«Ես հիմնավոր կասկած ունեմ, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի ամենահարուստ մարդն է։ Ես իրենից մի 15 անգամ չգիտեմ որտեղ եմ, նույնիսկ, էն որ ասում են՝ «դաժե օբիդնո»։ Թող ուրիշ բան ապացուցեն, թող ցույց տան, թե ինչ են անում։ Եվ այս ամենը բացահայտվելու է մեկ տարի հետո»,- մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշել է, որ ժողովրդի կյանքը չի լավացել 7 տարիների ընթացքում, հակառակը, վատացել է։ Հետեւաբար, Նիկոլ Փաշինյանը պիտի ընդունի, որ համար մեկ թալանչին ինքն է դարձել։ «Նիկոլ Փաշինյանը լրիվ նոր խոսք է ասել կոռուպցիայի գործով։ Սա ֆենոմենալ է, ես իրեն համարում եմ կոռուպցիայի Էյնշտեյն։ Օրինակ՝ ԱՆԻՖ-ի ծրագիրը՝ ստեղծել հիմնադրամ, լցնել այդ հիմնադրամը 65 մլն դոլարով, հետո ստեղծել օֆիս, ընկեր, հարազատ, խնամի, ընտանիքի անդամներ տեղավորել այդ օֆիսում։ Երկու ամսից այդ փողն անհետացել է, էս մարդը Դեւիդ Կոպերֆիլդն է։ Սա նոր խոսք է կոռուպցիոն մտքի մեջ։ Սրանց ճակատներին պետք է տատու անել՝ կոռուպցիոն հանճարներ»,- ասել է Քոչարյանը։
Նա հարցադրում է արել՝ 65 մլն դոլար կարո՞ղ է ուղղակի ցնդել, եւ առաջին դեմքը դրա հետ առնչություն չունենա։
Կարդացեք նաև
Անդրադառնալով ապօրինի գույքի բռնագանձման գործին՝ Քոչարյանն ասել է․ «Մենք չենք վստահում այս դատական համակարգին, դատախազությունը լրիվ գործիք է դարձել այս իշխանությանը։ Եվ երբ դատավարության շրջանակներում գա ժամանակը, մենք ամբողջ հիմնավորումները ներկայացնելու ենք։ Արդեն պարզվեց՝ Քաջարանն ում է պատկանում, «Սպայկայի» հետ ընդհանրապես կապ չունենք, 5 բանկն ու «Զվարթնոցն» իմը չեն»։
Իշխանության ներկայացուցիչների հարցադրումներին, թե որտեղի՞ց իրեն այդքան ունեցվածք, Քոչարյանը պատասխանել է․ «Ինձ շատ դուր եկավ այս հարցը։ Ինձ մոտ հարց է առաջանում՝ հիմա հայտնվել են նորաթուխ օլիգարխներ, որոնք երկու տարում հանկարծ դարձել են 50-100 մլն դոլարանոց պրոյեկտներ իրականացնող։ Դուք հավատում եք, որ դա իրենց փո՞ղն է, իրենք դեկորացիան են։ Հիմա, եթե ինձ դրա մեջ են մեղադրում, ուրեմն երկու տարում Հայաստանում կարող է 100 մլն դոլարանոց ծրագիր իրականացնող նորաթուխ օլիգարխ առաջանա, իսկ նախագահի ընտանիքը՝ շնորհքով ու կիրթ զավակներ ունենալով, դա չի կարող ունենա՞լ։ Իմ անունն այստեղ դերակատարություն ունեցե՞լ է, թե՞ ոչ։ Ենթադրում եմ՝ ունեցել է այն առումով, որ վստահություն կա, որ այս ընտանիքը «քցող» չի։ Այն, ինչ ունեցել-չենք ունեցել, դրա հիմնական մասը իմ նախագահությունից հետո է եղել։ Այդ աշխատած փողի փաստաթղթավորված ամբողջ ապացույցներն ունեմ։ Մարդկանց թվում է, որ միայն գողանալով կարող ես հարստանալ, եւ դրա համար այս վիճակում ենք հայտնվել»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ