Այն նշանակվել է հունիսի 3-ին, ժամը 15.30-ին դատարանի Գյումրի նստավայրում:

Ի դեպ, ապրիլի 4-ին դատարանը որոշում էր կայացրել ապացույցի ապահովման համար միջնորդությունը քննության առնել:

Միջնորդության մեջ մասնավորապես ասվել էր. «Նշված լրատվական հոդվածները տեղադրված են www.aravot.am լրատվական կայքում, եւ երրորդ անձ «Առավոտ օրաթերթ» ՍՊ ընկերության տիրապետության տակ են: Եվ իրենք մտավախություն ունեն, որ այդ հոդվածները կարող են փոփոխվել, կամ անհետանալ՝ պայմանավորված թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ հանգամանքներով», հայցվոր կողմը գտնում է, որ այդ հոդվածներն անհրաժեշտ է ապահովել, զննելով համակարգչի կիրառմամբ լրատվական կայք մուտք գործելու միջոցով: Առաջարկվել է դրանք զննել առանց դատական նիստ հրավիրելու եւ գործին մասնակցող անձանց ծանուցելու: Դատարանը գտել էր, որ հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը հիմնավոր է, այն բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 65 հոդվածի պահանջներից, ենթակա է բավարարման:

Դատարանից ստացված նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշմամբ տեղեկացանք, որ պատասխանողը հայցադիմումին պատասխան չի ներկայացրել: Մեր լրատվամիջոցը նույնպես հայցադիմումին պատասխան չի ներկայացրել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.05.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031