Մայիսի 19-ին նշվում է 20-րդ դարի սկզբին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, երբ տարբեր տվյալներով՝ իր բնօրրանում ցեղասպանվել է մինչեւ 1,2 մլն. հույն:
Հայաստանում հունական համայնքի ներկայացուցիչները, Հանրապետական կուսակցության երիտասարդները Հայաստանում Հունաստանի փոխդեսպան, հյուպատոս Էմանուիլ Ասիմակոպուլոսի մասնակցությամբ այսօր այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Ցեղասպանության հուշահամալիր եւ թանգարան՝ հարգանքի տուրք մատուցելու 1916-1923 թվականներին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հավերժական կրակի մոտ հոգեւորականները աղոթք բարձրացրին առ Աստված:
Կարդացեք նաև
Իսկ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ասաց. «Մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրն է: Պոնտոսի հույների ցեղասպանությունը օսմանյան եւ քեմալական Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության ամբողջության մի մասն է: Այն առանձին ցեղասպանություն չէր, ինչպես առանձին չէր հայերինը եւ ասորիներինը: Թուրքերը, սկզբում՝ սուլթանական, այնուհետեւ՝ երիտթուրքերը, իսկ արդեն 2019 թվականից հետո՝ քեմալականները, ծրագրել էին եւ իրականացնում էին Օսմանյան Թուրքիայում բնիկ քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանություն: Եվ այն, որ Պոնտոսի եւ էգեյան հույների, փոքրասիական հույների ցեղասպանությունը հայոց ցեղասպանության տրամաբանական շարունակությունն էր, փաստում է հենց ոճրագործը՝ Էնվեր փաշան, որը 1915 թվականին նշել է, որ ինքը հույների խնդիրը կլուծի այն նույն ձեւով, ինչպես լուծեց հայերի խնդիրը՝ ցեղասպանելով եւ բռնի տեղահանելով:
Դժբախտաբար, 21-րդ դարում մենք ականատես ենք լինում Թուրքիայի եւ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության: Դրա վառ ապացույցն է Արցախում բնիկ հայ ազգի, ժողովրդի էթնիկ զտումը, բռնի տեղահանումը: Սա ոչ այլ ինչ է, քան օսմանաթուրքական, պանթուրքիստական, քեմալիստական, հակաքրիստոնեական ցեղասպան քաղաքականության տրամաբանական շարունակություն:
Ես որպես հույն եւ հայ ժողովուրդների զավակ, ինչպես ապրիլի 24-ին, այնպես էլ մայիսի 19-ին ոգեկոչում եմ ոչ միայն մեր նահատակների հիշատակը, այլեւ գալիս եմ այստեղ՝ արձանագրելու, որ ցեղասպանությունից հետո, խաչելությունից հետո վերածնունդ է լինում, հարություն է լինում: Եվ հարություն լինելու է. եւ Պոնտոսի հարություն եւ Արցախի հարություն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ