Լրահոս
Օրվա լրահոսը

Ավինյան. Ապօրինի շինարարությունը մեր քաղաքում ընդունելի չէ և չի կարող լինել

Մայիս 19,2025 15:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլ ամսվա ընթացքում ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերով ընդհանուր առմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 81 արձանագրություն: Անդրադառնալով ապօրինի շինարարության դեմ պայքարին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ որևէ տեսակի ապօրինի շինարարություն Երևանում ընդունելի չէ:

«Այս վերահսկողական մեխանիզմները, այս պայքարը, այս արձանագրումները, քանդումները, որոնք իրականացվում են, վստահորեն, մեր մշակույթում և վարվելակերպում պետք է փոփոխությունների բերեն: Մենք պետք է ընկալենք, որ առհասարակ որևէ տեսակի ապօրինի շինարարությունը մեր քաղաքում ընդունելի չէ և չի կարող լինել: Ապօրինի շինարարության դեմ Երևանի քաղաքապետարանը պայքարելու է ամենակոշտ մեթոդներով, և Երևանի քաղաքապետարանը անհոգնել քանդելու է հնարավոր, նոր առաջացող ապօրինի շենքեր, շինություններ, հարկեր, կցակառույցներ, առաջ տված պատշգամբներ»,- ընդգծել է քաղաքապետը:

Մոտեցումը հստակ է նաև շինհրապարակները ձևավորելու խնդրում. քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ, անկախ վերահսկողական մեխանիզմներից ու վարչարարության կիրառումից, ցանկացած կառուցապատող պետք է պատասխանատվություն ունենա իր քաղաքի ու բնակիչների հանդեպ:

«Սիրելի կառուցապատողներ, փոշեկլանիչ ցանցերն ուղղակի ծախս չեն ձեզ համար, դա  Երևանում մարդկանց առողջության խնդիրն է: Ցանկացած կառուցապատող պարտավոր է շինարարությունն իրականացնելիս համապատասխան ձևավորել իր շինհրապարակը: Սա պատասխանատվություն է իրեն շրջապատող մարդկանց նկատմամբ, սա պատասխանատվություն է իրենց հարևանությամբ շենքերում ապրող երեխաների նկատմամբ: Եվ ամեն մի կառուցապատող, երբ այս քայլերը չի իրականացնում, թող հասկանա և պատկերացնի, որ ինքն իր չափով թունավորում է տվյալ միջավայրը: Երևանի քաղաքապետարանը շարունակելու է այս վարչարարությունն իրականացնել և ԱԺ գործընկերներին առաջարկել է էականորեն բարձրացնել տուգանքների չափերը նմանատիպ վարվելակերպի համար»,- շեշտել է Տիգրան Ավինյանը:

«Երևանի ավտոբուս» ընկերության աշխատակազմը համալրվել է հրահանգիչով և վարորդ-հրահանգիչով, որոնց հիմնական գործառույթը լինելու է վարորդների հետ դասընթացների անցկացումը գործնական և տեսական մակարդակում։ Գործընթացը կրելու է շարունակական բնույթ ինչպես նոր ընդունվող վարորդների, այնպես էլ արդեն աշխատող վարորդների համար։

Նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների քանակը տրոլեյբուսներում եղել է 87 հազար 282, մետրոպոլիտենում՝ 524 հազար 433, ավտոբուսներում՝ 1 մլն 835 հազար 5626: Դրական տարբերությունը՝ 133 հազար 895:
Անդրադառնալով հանրային տրանսպորտի ոլորտում մոտ 2.3 մլրդ թերհավաքագրմանը՝  քաղաքապետը նաև նկատել է, որ մարդկանց 75-80 %-ը պարտաճանաչ կերպով վճարում է:

«Երևանցիները հիմնականում վճարում են նույնիսկ առանց տույժի, տուգանքի, ուղղակի իրավագիտակցությունն նրանց թույլ չի տալիս չվճարել և այդ բոյկոտին միանալ, և ես շատ շնորհակալ եմ մարդկանց՝ իրապես հասկանալու համար, թե Երևանի քաղաքապետարանն ինչ է անում: Երևանում «գազել» չկա, կան բարձրակարգ ավտոբուսներ, որոնք երթևեկում են ամբողջ քաղաքով և համապատասխան սպասարկման համար կա համապատասխան վճար, որ մոտավորապես 10-11 տարի առաջ Երևանի քաղաքապետարանն ուզում էր ներդնել նախկին «գազելների» համար։ Եթե չենք ուզում, որ տրանսպորտի որակը փոխվի, այո, կարող ենք այդպես մաշեցնել մինչև վերջ, որևէ բան չվերանայել, ու, այո, կունենանք այն, ինչ ունեցել ենք մոտ 30 տարի»,- նշել է քաղաքապետը։

Մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման և տեղադրման գործընթացը շարունակվում է, և հուլիսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի կունենա արձանի բացման հանդիսավոր արարողությունը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031