Երկու թե երեք տարի առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Կապանում էր՝ հանդիպեցի նրա հետ։ Լուսանկարվեցինք միասին, ու լուսանկարը տեղադրեցի ֆեյսբուքյան իմ էջում։ Մի քանի հոգի ինձ ջնջեցին իրենց ընկերների ցանկից, մի քանիսը նույնիսկ մեղադրեցին «դավաճանության» մեջ։ Փորձեցի հակադարձել՝ հիշեցնելով, որ ես ժամանակին աշխատել եմ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ, հաց եմ կիսել նրանց հետ, ընկերություն արել, իսկ ընկերությունը կապ չունի՝ ես ընդունում կամ չեմ ընդունում ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը։
Թերեւս այս նախապատմության պատճառով խմբագրիս այժմ նախապես տեղեկացրի, որ մասնակցելու եմ «Կրթվելը նորաձեւ է» շարժման Կապանում կայանալիք հանդիպմանը։ Պարզապես ցանկացա որպես լրագրող մասնակցել «կրթվելու ծրագրին» ու հոդված գրել։
Հայտագրում
Շարժման նախաձեռնողները նախապես հայտարարություն են տարածում՝ «Կրթվելը նորաձեւ է» հերթական հանդիպմանը մասնակցելու ցանկություն ունեցողներին առաջարկելով գրանցվել։ Պարզապես նշում ես անուն-ազգանուն, հեռախոսահամար ու մոտիվացիան, թե ինչու ես ցանկանում մասնակցել հանդիպմանը։
Կարդացեք նաև
Օրեր անց «Իմ քայլը» հիմնադրամից ստանում ես հաստատում, որտեղ նշվում է հանդիպման վայրը, ժամը ու ծանուցում, թե որ ժամին կարող ես մոտենալ տվյալ կենտրոնին. Պարտադիր՝ անձը հաստատող փաստաթղթով։
«Տեսանկարահանումը եւ ձայնագրումը միջոցառման ընթացքում չեն թույլատրվում։ Մուտքի ժամանակ հեռախոսները ժամանակավորապես կփոխանցվեն հատուկ պահոց եւ կվերադարձվեն միջոցառման ավարտից հետո»,-նշված է նամակում։
Մուտք
Կապանում հանդիպումը մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում էր։ Մուտք գործելուց ստուգում են տվյալներդ, եթե նախապես չես հայտագրվել, բայց ցանկություն ունես մասնակցելու՝ հոգ չէ։ Գրանցում են չհայտագրվածներին ու թույլատրում։
Ստուգվում ես մետաղորսիչներով, որից հետո հեռախոսդ հանձնում ես պատասխանատուներին։ Վերջիններս տեղադրում են ծրարի մեջ, կապարակնքում, տալիս կոդը, որն օգտագործում ես հեռախոսդ հետ վերցնելիս։
Նախասրահում՝ սուրճի հյուրասիրություն եւ նախատեսված ժամին, առանց ուշացման՝ սկսում է հանդիպումը։
«Ուրախ ենք գտնվելու տաք, քաղցր, գեղեցիկ այս քաղաքում»,-վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսպես ողջունեց կապանցիներին ու ներկայացրեց օրակարգը։ «Մնացել ենք 5-րդ դարում» բանախոսության հեղինակը Աննա Հակոբյանն է, իսկ «Իմանալ ինչպես» եւ «Իրական Հայաստան» թեմաների բանախոսը Նիկոլ Փաշինյանն է։
Իհարկե՝ գեղարվեստական ու ճաշի ընդմիջումներ, իսկ վերջում օրվա բանախոսները պատասխանում են քաղաքացիների հարցերին։
Ի դեպ, շարժման հանդիպումների սյունիքյան շարքը սկսեց Մեղրիից, հետո՝ Կապան ու Քաջարան, իսկ առաջիկա կիրակի կլինի Տաթեւում։ Արդեն հունիսին հանդիպումներ կլինեն Սիսիանում ու Գորիսում։
«Նորից սովորել նախկին սովորածը, սովորել նորը եւ փոխել կյանքի որակը, արդյունքում կլինենք ուժեղ, հպարտ»
Վարչապետի տիկնոջ խոսքով՝ «Կրթվելը նորաձեւ է» ձեւակերպումը միանշանակ չընդունվեց հանրության կողմից։ Շարժման կազմկոմիտեն նույնիսկ Հայկազյան բառարան է ուսումնասիրել, որտեղ նորաձեւ բառի հոմանիշները շատ էին՝ «նորահնար, նորակերպ, նորագյուտ, անսովոր, նոր ձեւով եւ այլն»։
«Կրթվելը նորաձեւ է՝ նշանակում է բոլորից ամեն ինչ սովորել»,-հայտարարեց Աննա Հակոբյանը։ «Մնացել ենք 5-րդ դարում» խորագրով բանախոսության ժամանակ նա մեջբերումներ ներկայացրեց Մովսես Խորենացու «Ողբից», Հովհաննես Թումանյանի «Դառնացած ժողովուրդ» հոդվածից, Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից, Հրանտ Մաթեւոսյանի, Վանո Սիրադեղյանի հոդվածներից ու զուգահեռներ անցկացնելով՝ նշեց, որ «5-րդ դարից մինչեւ օրս չենք փոխվել»։
Վարչապետի տիկինը 44-օրյա պատերազմից հետո «Ողբ»-ն է կարդացել ու ընկալել այլ կերպ, ոչ թե այնպես, ինչպես դպրոցում կամ բուհում են ներկայացրել։ Նրա խոսքով՝ պիտի սովորել, փոխվել ու փոխել։
Բազմաթիվ համեմատություններ, բազմազան փոխաբերություններ ներկայացնելով՝ Աննա Հակոբյանն անդրադարձավ Իսլանդիային, որտեղ գրագիտությունը 100 տոկոս է, մարդիկ գրքեր են կարդում ու սովորում, նաեւ աշխարհում երջանիկ համարվող պետություններից է։ «Իսլանդիան հիմնվել է 9-րդ դարում, պատերազմներ աղետներ է տեսել, իսկ մենք՝ հայերս մինչեւ այդ գիր ու գրականություն ենք ունեցել, քրիստոնեություն ընդունել»,-նշեց օրվա բանախոսը։
Ամփոփելով մոտ 35 րոպե տեւած բանախոսությունը՝ Աննա Հակոբյանը առաջարկեց «առերեսվենք ինքներս մեզ հետ ու ճանաչենք մեզ»։ «Նորից սովորել նախկին սովորածը, սովորել նորը եւ փոխել կյանքի որակը, արդյունքում կլինենք ուժեղ, հպարտ, ուղիղ՝ ողնաշարով, կգիտակցենք պետության արժեքը»,-այսպես ավարտեց խոսքը վարչապետի տիկինը։
Իսկ մինչ բեմը նախապատրաստում էին համերգային ծրագրի համար՝ Աննա Հակոբյանը հասցրեց ներկայացնել «Կրթվելը նորաձեւ է» շարժման ռազմավարական ուղղությունները։
Պիտի իմանալ ինչպես ու ինչից սկսել, որ հաջողության հասնես ու երջանիկ լինես
Գեղարվեստական մասից հետո բեմում Նիկոլ Փաշինյանն է՝ «Իմանալ ինչպես» բանախոսությամբ։ Խորագիրը, ըստ բանախոսի, կարելի է նաեւ փոխել ՝ «Իմացիր ինչպես», բայց ընտրված տարբերակն ավելի խոսուն է։
Ըստ երկրի վարչապետի՝ կրթությունն է լուծումը բոլոր այն խնդիրների, որոնք կյանքը կարող է դնել քո առաջ։ Ըստ այդմ՝ կրթությունն անհրաժեշտ է ոչ միայն հասարակությանը, այլ նաեւ կառավարությունն էլ պիտի կրթվի, իսկ բոլորս պիտի կարողանանք իրացնել մեր սովորածը։
Մեկ-երկու օրինակ հաջողված բիզնեսներից ներկայացնելով՝ Փաշինյանը նշեց, որ յուրաքանչյուր լավ գաղափար կարող է հաջողություն ունենալ։
Վարչապետը չբացառեց, որ մարդը կարող է ունենալ շատ հնարավորություն, բայց չնկատի իր շանսը։ Դրա համար էլ՝ պիտի իմանալ ինչպես ու ինչից սկսել, որ հաջողության հասնես ու երջանիկ լինես։ Իսկ դրա համար պիտի կարողանաս հարցեր տալ ինքդ քեզ։
«Դուխով հարցեր տուր ինքդ քեզ, եթե որեւէ բան չգիտես՝ սովորիր՝ ամոթ չի ։ Ուզում ես վերափոխել երկիրդ, աշխարհը, կյանքդ՝ ուրեմն սկսիր քեզնից։ Վերափոխվի՛ր»,-կապանցիներին առաջարկեց Փաշինյանը։
«Բարով եք եկել Տավուշ աշխարհ կամ Սյունյաց աշխարհ, բայց չեն ասում բարով եք եկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ կամ Տավուշի մարզ»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երկրորդ՝ «Իրական Հայաստան» բանախոսության ժամանակ մեկ անգամ եւս հիշեցնելով՝ Հայաստանի տարածքը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր է՝ սկսեց քննարկել հայրենիքի ու պետության հարաբերությունները, անդրադարձավ դրանց տարբերություններին։
Երկրի ղեկավարը առաջարկեց հիշել, թե խնջույքների ժամանակ թամադա-հանդիսավարները ինչպես են ողջունում ներկաներին։ «Բարով եք եկել Տավուշ աշխարհ կամ Սյունյաց աշխարհ, բայց չեն ասում բարով եք եկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ կամ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ։ Հենց սրա մեջ է խնդիրը, որ պիտի տարբերակենք»,-նշեց նա։
Փաշինյանն անդրադարձավ նաեւ Սահմանադրություն-իրավակարգեր հարաբերություններին՝ նշելով, որ երկրի Սահմանադրության նոր նախագիծը հանրաքվեի դնելուց հետո, այս անգամ՝ իրոք, Հայաստանի քաղաքացին, ժողովուրդն է քվեարկելու եւ կյանք է տալու իրավակարգերին։
«Ապագան այսօրն է, այսօր սկսիր լինել այնպիսին, ինչպիսին ուզում ես լինել ապագայում»,-հայտարարեց Փաշինյանը։
«Համամիտ չեմ, որ Հայաստանում երջանկության նախարարություն է անհրաժեշտ»
Չնայած սուրճի ընդմիջման ժամանակ քաղաքացիները հնարավորություն ունեին շփվելու վարչապետի ու նրա տիկնոջ հետ, տալ հետաքրքրող հարցերը, այնուամենայնիվ «Կրթվելը նորաձեւ է» բանախոսությունների շարքն ավարտվեց հարց ու պատասխանով։
Կապանցիները 5 հարցի հնարավորություն ունեին, հարցերն էլ պիտի ձեւակերպեին 3 րոպեում։
«Չեմ ուզում այսօր քաղաքական հարցերի պատասխանել, որովհետեւ ձեւաչափը լրիվ ուրիշ է»,-ասաց վարչապետը՝ ի պատասխան այն հարցի, թե էլ ի՞նչ պիտի անի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որպեսզի «իրավապահ մարմինները զբաղվեն նրանով»։ Վարչապետը միայն ասաց, որ Հայաստանի արդարադատությունը առաջնահերթ փոփոխման կարիք ունի։
Քաղաքացիներից մեկն առաջարկեց ստեղծել երջանկության նախարարություն, որը կզբաղվի Հայաստանի քաղաքացիներին երջանկացնելու գործընթացով։ «Երջանկությունից առաջ նախ պիտի խաղաղություն հաստատենք։ Նաեւ համամիտ չեմ, որ Հայաստանում երջանկության նախարարություն է անհրաժեշտ։ Հայաստանի կառավարությունը՝ հենց ինքը պիտի լինի երջանկության երաշխիքը»,-պատասխանեց վարչապետը։
Կրթական ծրագրի մասնակիցներից մեկն էլ առաջարկեց հաջորդ անգամ Փաշինյանը գա Կապան ու պատասխանի միայն քաղաքացիների հարցերին։ «Մենակ ես 5-ից ավելի հարց ունեմ, բայց հիմա այստեղ 5 հոգի կկարողանան մեկական հարց տալ»,-նշեց նա։
Փաշինյանը դեմ չէր նման ձեւաչափին։ «Բայց ինչքան էլ հարցեր տաք, պատասխանները լսեք, կարծում եմ՝ հարցերը չեն սպառվի։ Առաջարկում եմ խմբավորել խնդիրները, հարցերն ու այդպես գրավոր ներկայացնել, կքննարկենք»,-եզրափակեց վարչապետը։
Վերջաբանի փոխարեն
«Այս շարժման առաքելությունն է ինքնակրթվելու գաղափարը ներկայացնել որպես ժամանակակից, նորաձեւ, շարունակական եւ ներառական գործընթաց, որը պետք է հասանելի լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն՝ անկախ տարիքից, բնակության վայրից կամ սոցիալ-մշակութային միջավայրից»,-այս պարբերությունը նշվում է «Կրթվելը նորաձեւ է» շարժման բոլոր հրապարակումներում։
Չեմ կարող ասել՝ Կապանի մշակույթի կենտրոնի դահլիճում գտնվող 700 քաղաքացիներից քանիսը ինքնակրթվեցին, քանի՞սը փոխվեցին, բայց հաստատ ինչ-որ մի բան կարելի է «գողանալ» բանախոսություններից ու խորհել ու ինչու չէ՝ նաեւ յուրացնել։
Լուսանկարները «Իմ քայլը» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից
Արմեն ԴԱՎԹՅԱՆ