Լրահոս
Օրվա լրահոսը

«Ենթադրում եմ, որ ընդամենը կարելի է խոսել փոխհարաբերություններում որոշակի անհավասարության մասին»․ Ռոբերտ Ղևոնդյանը՝ Տիրանայում Փաշինյան-Ալիև զրույցի մասին

Մայիս 18,2025 18:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իրականում քաղաքականության մեջ անկարևոր կամ երկրորդական ոչինչ չկա՝ սկսած խորհրդանշական քայլերից, վերջացրած արտաքին ձևավորումը։ Բայց դրա վրա ուշադրություն կենտրոնացնելը հետևանք է նրա, որ էության մասին կարելի է ասել կա տեղեկատվության պակաս, չկան տեղեկություններ, թե ինչ են խոսել, ինչ  բառապաշարով են խոսել, որ համապատասխան վերլուծություն արվի տարբեր միջոցներով՝ այդ թվում բառամթերքի վերլուծության և այլն»,-Aravot.am-ի հարցին՝ ճի՞շտ է այն մոտեցումը, որ Տիրանայում Փաշինյան-Ալիև շփումների հետ կապված վերլուծությունները, մեկնաբանությունները վարքագծային մակարդակում են, այսպես պատասխանեց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

Հիշեցնենք՝ Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սուրճի սեղանի շուրջ զրուցել էին։

Մեր զրուցակիցը փաստեց՝ կան ընդամենը խոսակցությունների պատառիկներ, որոնց միջոցով փորձ է արվում վերլուծություն կատարել․ «Քանի որ տեղեկատվությունը հատվածային է, չկա ընդհանուր հստակ տեղեկություն, թե ինչ են խոսել, ինչպես են պատասխանել, դրա հիման վրա իրականացված վերլուծությունը ենթադրում է անճշտության շատ մեծ տոկոս։ Մենք չենք անդրադառնում շահարկումներին, որոնք կարող են լինել ցանկացած դաշտից՝ ըստ իրենց ձեռնտու մոտեցումների։ Եթե չեզոք վերլուծություն փորձենք կատարել, ապա ես ենթադրում եմ, որ ընդամենը կարելի է  խոսել փոխհարաբերություններում որոշակի անհավասարության մասին։ Անհավասարություն ոչ թե այն իմաստով, որ մեկը գերակշռում է, իսկ մյուսը ենթակա է, այլ անհավասարություն այն իմաստով, որ մեկը հաղթող է ու փորձում է ավելի հաղթողի դիրքերից հանդես գալ, մյուսը փորձում է այդ հնարավորությունը չտալ պարտվողին»։

Հարցին՝ հնարավո՞ր է այսպիսի հանդիպումները դիտարկել որպես երաշխիք, որը կարող է նպաստել էսկալացիայի վտանգի չեզոքացմանը կամ կարող է զսպող դերակատարություն ունենալ, Ռոբերտ Ղևոնդյանն այսպես պատասխանեց․ «Զսպող դառնալ կարող են, երաշխիք դառնալ չեն կարող։ Ժամանակակից աշխարհում երաշխիքներ չկան, բայց կարող են նման հանդիպումները ռիսկերը նվազեցնել։ ՀՀ վարչապետը հենց այդ նպատակով էլ փորձում է շփումներն ավելի հաճախակիացնել տարբեր հարթակներում, դրանց միջոցներով էլ ավելի նվազեցնել ռիսկերը»։

Մեր հարցին՝ իսկ զիջումների միջոցով ռիսկերի նվազեցո՞ւմն ինչպես կմեկնաբանեք, Ռոբերտ Ղևոնդյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ այլևս չկա այնպիսի  զիջում, որը ՀՀ-ն չի արել։ Էլ տեղ չունենք զիջում անելու»։ Մեր այն փաստմանը՝ Ադրբեջանը պահանջում է, որ ՀՀ-ն Սահմանադրությունից հանի Անկախության հռչակագիրը, փորձագետը պատասխանեց․ «Ես չունեմ փաստեր, որ ՀՀ իշխանությունները պատրաստվում են Սահմանադրության միջից Անկախության հռչակագիրը հանել։ Նույնիսկ, եթե իշխանությունները նման բան անեն, իրենք չեն իրավասու որոշում  կայացնելու։ ՀՀ ժողովուրդն է որոշում կայացնողը։ Այնպես որ, կարող է ՀՀ ժողովուրդը հարյուր տարի դեմ լինել Սահմանադրության փոփոխությանը։ Այնպես որ, այստեղ իշխանությունները զիջումներ անել չեն կարող։ Ինչ վերաբերում է մյուս հարցին՝ Մինսկի խմբի լուծարմանը, ապա դա զիջում չէ։ Իմ գնահատմամբ՝ դա ՀՀ-ի համար նույնիսկ ցանկալի է, եթե ոչ ընդունելի»։

Փաստեցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը «մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ և կարևորել խաղաղության համաձայնագրի ստորագրումը՝ ի նպաստ տարածաշրջանում կայունության և համագործակցության» և հետաքրքրվեցինք՝ սա կարելի՞ է որպես խաղաղության համաձայնագրի ստորագրման ազդակ համարել, Ռոբերտ Ղևոնդյանը պատասխանեց․ «Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ կան որոշակի ազդակներ։ Կանխատեսում եմ, որ  շուտով նաև այլ տեղերից հայտարարություններ կլինեն՝ առաջին հերթին նաև Մոսկվայից, և ենթադրում եմ, որ ինչ-որ կուլիսային գործընթացներ են տեղի ունենում ՀՀ-ին և Ադրբեջանին մոտեցնելու խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ ՀՀ-ին մոտեցնելու խնդիր չկա, ՀՀ-ն պատրաստ է, հավանաբար՝ Ադրբեջանին մոտեցնելու։ Գուցե Ադրբեջանի կողմից անընդհատ Սահմանադրության մասին հայտարարելու մոտեցումը ևս խուսափելու նպատակ ունի։ Այսինքն՝ իրենց համոզում կամ ստիպում են, գուցե ճնշում են, որ նրանք ստորագրեն, իսկ Ադրբեջանը չի ցանկանում և փորձում է սահմանադրական փոփոխությունների պահանջի միջոցով դիմակայել այդ ճնշմանը։ Կարելի է ենթադրել, որ գործընթաց է տեղի է ունենում։ Ադրբեջանը կստորագրի այն պահին, երբ դա գտնի շահավետ իր համար։ Նրանք հիմա չեն ստորագրում, քանի որ չեն տեսնում՝ դրանից ինչ շահ ունեն։ Գուցե իրենց վնաս չի տալիս, բայց օգուտ էլ փաստացի չի տալիս և փորձում են այսպես ասած՝ դավաճանել ՀՀ-ին, լրացուցիչ ինչ-որ բան դրա դիմաց ստանալ։ Ես չեմ տեսնում, թե ՀՀ-ն էլ լրացուցիչ ինչ կարող է տալ Ադրբեջանին։ Չկա այդպիսի մի բան, որ ՀՀ-ն կարող է տալ Ադրբեջանին, և Ադրբեջանից դրա դիմաց ստանա ստորագրում։ Բաց  միջազգային հանրությունը տեսնում է այն, որ ՀՀ-ն  փաստացի տվել է այն ամենը, ինչը չի հատում ՀՀ-ի ինքնիշխանության, պետականության սահմանը, և այդ առումով էլ հավանաբար ճնշումը Ադրբեջանի նկատմամբ ավելանում է։ Իսկ դա նշանակում է, որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է հայտարարել, որ պատրաստ է ստորագրել դա։ Դա կարող է լինել հունիսին, հուլիսին շատ արագ կարող է Ադրբեջանը հայտարարել, եթե  դրա դիմաց ինչ-որ բան ստանա։ Գուցե ՀՀ-ից չի ստանա, գուցե այլ կողմերից՝ նույն միջազգային հանրությունից կստանա, կարող է լինել տնտեսական ինչ-որ մի բան․ օրինակ՝ Ադրբեջանի հետ նոր պայմանագիր, կարող է լինել ենթակառուցվածքային ինչ-որ բան Եվրոպայի հետ, Չինաստանի հետ համաձայնություն և այլն։ Վճարողը կարող են լինել բազմաթիվ կողմեր, իսկ Ադրբեջանի  համար խոշոր հաշվով միևնույն կլինի․ եթե ինչ-որ բան ստանան՝ կստորագրեն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031