Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե անկեղծ են ու իսկապես ուզում են Նիկոլ Փաշինյանին հեռացնել, թող գան ու հնարավորություն տանք, որ լինի ճիշտ ընտրություններ. ՔՊ-ից հեռացված պատգամավոր

Մայիս 19,2025 14:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Ազգային ժողովում մեկնարկում է գործող վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց: Այսօր ԱԺ-ում նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի աշխատասենյակից ուղիղ եթերով այս պնդումն արեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, Հակոբ Ասլանյանի եւ կրկին նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը:

«Կա նախագիծ, այն հիմա կստորագրեն պարոն Աղազարյանն ու պարոն Ասլանյանը, մնացած բոլոր 36 պատգամավորները՝ «Պատիվ ունեմ»-ի պատգամավորները հայտարարել են, որ առանց նախապայմանների կմիանան, եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորները, որոնք հայտարարել են, որ եթե լինի 8 ստորագրություն, իրենք նույնպես կմիանան: Գործընթացն արդեն պարզ է: Շատ կարճ հիմնավորում ենք գրել, որ հակառակ կողմը չպատրաստվի: Այստեղ գրված է, որ կառավարության ղեկավարը շեղվել է կառավարության ծրագրից, էականորեն շեղումներ է թույլ տվել, հետեւաբար, ենթակա է անվստահության հայտնման»,- ասաց Մարուքյանը:

Պատգամավոր Հակոբ Ասլանյանի խոսքով՝ Հայաստանի նոր պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ ամբողջությամբ օրենքի տառին համապատասխան նախաձեռնում են մի գործ, որը ամբողջությամբ ծառայելու է մեր պետության եւ պետականության նորովի զարգացումներին: Նա հիշեցրեց, որ ՔՊ-ից հեռանալուց հետո, երբ ինքն ու Աղազարյանը կուսակցություն հիմնեցին, հայտարարեցին, որ համագործակցելու են բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք դուրս են Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան առանցքից. «Պետք է անենք ամեն ինչ, որ նոր ընտրություններում Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ: Այս ֆոնի վրա, երբ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը ձեռնարկեցին այս գործընթացը, բնական է, որ իրենց հետ չէինք գնա, քանի որ հայտարարել են, որ թեկնածու չունեն: Բացի այդ, երբ եղավ հայտարարություն, որ «Պատիվ ունեմ»-ը ու «Հայաստան» դաշինքը առանց նախապայմանների կմասնակցեն իմպիչմենտին, մենք ձեռնարկեցինք սա: Հիմա, ինչպես ասում են, գնդակն իրենց դաշտում է: Եթե անկեղծ են ու իսկապես ուզում են Նիկոլ Փաշինյանին հեռացնել, թող գան ու հնարավորություն տանք, որ լինի ճիշտ ընտրություններ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031